HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահական ընտրություններում ընդդիմության հաղթանակի հնարավորությունը

Սեպուհ Ավետիքյան
Միչիգան, ԱՄՆ 

Արդեն նոյեմբեր ամիսն է, ու դեռ հորիզոնում չի երևում նախագահի հավանական այն թեկնածուն, որ կարող է իր հետևից տանել գործող իշխանությունից դժգոհ ժողովրդական լայն զանգվածին:

Հանրապետականները պնդում են, թե ընդդիմադիր որևէ թեկնածու հնարավորություն չունի հաղթելու Սերժ Սարգսյանին: Թույլ տվեք չհամաձայնվել այս կարծիքի հետ. ընդհակառակը, իմ կարգին պնդել, որ ընդդիմադիր թեկնածուն այս ընտրություններում մեծ շանսեր ունի հաղթանակ տանելու գործող նախագահի նկատմամբ, եթե նա ճիշտ աշխատի ժողովուրդի հետ:

Նախագահական մրցապայքարում առայժմ սպասողական վիճակ է տիրում: Ասպարեզում գտնվող ու ժողովրդական լայն զանգվածներին ոգևորելու ունակություն ունեցող ընդդիմադիր ուժերն են ՀԱԿ-ը, Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետությունը», Դաշնակցությունը և «Ժառանգությունը»: Պոտենցյալ այլ թեկնածուներ եթե կան, ապա նրանք չունեն կուսակցաժողովրդական այն ամուր, թեկուզ և փոքր կորիզը, որի վրա հիմնվելով կարելի կլինի ձյունագնդակի նման ընդարձակել համախոհների շրջանակը: Ձյունը առկա է՝ դա ժողովուրդի հիասթափությունն է՝ արտահայտված արտագաղթով, նաև համատարած դժգոհությունը արդար հասարակարգ ստեղծելու Սերժ Սարգսյանի վերջին 4.5 տարվա անարդյունավետությունից: Էլ չեմ խոսում սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից ու կոռուպցիայից, որի համար միշտ մեղադրվում է գործող իշխանությունը: 

Վարդան Օսկանյանը այս ներկապնակում ինքնուրույն գործոն չէ, այլ այս առնչությամբ իր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրամանին սպասող երկրորդական դերակատար:

Այժմ փորձենք հասկանալ թե ով ում է սպասում, նաև ինչու ընդդիմադիր գործիչները չեն շտապում ներգրավվել աշխուժ ընտրապայքարի մեջ:

Կարելի է ենթադրել, որ Լևոն Տեր Պետրոսյանը սպասում է Գագիկ Ծառուկյանի որոշմանը: Գագիկ Ծառուկյանը սպասում է Սերժ Սարգսյանի առաջարկելիք նոր ու նախկինից ավելի շահավետ ֆորմատով գործակցության խոստումին: Սերժ Սարգսյանը սպասում է ու փորձում է հասկանալ, արդյո՞ք Վլադիմիր Պուտինը գոհ է իր 90 տոկոսանոց ռուսամետ վարգագծից, թե կնախընտրի հաջորդ հինգ տարում իբր նախագահ ունենալ Ռոբերտ Քոչարյանի նման 110 տոկոսով ռուսամետ քաղաքական գործչի: Վլադիմիր Պուտինը սպասում էր ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքին: Օբամայի ընտրության պարագայում Պուտինը կարող է և բավարարվել 90 տոկոսանոց նախագահով: Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշմամբ հայտնի Ռոմնիի ընտրության պարագայում, Պուտինը կնախընտրեր առավել վստահելի մի գործչի, որը «խաղեր» չի տա և առանց ավելորդ գլխացավանքի կմիանա Եվրասիական միության:

 

Բավական պարզունակ պատկեր ներկայացրեցի, չէ՞: Չեմ հիշում հայկական որ կայքէջում կարդացի քաղաքական մի մեկնաբանի հաստատումը, թե  քաղաքականությունը այնքան էլ խրթին մի գիտություն չէ: Այլապես կարդալով կամ լսելով hայաստանցի քաղաքական որոշ գործիչների վերլուծությունները՝ քեզ թվում է, թե համաշխարհային փիլիսոփայական քննարկումների լաբիրինթոսում զբոսնում ես:

Ընդդիմադիր գործիչները պետք է վստահեն ժողովուրդի ինստինկտին ու գրավը չդնեն միայն արտաքին ազդակների վրա: Առողջ դեմոկրատական հասարակարգի առաջին պայմանը ժողովուրդին համոզելու ձիրքի դրսևորումն է և ոչ թե ժողովուրդից «նեղանալը» և հաջողության հասնելու այլ տարբերակներ որոնելը: Եթե վերջին խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը պարտվեց, դրա մեղավորը հենց ինքը՝ ընդդիմությունն է: Պարզապես ժողովուրդին չհամոզեցին ընդդիմության առաջադրանքները և գործելակերպը: Ժողովուրդը, որպես հավաքական քաղաքական կատեգորիա, բնազդով պրագմատիկ է: Տեսնելով, որ ընդդիմադիրներից և ոչ մեկը ընտրություններում հաղթելու պրագմատիկ լուծումներով հանդես չի գալիս, ժողովուրդը նախընտրեց ընտրակաշառքը:

Թող ոչ ոք չմեղադրի ընտրակաշառք ստացողներին, սրանք այն միևնույն մարդիկ են, որ փողոց են դուրս եկել 2008 թվականի մարտի 1-ին: Այս այն ժողովուրդն է, որ դիմացել է մութ ու ցուրտ տարիներին ու հաղթել պատերազմում: Սա այն ժողովուրդն է, որ փաստորեն ընտրության միջոցով փորձել է իշխանափոխություն կատարել և 1996-ին, և 1998-ին և 2003-ին: Երկրորդ նախագահը փոխանակ նախկին արտաքին գործերի նախարարին փայփայելու, լավ կլիներ, որ հարգեր ու փայփայեր Հայաստանի ժողովուրդի կամքի ազատ դրսևորման իրավունքը:

Եթե Լ. Տեր Պետրոսյանը մշտական ցույցերով, արտակարգ նախագահական ընտրությունների կոչերով և իշխանության հետ ՀԱԿ-ի համար ձախող բանակցություններով չհոգնեցներ ընդդիմադիր հանրությանը, շատ ավելի քվեներ կստանար խորհրդարանական ընտրություններում: Իր հերթին «Ժառանգությունը» դաշնակցելով «Ազատ դեմոկրատների» հետ, շեշտադրեց արևմտամետ ուժ լինելու իր հանգամանքը: Այս իրողությունը, առավել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքականության մեջ նկատվող ռոմանտիկ ժայթքումները, ժողովորդին վստահություն չներշնչեցին: Դաշնակցությունը խորհրդարանական ընտրություններում երկու բան էր ասում: Առաջին՝ որ ինքը միակ կոլեկտիվ ղեկավարություն ունեցող կուսակցությունն է և երկրորդ, որ նա իրագործելու է համակարգային փոփոխություն՝ նախագահականից անցնելու պառլամենտական կառավարման: Իսկ ժողովուրդը չգիտե՞ր, թե այսպիսի վճռորոշ բարեփոխումը Դաշնակցության ուժերից շա՜տ վեր էր:

Այս բոլորն ասվում է պարզապես նշելու, որ խորհրդարանական վերջին ընտրությունները հիմք պետք չէ ընդունել ու դրա վրա սխալ հետևություններ անել: Սխալ է այն կարծիքը, որ ՀԱԿ-ն ինքնուրույն գործոն չէ: Ճիշտ է, Լ. Տեր Պետրոսյանը զգալիորեն կորցրել է իր ժողովրդականությունը, բայց ՀԱԿ-ը մնում է ազդեցիկ խաղացող, որը կարող է հավակնել այժմու իրականությունից դժգոհ ժողովուրդի քվեներին: Նույն քվեներին արժանի հավակնորդ է նաև Արամ Զ. Սարգսյանը, սակայն նրան խանգարում է իր սուր «արևմտամետությունը»: Բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի նախագահը չի կարող խուսափել «ռուսամետությունից»:

Նախագահական ընտրություններին Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ձայները նույնն են: Նրանք երկուսով մոտավորապես ունեն 30-35 տոկոս քվե. սրանք այն ընտրազանգվածի ձայներն են, որոնք կառավարական կերակրատաշտին մոտ են, կամ ինչ-որ ձևով առնչվում են դրա հետ (դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, գյուղապետեր): Ընդդիմության միացյալ ձայները կազմում են մոտավորապես 20-25 տոկոս: Ընդդիմությունը փոխանակ ԲՀԿ-ի վրա ժամանակ վատնելու, քրտնաջան պիտի պայքարի այդ չկողմնորոշված 40 տոկոս ձայների համար: Ի վերջո, օգուտ չկա ԲՀԿ-ից, որովհետև նրա ընտրազանգվածի ստվար մեկ հատվածը իր հետ միասին չի գալու ընդդիմադիր դաշտ, եթե ի վերջո այդ քաղաքական ուժը որոշի չպաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Միացյալ Նահանգների նախագահական ընտրարշավի ամբողջ թոհուբոհը 6 տոկոս չկողմնորոշված ընտրազանգվածին տիրանալու համար էր: Օբաման ու Րոմնին ունեին մոտավորապես 47 տոկոս հավասար ձայներ: Հայաստանի տակավին չկողմնորոշված 40 տոկոս ընտրազանգվածին տիրանալու համար արժե դեմոկրատական պայքար մղել, և այդ պայքարը ինչքան շուտ սկսվի, այնքան լավ կլինի ընդդիմության համար:      

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայաստանում այսօր իրական քաղաքական դաշտ չկա. ա)ՉԿԱ իսկական համազգային ՁԱԽ կուսակցություն,բ) ՉԿԱՆ տեղական հարցերով զբաղվող ՏԵՂԱԿԱՆ կուսակցութուններ: Միթևանի ինքնաթիռ՝ գետնին մնացած: Հայաստանում այսօր ՅՀԴ-ն ՄԵՌԱԾ է, ՀԱԿ-ի նավը ԽՈՐՏԱԿՎՈՒՄ է (1-2 նավակ կանջատվի-կփրկվի), իսկ պատանի «Ժառանգությունը» այս ամենից շփոթված է: ՀՀԿ-ԲՀԿ ԹԱՏՐՈՆ- նույն խնձորի այգու համար . խնձորը տան հետևում ԱՐԴԵՆ բաժանված է: Ասացվածք.«շունը շան ոտք չի կծում»: 2013թ. փետրվարին Ս.Սարգսյանը արդեն ընտրվել է (կամ «ընտրվել» է): Հայաստանի քաղաքական կյանքի ՓԼՈՒԶՈՒՄ : ԱԺ-ի արժեզրկում : 2013-2017թթ. ԱՀԱԳՆԱՑՈՂ հասարակություն-օլիգարխներ/վասալներ ՊԱՅՔԱՐ: ՆՈՐ հասարակական-քաղաքական միչջավայր: ԱՐՏԱ-պառլամենտային դեմոկրատիայի սկիզբ: Օլիգարխների 2-րդ Ղարաբաղի պատերազմ հրահրելու փորձի ձախողում: Բանկային օլիգախիա՝ ընդդեմ խուժան օլիգարխիայի: Նոր առաջնորդներ. փողոցից : Նիկոլ Փաշինյան: X Yյան: Խոսրովի այգուց հրապարակ հասած բեզոարյան այծեր,մուֆլոններ: Մեծ պոզեր: Ժողովրդական դատարաններ: Հանքերի , պոչամբարների,հէկ-երի մոտ հավաքված բարկացած ամբոխ:Վերահաստատում: 4-րդ (պառլամենտային) հանրապետություն. ցանկալի կլիներ թագավորություն:
Լիլիթ Ղազազյան
Միակ հույսը ժողովրդական արդար ընտրություններն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter