
Վերաքննիչը մերժեց «Կյանքի խոսքի» բողոքը
Քիչ առաջ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության բողոքն ընդդեմ «Իրավունք» թերթի օգտին կայացրած ընդհանուր իրավասության դատարանի վճռի: Վերաքննիչը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողեց անփոփոխ և որոշեց «Կյանքի խոսքից» և Արթուր Սիմոնյանից համապարտության կարգով հօգուտ «Իրավունքի» բռնագանձել 100 հազարական դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Հիշեցնենք, որ «Կյանքի խոսքի»-ը վիրավորական և զրպարտություն էր համարում թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված կնոջ ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը (նաև` ծաղրանք): «Կյանքի խոսքը» հասցված վիրավորանքի համար պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը: Կազմակերպությունը պահանջում էր հոգուտ «Կյանքի խոսքի» բռնագանձել պետական տուրքի գումարները' 8 հազար դրամ, ինչպես նաև թարգմանչական և նոտարական ծախսերը' 15 հազար դրամ:
Մեկնաբանել