
Բաց նամակ. վճարում ենք համապատասխան կառույցների անգործության համար
«Հետքի» հարգելի խմբագրություն: Ձեզ են դիմում ք. Երևան, Էրեբունի համայնք, Ազատամարտիկների փողոց, թիվ 89 շենքի բնակիչները, ովքեր 07.11.2012 թ. դիմում են գրել Երևանի քաղաքապետին, Էրեբունի համայնքի ղեկավարին և Արեշ համատիրության նախագահին՝ ահազանգելով մեր շենքի անմխիթար վիճակի մասին: Դիմումն ուղարկել ենք պատվիրված նամակի տարբերակով, որը հասցեատերերին կհասնի 08.11.2012թ.-ին:
Անկեղծ ասած՝ հույս չունենք, որ նշված կառույցների ղեկավարները որևէ քայլ կձեռնարկեն մեր շենքի խնդիրների լուծման համար, ուստի և որոշեցինք դիմել ձեզ, որպեսզի այս դիմումը ներկայացնեք ձեր լրատվամիջոցում՝ հույս փայփայելով, որ այս քայլը կօգնի վերոնշյալ անձանց կատարել իրենց իսկ պարտականությունները:
Էրեբունի համայնքի «ԱՐԵՇ» համատիրության նախագահ Ա. Խաչատրյանին
Էրեբունի համայնքի ղեկավար Ա. Հարությունյանին
Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին
Դ Ի Մ ՈՒ Մ
Հարգելի համատիրության նախագահ, թաղապետ և քաղաքապետ,
ձեզ են դիմում Էրեբունի համայնք, Ազատամարտիկների փողոց, թիվ 89 շենքի բնակիչները՝ ահազանգելով վերոնշյալ հասցեում գտնվող շենքի շքամուտքերի և վերելակի նախամուտքի անմխիթար վիճակի մասին: Առաջին հարկի շքամուտքն ամբողջությամբ գտնվում է վթարային վիճակում, բոլոր հարկերի շքամուտքերի պատուհաններից մնացել են միայն կիսակոտրված և կիսափտած փայտի կտորներ, վերելակի երկուկողմում առկա են հսկայական անցքեր (որը, կարծում ենք, կարող եք պատկերացնել՝ ինչ վտանգ է իր մեջ պարունակում շենքի և՛մեծահասակների, և՛ հատկապես երեխաների համար), որոնք երբեմն ծառայում են որպես հանրային արտաքնոց:
Չմոռանանք նշել նաև, որ աղբանոցը ևս գտնվում է անտարբերության մատնված վիճակում, ինչի արդյունքում մեր մշտական «հարևաններն» են առնետները, մի քանի օրվա մոռացված աղբակույտերը և դրանց ուղեկցող սոսկալի գարշահոտը և, իհարկե, այդ ամենը հետևանք է շենքի աղբահանությամբ զբաղվող կազմակերպության անբարեխիղճ աշխատանքի, որը բարեխղճորեն և պատշաճ ժամկետներում կատարում է միայն աղբահանության վճարների հավաքագրումը:
Հարկ ենք համարում ավելացնել, որ համատիրության վճարների հավաքագրումը ևս կատարվում է ժամանակին, սակայն համատիրությունը դեռևս աչքի է ընկնում միայն իր անտարբերությամբ: Պետք է նաև նշել, որ անմխիթար վիճակում է գտնվում նաև վերելակը, որը սպասարկող «ԵՎՐՈՎԵՐԵԼԱԿ» ՍՊԸ-ն ոչինչ չի ձեռնարկում այն վերանորոգելու և բարեկարգելու համար: Արդյունքում ստացվում է, որ յուրաքանչյուր ամիս բնակիչներն ինչ-որ պարտավորություններ են կատարում ոչ մի բանի, ավելի կոնկրետ՝ համապատասխան կառույցների անգործության համար:
Հարգելի պարոն քաղաքապետ, մեր հարցն ուղղում ենք Ձեզ. ինչո՞ւ այն համայնքը, որը հիմք է հանդիսացել ներկայիս Երևան քաղաքի կառուցման համար, այժմ գտնվում է բարձիթողի վիճակում՝ ի տարբերություն երևանյան այլ համայքների, մասնավորապես՝ Ավան, ՆորՆորք, Դավիթաշեն և Մալաթիա համայնքների: Գուցե ամբողջ խնդիրը համայնքապետի աշխատանքի որակի մե՞ջ է (չնայած չենք ուզում մեղավորներ փնտրել): Խնդրում ենք խորհել սույն հարցի շուրջ և որպես ՀՀ քաղաքացի, երևանցի և հատկապես որպես ծնող՝ հասկանալ իրավիճակի ողջ լրջությունը:
Գուցե պատասխանեք, որ այս խնդիրների վերաբերյալ համատիրությունը տեղյակ չի եղել, ինչի պատճառով էլ արձագանք չի եղել (չնայած այն հանգամանքին, որ բնակիչները բազմիցս բարձրացրել են այս հարցը, սակայն ոչ մի արձագանք համապատասխան մարմինների կողմից չի ստացվել): Գուցե միակ պատճառն այն է, որ մենք՝ բնակիչներս, գրավոր չե՞նք դիմել… Այս անգամ որոշել եք ուղղել մեր սխալը…
Հիմա չգիտենք՝ խնդրե՞նք, թե՞ բողոքենք: Ո՛չ, մենք չենք բողոքում, պարզապես խնդրում ենք գեթ մեկ անգամ հյուրընկալվել մեզ և սեփական աչքերով համոզվել վերևում ներկայացված ցավալի իրավիճակի հավաստիության մեջ:
Հուսով ենք՝ մեր դիմումը չի մնա անպատասխան, և վերոնշյալ խնդիրներին կտրվեն խելամիտ լուծումներ ողջամիտ ժամկետներում:
Հարգանքով՝
Էրեբունի համայնք, Ազատամարտիկների փողոց, թիվ 89 շենքի 1-ին մուտքի բնակիչներ՝
- Զարուհի Վարդանյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 18
- Արման Վահանյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 17
- Հասմիկ Ղազարյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 21
- Աստղիկ Ավետիսյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 19
- Լիանա Բաբաջանյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 24
- Անի Շահինյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 20
- Ալեքսանդր Կարախանյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 16
- Ֆլորա Ազարյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 10
- Ջեմմա Գինոսյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 39
- Արաքսի Սուլիկյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 45
- Անահիտ Սարգսյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 48
- Գոհար Հակոբյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 13
- Գայանե Կարախանյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 22
- Արփիկ Կարապետյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 2
- Սուսաննա Թորոսյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 5
- Մանվել Սարգսյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 6
- Հովհաննես Զաքարյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 9
- Գոհար Սիրեկանյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 8
- Լուսիկ Խաչատրյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 7
- Ռիմա Սարգսյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 3
- Հարություն Գրիգորյան՝ Ազատամարտիկների փ., 89 շենք, բն. 15
Մեկնաբանել