
Արմեն Դարբինյանը պահանջում է 4 միլիոն դրամ
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արմեն Դարբինյանի՝ պատվի և արժանապատվության պաշտպանության և վնասի հատուցման պահանջի մասին նախնական դատական նիստը՝ ընդդեմ «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ի, որի պարբերականն է «www.n-idea.am» կայքը:
Հայցվորը վիճարկում է 2012 թ. օգոստոսի 16-ին նշյալ կայքէջում հրապարակված «Արմենչիկ Դարբինյանը վճարել չի սիրում. ինչո՞ւ պիտի սիրի որ, եթե պաշտպանվում է հայկական պետության կողմից» վերտառությամբ հոդվածը:
Նախկին վարչապետ Դարբինյանը որպես վիրավորանք է դիտում «ցռան», «խղճուկ ցռան», «ոչնչություն», «արմենչիկակերպ ուռոդներ» ձեւակերպումները, իսկ որպես զրպարտություն՝ «պետությունը նրան թույլ է տվել ապրել իրավական դաշտից դուրս», «պետությունն Արմենչիկ Դարբինյանին թույլ է տալիս անպատիժ մտնել Հայաստանի հասարակ քաղաքացիների գրպանը, նրանց նյութական վնաս հասցնել», «այդ փառահեղ վարչապետն ամբողջ կյանքում սնվել է գողացած մսով ու մսամթերքով», «Արմենչիկ Դարբինյանին (վարչապետ եղած ժամանակ) իր մոտ է կանչել այն ժամանակվա ֆինանսների նախարար Սանդոյանի հետ, հայհոյել ամենահետին խոսքերով և ծեծելով համարյա թե մահվան դուռը հասցրել» արտահայտությունները:
Հայցվորը պահանջում է պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել իրենից, բացի այդ՝ պատասխանողից բռնագանձել 1 միլիոն դրամ վրավորանքի համար, 2 միլիոն՝ զրպարտության, եւս 1 միլիոն՝ փաստաբանական ծախսերի համար, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 84 հազար դրամ:
Պատասխանողն ամբողջությամբ առարկում է հայցադիմումին՝ հոդվածում գրածը դիտարկելով իբրեւ գնահատողական դատողություն:
Այսպիսով, գործընթացը մտավ դատաքննության փուլ:
Մեկնաբանել