
Առաջին մեծահարուստը Սամվել Ալեքսանյանի կինն է, հետո՝ Ծառուկյանինը
ԱԺ պատգամավորների գույքի ու եկամուտներին, նրանց դրամական միջոցներին արդեն անդրադարձել ենք, այժմ հերթը նրանց կանանցն է: Նշենք, որ նրանց գույքի ու եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրությունից «անակնկալի» չեկանք. հարուստ պատգամավորների կանայք նույնպես հարուստ են: Ներկայացված թվերը պաշտոնական են եւ կասկածից վեր է, որ նրանք իրենց ունեցվածքն ամբողջությամբ չեն հայտարարագրել, այնուամենայնիվ, ներկայացված գումարի չափերն արդեն խոսում են, թե ինչ կարողության հետ գործ ունեն պաշտոնյաների կանայք:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը, 2011 թ. ունեցել է 300 միլիոն դրամ (տարեսկզբին եղել է 315 մլն), ինչպես նաեւ 2 մլն 900 հազար դոլար (տարեսկզբին՝ 3 մլն 20 հազար):
Ջուլիետա Աբրահամյանը նշված տարում ստացել է 45 մլն դրամի եկամուտ, որը ստացել է գյուղմթերքների վաճառքից:
ԱԺ նախագահի խնամի Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը, նույնպես հարուստների ցանկում է: Թեեւ նրա ամուսինը ԱԺ-ում ամենահարուստն է, սակայն Ջ. Ծառուկյանի եկամուտները փոքր ինչ պակաս են:
2011 թ. նա ունեցել է 11 մլրդ 850 մլն 562 հազար 800 դրամի եկամուտ, որից 562 հազար 800 դրամը ստացած աշխատավարձն է, իսկ 11 մլրդ 850 մլն դրամը նրան է տրամադրել Գագիկ Ծառուկյանը:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Ջ. Ծառուկյանը տարեսկզբին ունեցել է 8 մլն 900 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 21 մլն 700 հազար: Պատգամավորի կինը նշված տարում նաեւ բաժնեմաս է ձեռք բերել, որի արժեքը հարկային տարվա վերջին կազմել է 19 մլրդ 516 մլն 684 հազար 30 դրամ:
Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, պատգամավորների կանանց մեջ ամենաունեւորն է: Նա ունի 4 մլրդ 83 մլն 567 հազար դրամի հանձնված կամ վերադարձված փոխառություն:
Նրա դրամական միջոցները տարեսկզբին եղել են 11 մլրդ 823 մլն 457 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 11 մլրդ 903 մլն 450 հազար դրամ, ինչպես նաեւ 8 մլն դոլար:
Շողերինա Մկրտչյանը 2011-ին ստացել է 154 մլն 570 հազար դրամի եկամուտ:
Հակոբ Հակոբյանի (Պիվի Հակոբ) կինը՝ Հասմիկ Հակոբյանը, ունի 406 մլն 865 հազար 460 դրամի հանձնված կամ վերադարձված փոխառություններ: Նրա տարեկան եկամուտը կազմում է 5 մլն 490 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից եւ վարձավճարից ստացած գումարից:
Հասմիկ Հակոբյանը 2011 թ. սկզբին իր հաշվին ունեցել է 1 մլրդ 950 մլն դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլրդ 620 մլն 204 հազար 540 դրամ:
ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի կինը՝ Գայանե Մկրտչյանը, 2011-ին ունեցել է 65 մլն 924 հազար 352 դրամի եկամուտ, որը ստացել է շահաբաժնից: Գ. Մկրտչյանն իր հաշվին ունեցել է 500 մլն դրամ եւ 300 հազար դոլար:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել