Հավանություն է տրվել զբաղվածության ռազմավարությանը
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ զբաղվածության 2013-2018 թթ. ռազմավարությանը, որը մշակվել է ոլորտի համակարգված ու նպատակային բարեփոխման արդյունավետ իրականացման նպատակով։ Զբաղվածությունը սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է, որը երաշխավորում է արժանապատիվ աշխատանքի միջազգայնորեն ընդունված չափանիշները, սահմանում աշխատաշուկայի անմրցունակ խմբերը, ապահովում արդյունավետ ինտեգրումը, որը երկրի սոցիալական լարվածության թուլացման հիմնական պայմաններից է։
Ռազմավարությունը համահունչ է Եվրամիության սկզբունքներին, ինչպես նաև արտացոլում է ՀՀ մարզերի զբաղվածության քաղաքականության գերակայությունը։
Գործադիրը ՀՀ 2012 թ. պետբյուջեում, իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն, համագործակցելով ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետ, նախատեսվում է Հայաստանում մշակել և ներդնել սեզոնային գրիպի համաճարակաբանական հսկողության ցանկ, հզորացնել լաբորատոր ախտորոշման, դեպքերի արագ և ժամանակին հայտնաբերման և հսկողության կարողությունները։
Կառավարության որոշմամբ Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը վերանվանվել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամ, ինչի շնորհիվ կընդլայնվեն դրա խնդիրներն ու գործառույթները, որոնք ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մի մասն են։ Այսպիսով, կառավարությունն իրագործում է հատուկ պետական աջակցության ծրագիր` կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը տնտեսության զարգացման և հատկապես զբաղվածության ապահովման բնագավառում։
Իր երկու որոշմամբ կառավարությունը փոփոխել և լրացրել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կանոնադրությունը, նոր խմբագրությամբ շարադրել Գորիսի պետական համալսարանի ստեղծման որոշումը, ինչի շնորհիվ ավելի արդյունավետ կդառնա կրթօջախներին վերապահված ձեռնարկատիրական գործունեությունը, կբարձրանան կրթության որակը և աշխատակիցների կենսամակարդակը։
Կառավարության նիստում ընդունված ևս երկու որոշման կիրարկումը կապահովի Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Արարատի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի համայնքներում կառուցված գազատարների շահագործումը և այդ գազատարներով սպառողներին անխափան գազամատակարարման իրականացումը, «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի ավելացումը, ինչպես նաև Տավուշի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերի համայնքներում կառուցված խմելու ջրագծերի և ոռոգման համակարգերի շահագործումը և այդ համակարգերով սպառողներին անխափան ջրամատակարարման իրականացումը, «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրով «Աջակցություն պտղի և ընկուզենու արտադրության» բաղադրիչի ներքո ստեղծված «Հայկական միրգ» ԲԲԸ կանոնավոր գործունեության կազմակերպումը։
Գործադիրը որոշել է Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի N3 և Երևան քաղաքի Աճառյան N 20/3 հասցեների հանրակացարաններում բնակվող ՀՀ քաղաքացիներին նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել