Հայ-իրաքյան խորհրդարանական համագործակցությունը կակտիվացվի
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի եւ Իրաքի խորհրդարանի առաջին փոխնախագահ Քուսեյ ալ Սիհաիլիի` այսօր Բաղդադում կայացած հանդիպմանը քնննարկվեցին խորհրդարանական կապերի ակտիվացման, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության հարցեր:
Ա. Գեւորգյանը իրաքյան կողմին փոխանցեց Հայաստանի ԱԺ նախագահի բարեմաղթանքները: Փոխվարչապետը նշեց երկու երկրների խորհրդարանների միջեւ ավանդական բարեկամական կապերի մասին` բարձր գնահատելով հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում խորհրդարանական համագործակցության դերը:
Քուսեյ ալ Սիհաիլին իր հերթին նշեց հարաբերությունները զարգացնելու իրաքյան կողմի շահագրգռվածությունը` տեղեկացնելով, որ առաջիկայում կձեւավորվի իրաքա-հայկական խորհրդարանական բարեկամության խումբը, որն իր գործունեությամբ կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը: Նա ավելացրեց, որ ոչինչ չի խանգարում բարեկամ հայ ժողովրդի հետ կապերը խորացնելուն:
Խորհրդարանի փոխնախագահը նաեւ ջերմությամբ խոսեց իրաքահայ համայնքի մասին` նկատելով, որ երկրում ամենուր նկատելի է հայերի հետքը: Նա նշեց հայ համայնքի դրական դերը երկրի մի շարք ոլորտների զարգացման գործում` ընդգծելով, որ Իրաքի ժողովուրդը բարձր է գնահատում հայերի հետ ունեցած դարավոր բարեկամությունը:
Երկուստեք համոզմունք հայտնվեց նաեւ, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր օղակ կարող է հանդիսանալ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար: Կողմերը մտքեր փոխանակեցին Իրաքի կողմից իրականացվող քաղաքականության վերաբերյալ:
Այսօր Բաղդադում տեղի ունեցավ նաեւ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում համաձայնեցված փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ԻՀ փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսն ստորագրեցին նիստի արձանագրությունը, երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվեց նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Իրաքի Հանրապետության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը:
Բաղդադից փոխվարչապետը մեկնեց Սուլեյմանիա, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Իրաքի Հանրապետության նախագահ Ջալալ Թալաբանիի հետ:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել