HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել ու ֆետիշացնել մարդուն

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Չելսի»-«Շախտյոր» հանդիպումից (3-2) առաջ հայ ֆուտբոլասերների ամենամեծ ցանկությունը թերեւս այն էր, որ Հենրիխ Մխիթարյանը գեղեցիկ խաղ ցույց տա ու, բնականաբար, գոլ խփի: Հանդիպման ժամանակ Հենրիխը բավականին աշխատեց, սակայն, այդուհանդերձ, չտեսանք այն Մխիթարյանին, որի սուր գործողություններին արդեն սովորել է մարզասերը: Մխիթարյանը շատ լավ հնարավորություն ուներ խաղավերջում, երբ դեռ հաշիվը 2-2 էր, սակայն դեպի դարպասն ընթացող գնդակը դիպավ մրցակցի պաշտպանին: «Յուվենտուսի» հետ խաղում էլ Հենոն անընդհատ լարվածության մեջ էր պահում իտալացիներին, էլի սպառնաց Բուֆոնի դարպասին, բայց կարծես ինչ-որ բան չէր հերիքում հենց վերջնահատվածում:

Ուկրաինայի առաջնության գլխավոր ռմբարկուից սպասելիքները շատ մեծ են թե «Շախտյորի» երկրպագուների, թե հատկապես հայ ֆուտբոլասերների շրջանում: Հիմա էլ անընդհատ խոսվում է եվրոպական որեւէ գրանդ ակումբ տեղափոխվելու մասին: Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS)՝ աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստին ի հայտ բերելու համար անցկացվող հարցման արդյունքում էլ Մխիթարյանը եվրոպական գոտում ստացել է առավելագույն ձայներ, ինչը մեծ արաձագանք գտավ Հայաստանում: Մի կողմից՝ սա ուրախացնում է, բայց մյուս կողմից՝ չպիտի մոռանանք, որ նման արդյունքն առաջին հերթին նույն հայ ֆուտբոլասերների ակտիվ քվեարկության արդյունք է: Առաջինն ու լավագույնը լինելու հարցումներում Մխիթարյանի հաջողություններն արդեն մեծ հաշվով սովորական են դարձել՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, ամսվա լավագույն գոլ…

Մխիթարյանի մասին գրում է նաեւ եվրոպական մամուլը, ինչը նույնպես ուրախանալու եւ հպարտանալու առիթ է տալիս, բայց հայ մարզասերը այս ամենից չպետք է ընկնի էյֆորիայի մեջ: Գրվեց նաեւ այն մասին, որ հայ ֆուտբոլիստին համեմատում են Լիոնել Մեսսիի հետ՝ անվանելով երկրորդ Մեսսի: Անշուշտ, Հենրիխը մեծ աճ է գրանցել «Շախտյորում» խաղալու տարիներին, 23-ամյա ֆուտբոլիստը հիմա ուժերի ծաղկման շրջանում է, բայց պետք է գիտակցել, որ չի կարելի ժամանակից առաջ ընկնել, անտեղի համեմատություններ անել, ինչը նաեւ հոգեբանորեն պարտավորեցնում ու նմանապես ճնշում է մարդուն: Լավ է, որ այսքանից հետո հենց ինքը՝ Մխիթարյանը, չի ընկնում էյֆորիայի գիրկը: Եվ սա նրա հաջողության գլխավոր գրավականներից մեկն է: Չնայած տղան վաղուց դուրս է եկել «ներհայաստանյան փառքի» շրջանակներից ու արդեն անցել է Արեւելյան Եվրոպան, միգուցե նաեւ ամբողջ աշխարհամասը «գրավելու» գործին, բայց դրանից չի ընկնում երանության գիրկը, իրեն աստղ չի համարում, համեստ է շփումներում:

Կարելի է ասել՝ Հենրիխն ինքն էլ գիտակցում է, որ դեռ շատ պիտի աշխատի միջազգային ամենաբարձր կարգի ֆուտբոլիստ դառնալու համար: Իսկ դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է որակների կատարելագործում եւ կայունություն: Այն փուլը, որում գտնվում է Մխիթարյանը, պետք է միայն սկիզբը համարել: Հայ ֆուտբոլասերն ու ընդհանրապես մարզական շրջանակները կարող են նպաստել Հենոյի աճին ոչ միայն ոգեւորություն հաղորդելով շփումների ժամանակ, այլեւ չֆետիշացնելով նրա տաղանդը, հարկ եղած դեպքում բացթողումներն արձանագրելով ու բարձրաձայնելով եւ ոչ թե ամեն ինչ մարզական բախտի կամ ինչ-որ վերերկյա ուժերի վրա բարդելով: Ի վերջո, Մխիթարյանն էլ սովորական մարդ է, որի խաղը միշտ չէ, որ կարող է ստացվել, ինչը շատ լավ գիտակցում է նաեւ ինքը, եւ դա խոստովանել է Մեսսիի հետ համեմատության վերաբերյալ հարցին պատասխանելիս: Ուրեմն, հարկ չկա ավելորդ հոգեբանական բեռի տակ դնել երիտասարդին եւ շարունակ հայտարարել, որ նա լավագույնն է: Միշտ էլ լավից ավելի լավը կա:    

Մեկնաբանություններ (2)

arsen
bravo...
ominac
Պէտք է որ նախ հայերէն սորվիս յետոյ գրել սկսիս․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter