
Ելակետային տվյալներ հավաքելու համար քննչական խմբից 1 տարուց ավելի ժամանակ է պահանջվել
Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչները (փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը) երկրորդ անգամ են Էդմոնդ Խուդյանին տուժող ճանաչելու հարցը ներկայացնում վերաքննիչ դատարան, քանի որ արդեն 1,5 տարի է, ինչ շարունակաբար ձգվում է Խուդյանին պատկանող ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված գործի նախաքննությունը:
Նիստին ներկա էր նաև գործով դատախազը՝ Լեռնիկ Հովհաննիսյանը: Հրավիրված էր նաև ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը, որպեսզի դատարանին պարզաբանումներ տար, թե ինչի համար է այս գործի նախաքննությունն այսքան ձգվում, սակայն նա չէր ներկայացել դատարան առողջական խնդիրների պատճառով:
Դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը դատարանին պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու մինչ օրս այս գործով մեղադրյալներ չկան, ոչ էլ կասկածյալներ կան: Դատախազի մեկնաբանությամբ՝ հավաքվում էին ելակետային տվյալներ դատաֆինանսական, դատահաշվապահական, դատաշինարարական փորձաքննություն իրականացնելու համար: Այժմ այդ փորձաքննություններն արդեն սկսվել են իրականացվել, սակայն հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի դրանք իրականացնելու համար, եթե միայն ելակետային տվյալներ հավաքելն է այսքան ձգվել:
Փաստաբանների խոսքով՝ իրենք ցանկանում են, որպեսզի դատարանը Էդմոնդ Խուդյանին որպես տուժող ճանաչի, որպեսզի իրենք կարողանան ավելի շատ իրավունքներ ունենալ՝ միջամտելու նախաքննությանը և արագացնելու հանցագործության բացահայտումը:
Դատարանի որոշմամբ մերժվեց Խուդյանի փաստաբանների այս բողոքը ևս: Նրանք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել