HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեղինակի ներկայացմամբ. « …Իմ ստեղծագործությունները իմ հոգու որմնանկարներն են»

Անհատական ցուցահանդես, բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես

Նոյեմբերի 13-ից 18-ը Նարեկացի արվեստի միությունում (Վարդանանց 16/1) ներկայացվելու է ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի ֆոտոարթի ժանրում ստեղծված աշխատանքների ցուցադրանքը: Ակնթարթի հանելուկային եւ գեղարվեստի անկրկնելի համադրությամբ ստեղծված աշխատանքներով Ժ. Աղավելյանը ԱՄՆ-ում (Բոստոնում) հաճախ է ցուցադրել տարբեր ժանրերի եւ տարբեր ժամանակներում ստեղծված հետաքրքիր գործեր:

Հայաստանում սա հեղինակի 3-րդ ցուցահանդեսն է ու արդեն քանիցս համոզվում ենք, որ շփվում ենք եւ ժամանակակից արվեստի մի հետաքրքիր տեսակի, եւ լուսանկարչական յուրօրինակ դրսեւորման հետ:

Ռեժիսոր Ժիրայր Աղավելյանը ռեժիսորական իր խցիկով շարժում չէ, որ նկարահանում է, լուսանկարչական խցիկով ֆիքսված պահեր չէ, որ մատուցում է: Նրա ռեժիսորական մտածողության ուղղվածությունը ներկայանում է մի նոր հարթության վրա: Հարթություն, որտեղ հավաքում է հիշողությունից դուրս սպրդած պատկերներ ու ակնթարթներ, որտեղ նրա ինքնատիպ մոտեցման շնորհիվ ներկայանում են մեկ կադրում ամբողջացած տարբեր իրականություններ:

Այս ցուցահանդեսը հանդիսատեսի համար նաեւ մի նոր բացահայտում է: Եթե անցյալ անգամ նկարների շարքը ցուցապաստառի վրայով սահում էին հեղինակի հորինած երաժշտության հնչյունների ներքո, ապա այս անգամ Ֆոտո-արտից բացի հեղինակը կներկայացնի «Առ ինձ ձեռքերիդ մեջ» փոքրիկ գրքույկը:

Հեղինակի ներկայացմամբ, գրքույկում տեղ են գտել սիրո գողտրիկ «որմնանկարներ»` հյուսված ցուցադրվելիք ստեղծագործություների «միասնական եզրազարդերից»: Իր իսկ հոգու որմնանկարները, որոնք թղթի վրա են պատկերվել... Որմնանկարներ, որ թերեւս ձևերի, գծերի, գույնի, ստվերանկարի գեղեցկությամբ և բովանդակության մշակման հմտությամբ Ժիրայրի հոգում լռությունը երաժշտությամբ են փոխում, շարժումը պատկերի վերածում, գույնը խոսք ու հանգ դարձնում:

Ժ. Աղավելյանի երաժշտության, բանաստեղծությունների ու նկարների մեջ հարկավոր չէ փնտրել տեխնիկական եւ գեղարվեստական առանձնահատկություններ: Ընդամենը հարկավոր է հիշել, որ ֆիլմ չդարձած նկարների փոխակերպված գաղափարները ոչ թե լոկ կյանքի մեկ ակնթարթ, այլ ապրած հոգեվիճակ ու զգացմունք են, որ մարդուն մղում են խորհրդածելու, թե որքան հետաքրքիր է անհատի ստեղծագործական դիալեկտիկան:

Ավելացնենք, որ Ժ. Աղավելյանը Լենինգրադի կուլտուրարայի ինստիտուտի կինոյի բաժնի շրջանավարտ է, երկար տարիներ եղել է Երեւանի կենտրոնական հեռուստաալիքի՝ «Հ1»-ի ռեժիսոր, տասնյակ  գեղարվեստավավերագրական, այդ թվում՝ միջազգային փառատոների մասնակից աշխատանքների (www.zherar-production.net) հեղինակ է: Վերջին 20 տարիներին Ժ. Աղավելյանը բնակվում է Բոստոնում, սակայն այժմ նա Երեւանում է և ներկա է լինելու իր ցուցահանդեսի բացմանը:

Նարեկացի արվեստի միության
հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter