
Հիասթափության դիմանկարը` Վրաստան-Հայաստան ճանապարհին
Վրաստան-Հայաստան անցակետում ստիպված եղանք ուղեորներից ոմանց երկար սպասել. ինչ-որ բան այն չէր անձնագրերի հետ:
«Սիրիայից են: Հեսա կնայեն, հետ կուղարկեն»,-սրտնեղեց վարորդը:
«Մարաթոնների ժամանակ էդ ո~նց են փող հավաքում...»,- կարմիր մազերով տիկինն ասաց:
Եկան: Պարզվեց երեխաների անձնագրերում ինչ-որ սխալ կար: Ընտանիք էր` ամուսիններն ու իրենց 2 եւ 4-ամյա երեխաները:
Սիրիայից էին, Հայաստան էին եկել մոտ 2 ամիս առաջ, այժմ գալիս էին Վրաստանից:
«Սիրիայի պատերազմից ենք փախել: Մեր գալու օրը, երբ ուժեղ ռմբակոծություն սկսվեց, մի հայ տաքսիստ եկավ, մեզ տարավ օդանավակայան...
Ամուսինս անգամ անկողնային հիվանդ հորը չկարողացավ տեսնել, մնաս բարով ասել, 100 մետր հեռավորությամբ էին ապրում... Կրակի տակ էինք, հրաշք էր, որ չզոհվեցինք...»,-հիշում է Հելեն Դարչինյանը:
Մի կերպ, կրկնակի թանկ գնով գնել են Հայաստան եկող ինքնաթիռի տոմսն ու հասել Հայաստան: Այստեղ հենց օդանավակայանում, որտեղ ակնկալում էին` իրենց «Արի տուն» կարգախոսի ջերմությամբ էլ կընդունեն, կօգնեն, տվել են մի բուկլետ, որտեղ նշված է եղել իրավաբանական խորհրդատվության գրասենյակի հեռախոսահամար:
«Էդ համարով զանգեցինք, հետո 100 դոլար ուզեցին խորդհրդատվության համար, էլ ոչ էլ դիմեցինք»,-պատմում է Սայիդ Գարիկյանը` Հելենի ամուսինը:
Հայաստան գալուց հետո Սայիդի ու Հելենի համար մի նոր փորձություն էր սկսվել. վարձով տուն են գտել, սկսել աշխատանք փնտրել:
Որոնումների ճանապարհին իրենց ամենաշատը զարմացրել է տեղի իշխանությունների անտարբերությունը Սիրիայում մնացած հայերի նկատմամբ:
«Սիրիայում օրհասական վիճակում գտնվող շատ հայեր պարզապես երազում են դուրս պրծնել, սակայն եկողներն էլ ավելի վատ դրության մեջ են հայտնվում: Շատերն ուղղակի գերադասում են հետ գնալ, արժանավայել մեռնել, քան մնալ այստեղ ու մուրացկանի պես ապրել: Մարդկանց գիտեմ, որ զզված հետ են գնացել»,- ասում է Սայիդը:
Մինչ խոսում ենք, փոքրիկ Ալեքը սկսում է լացել. երկար ճանապարհից հոգնել է:
«Երեխաներիս հետ եղանք թափառական...»,-ավելի շուտ ինքն իրեն ասում է Հելենը:
-Ինչո՞ւ էիք Վրաստան գնացել,-հարցնում եմ:
-Գործ գտնելու: Այնտեղ գոնե ավելի լավ պայմաններ են, գոնե գնահատվում է անգլերենի իմացությունը: Այստեղ միայն ռուսերեն են ուզում... Չնայած, եթե ռուսերեն էլ իմանայի, մեկ է, չէին ընդունելու գործի, քանի որ ծանոթ չունեմ:
-Վրաստանում այդպես չէ՞:
-Այսչափ չէ... Հիմա եկել ենք Հայաստան, երեխաների անձնագրերի հարցը լուծենք ու հետ գնանք Վրաստան: Այնտեղ գոնե հույս կա, որ ավելի լավ կլինի, իսկ Հայաստանում երբ իմանում են, որ Սիրիայից ես, փորձում են խաբել, մի բան ավելի «պոկել»:
Սայիդը դեղագործ է մասնագիտությամբ, Հայաստանում 2 ամիս է` փորձում է աշխատանք գտնել, հանդիպել է տարբեր մարդկանց հետ, շատերը խոսք են տվել, սակայն այդպես էլ աշխատանք չի գտել, շուտով նաեւ ընտանիքի խնայողությունները կվերջանան:
Միակ ելքը հարեւան Վրաստան գնալու մեջ են տեսնում. վերջին 2 շաբաթն այնտեղ են անցկացրել ու հասկացել, որ այնտեղ շանսեր ունեն աշխատանք գտնելու:
Նրանք թե Սիրիան, թե Հայաստանն իրենց հայրենիքն են համարում, սակայն հիմա ստիպված են մեկ այլ հայրենիք գտնել:
Վիրավորված է հայրենի իշխանություններից, ապշած` տեղի բարքերից: «Մի անգամ գնացել էի քաղաքապետարան ինչ-որ հարցով: Մտա սենյակ, տեսա` ինչ-որ մեկի ծննդյան կապակցությամբ կերուխում էին անում: Աշխատակիցը, թե` հետո եկեք, ծնունդ ենք նշում...»,-պատմում է Սայիդը: Կինը սաստում է, թե ինչու ես պատմում, բայց Սայիդն այս միջադեպից շատ է ազդվել:
Հետո հանկարծ հիշում են, որ Սիրիայում ապրող հայ տաքսիստը, որ իրենց տարել էր օդանավակայան, սպանվել է ապստամբների կողմից... «Հայրիկիս հաջող չասացի, ծնողներս մնացին Սիրիայում...»: Լռում ենք:
Սպիտակում Հելենն իջավ. հարզատներին պետք է տեսներ: Սայիդը եկավ Երեւան: Ճանապարհին ուղեւորները կատակում էին, սրամտում: Սայիդը չէր մասնակցում, երեւի տեղացիների հումորներն անհասկանալի էին, նույնիսկ անտրամաբանական նրա համար:
Հ.Գ. Հայաստան հասնելուց հետո «Ֆեյսբուք» սոցցանցով գտա Հելենին: Ասաց` տեղափոխվել են Վրաստան` հիմնական բնակություն հաստատելու:
Մեկնաբանություններ (52)
Մեկնաբանել