HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մի ծաղկով գարու՞ն. կամ` թեկնածուի առեղծվածը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 6-ին հանդես եկավ քաղաքական ուժերին ուղղված առաջարկով` նախագահական ընտրություններին ընդառաջ սկսել քննարկումներ խորհդարանական կառավարման անցնելու և այդ համատեքստում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ ներդնելու հենքի վրա քաղաքական դաշտի կոնսոլիդացման նպատակով: ԲՀԿ-ի առաջարկի իմաստն այն է, որ այդ համախմբումը տեղի ունենա մինչև հաջորդ խորհդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու և նոր ընտրված նախագահի կողմից 2017-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո հրաժարական տալու նախապայմանով: Դրանից անմիջապես հետո իր վաղoրոք խոստացված քաղաքական պլատֆորմը հրապարակեց նաև ՀՅԴ-ն: Այն ոչ միայն հիմնված էր համակարգային նույն փոփոխությունների վրա, այլև ընդգրկում էր սկզբունքներ նաև արդար ընտրություններ անցկացնելու, առաջիկա նախագահական ընտրությունները վերահսկելու և այլ խնդիրների վերաբերյալ:

Այս գործընթացի հիմնական առանձնահատկությունը, սակայն, այն է, որ անտեսում է առաջիկա նախագահական ընտրություններին ընդդիմության մասնակցության ձևաչափի հստակեցման հարցը: Թե ԲՀԿ-ն և թե ՀՅԴ-ն հայտարարեցին, թե դա պայմանավորված է նրանով, որ իրենց համար առաջնայինը ոչ թե անձերն են, այլ կուտակված այն հիմնահարցերը, որոնք արտացոլված են ներկայացված օրակարգերում: Մի կողմից սա, իհարկե, ավելի առողջ մոտեցում է այն իմաստով, որ գործընթացն ավելի գաղափարական ու քաղաքական է, քան այն, ինչ ամիսներ շարունակ տեղի էր ունենում ՀՀԿ-ԲՀԿ «բազարների» շուրջ, և երկրորդ` օրակարգը զերծ է պահում անձնավորումից, քաղաքական ու անձնական ամբիցիաների զոհը դարձնելու հեռանկարից: Բայց մյուս կողմից կարելի է ասել այս գործընթացը նաև մի տեսակ ուտոպիստական է թվում, կոնկրետության շրջանակներից դուրս է գալիս: Այնպիսի տպավորություն է, որ այս պլատֆորմները շրջանառության մեջ դնող ուժերը կարծես միտումնավոր անտեսում են այն փաստը, որ իրենք գործ ունեն առաջիկա նախագահական ընտրությունների հետ, իսկ այն միշտ կոնկրետ է ու անձնավորված, որովհետև գործ ունենք նախագահի պաշտոնին հավակնող կոնկրետ անձանց ու նրանց ետևում կանգնած կոնկրետ ուժերի հետ:

Եվ ուզեն թե չուզեն, ի վերջո, այս ուժերը կանգնելու են երկու հստակ հարցադրման պատասխանելու խնդրի առջև. արդյոք սա գործընթաց է նախագահի այլընտրանքային միասնական թեկնածու առաջադրելու նպատակո՞վ, և եթե այո, ապա ո՞վ է լինելու այն թեկնածուն, որն իրենով մարմնավորելու է մշակվելիք ընդհանուր պլատֆորմի շուրջ քաղաքական կոնսենսունսը:

Ակնհայտ է, որ թե ՀՅԴ-ն և թե ԲՀԿ-ն, իրենց օրակարգերը ներկայացրել են հենց նախագահական ընտրություններին մասնակցության ձևաչափը որոշելու առաջնային նկատառումով: Հակառակ դեպքում այն կարող էին ներկայացնել թե խորհրդարանական ընտրություններից առաջ և թե նախագահական ընտրություններից հետո: Բովանդակային առումով այն բուն նախագահական ընտրությունների հետ կարծես թե ընդհանրություն չունի կամ քիչ ունի:

Մյուս կողմից, եթե իհարկե, կոնսենսուսը կայանա և միասնական օրակարգը ձևակերպվի, հստակեցվեն նաև դրա շուրջ համախմբված ուժերի շրջանակները, կոնկրետ անձի առաջադրման խնդիրը դառնալու է առաջնային, որովհետև դրանից է կախված, թե այդ պլատֆորմն իրականություն դառնալու շանս կունենա՞ ընդհանրապես, թե՞ ոչ: Այսինքն` նրանք պետք է այնպիսի քան մրցունակ թեկնածու առաջադրեն, որը կարող է հաղթել իշխանությանը և օրակարգի այդ խնդիրները լուծելու նախադրյալ ստեղծել: Հետևաբար հարց է առաջանում` ո՞վ է լինելու այդ խորհրդավոր թեկնածուն:

ՀՅԴ-ն սեփական թեկնածուն կարծես թե չի կարողանում առաջ քաշել` թերևս հաշվի առնելով խորհրդարանական վերջին ընտրություններում ստացած անհամեմատ համեստ արդյունքները, որոնք գործնականում չեն կարող ոչ միայն որևէ պարագայում հաղթանակի թեկուզ չնչին հույս առաջացնել, այլև ՀՅԴ-ին դարձնել կենտրոնաձիգ հիմնական ուժը:

Գուցե Գագիկ Ծառուկյա՞նը: Նա պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով և նրա անվամբ բարեգործական հիմնադրամն էր, որ անարգել նվիրատվություններ էր կատարում Աժ նախընտրական քարոզչության շրջանում` հենց միասնական շտաբի գոյության պարագայում և ի հեճուկս նրա: Իսկ քվեարկությունից առաջ նրա գլխավորած կուսակցությունն էր, որ ՀՀԿ-ից պակաս ինտենսիվությամբ չէր փող բաժանում: Արդյո՞ք ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի քաղաքական կապիտալն այնքան է մաշվել, որ այս ուժերը ստիպված լինեն ապավինել Ծառուկյանին, ընդ որում` առանց երաշխիքներ ունենալու, որ չեն հայտնվելու հերթական ծուղակում և փաստի առաջ, երբ խորհրդարանական ընտրությունները արդյունքները վիճարկելու ամենամեծ ռեսուրսն ունենալով հանդերձ` ԲՀԿ-ն հրաժարվեց այդ քայլն անելուց: Մինչդեռ ոչ ԲՀԿ-ի և ոչ էլ ՀՅԴ-ի առաջարկած պլատֆորմում չկան այնպիսի կետեր կամ պայմաններ, որոնք հնարավորություն չէին տա համագործակցության դաշտ մտնողներին երկակի խաղեր խաղալ: ԲՀԿ-ի զոհրաբյանական առաջարկի վերաբերյալ ՀԱԿ-ի կողմից նախօրեին ներկայացված հավելյալ լրացումների առաջարկությունն այդ հնարավորությունը տալիս է: Եվ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ի հետ միասին, թերևս, պետք է կողմնորոշվեն` ընդունու՞մ են դրանք, թե՞ ոչ: Օրինակ` իրենց համար ընդունելի՞ է «Գործող իշխանություններին անվստահություն հայտնելու խորհրդարանական մեխանիզմների կիրառմանն ուղղված համատեղ քայլեր» իրականացնելու ՀԱԿ-ի լրացումը, թե՞ ոչ:

Մյուս կողմից` արդյոք ՀԱԿ-ը կհամաձայնի՞ Ծառուկյանի թեկնածությունը պաշտպանել այն դեպքում, երբ հայտարարում է, որ  իրենց միակ նախընտրելի թեկնածուն սեփական լիդերն է` Լևոն Տեր-Պետրոսյանը, և որ Ծառուկյանը լիարժեք պատասխանատվություն է կրում մարտիմեկյան ողբերգության համար: Մի՞թե Տեր-Պետրոսյանը կարող է իր թիմակիցներին կոչ անել գնալ ձայն տալ Ծառուկյանին` հիանալի գիտակցելով, որ դրանով ուղղակի ՀԱԿ-ի վերջնական քայքայման և կազմալուծման մեկնարկն է տալու:

Գուցե կոնսենսուսային տարբերակը Լևոն Տեր-Պետրոսյա՞նը կարող է լինել: Ի դեպ, վերջինս դեռ 2007-ին էր հայտարարում, որ պատրաստ է հրաժարվել նախագահի պաշտոնից գործող ռեժիմին հեռացնելուց և ժողովրդավարական ընտրությունների անցկացման պայմաններ ու կառուցակարգեր ստեղծելուց հետո: Տեր-Պետրոսյանը դրա համար ժամանակին ընդամենը 2 տարի էր խնդրում: ՀՅԴ-ի պարագայում այս տարբերակը գործնականում բացառված է. պատմական հիշողության և գաղափարական լրջագույն հակասությունների պատճաառով: Դա նույնիսկ ամենամղձավանջային երազում պատկերացնել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա վերջինս այս տարբերակին չի համաձայնի թեկուզ միայն այն պատճառով, որ դրանով իր հսկայական քաղաքական հանրային աջակցության ռեսուրսը պարզապես կնվիրաբերի ՀԱԿ-ին և անուղղակի կհաստատի, որ լինելով ԱԺ մեծությամբ երկրորդ խմբակցությունը, սեփական լիդեր չունի, որը կարող է իր վրա վերցնել իր իսկ կողմից առաջ քաշված պլատֆորմի իրականացումը, այսինքն մինչև 2017թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելը և 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրաժարական տալը:

Գուցե թե ՀԱԿ-ը և թե ՀՅԴ-ն, մտնելով պլատֆորմային այս նոր գործընթացի մեջ, հույս ունեն, որ կարող են ԲՀԿ-ին դրդել գնալ կոմպրոմիսի` գտնելու ուրիշ, այլընտրանքային թեկնածու, ինչպիսին, օրինակ, կարող է լինել Վարդան Օսկանյանը: Ի դեպ` սա այն ֆիգուրն է, որը կարող է հավասարապես ընդունելի լինել նաև թե «Ժառանգության», թե «Ազատ դեմոկրատների» համար: Բայց որպեսզի Օսկանյանի շուրջ կոնսենսունսը կայանա, անհրաժեշտ կլինի հաղթահարել երկու հիմնական պատնեշ. առաջին` Քոչարյանի մարդը, հետևաբար նաև նրա «տրոյական ձին» լինելու հետ կապված կասկածները, երկրորդ` իշխանության և նրա կողմից որպես այլընտրանքային դրածո թեկնածու լինելու և խոշոր մունիպուլյացիոն պրոյեկտ լինելու հետ կապված ոչ պակաս ակտուալ կասկածները:

Տեսականորեն չի բացառվում, իհարկե, որ նաև ՀՀԿ-ն կարող է համաձայնել համակարգայի այս փոփոխություններին: Ի վերջո ծայրահեղ դեպքում սա իշխանությունը պահելու լավ հնարավորություն կարող է տալ Սերժ Սարգսյանին: Հարց է առաջանում. արդյոք այդ դեպքում օրակարգը ներկայացրած ուժերը պատրա՞ստ են սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, եթե նա ընդունի ներկայացված պայմանները: 2008թ. նախագահական ընտրություններից հետո իշխանական կոալիցիան ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի  ներգրավմամբ ձևավորվեց կոնկրետ օրակարգի շուրջ: Դրա կետերի մեծ մասն առ այսօր իրականացված չէ, թեև դրանից հետո 4 տարի կոալիցիան պահպանեց գոյությունն առանց ՀՅԴ-ի:

Ավելին, Սերժ Սարգսյանը, առանց ունենալու բոլոր ուժերի համաձայնությունը, 2009-ին պաշտպանեց գաղտնիության պայմաններում մշակված հայ-թուրքական զույգ արձանագրությունները, որը ՀՀ արտգործնախարարը Ցյուրիխում ստորագրեց նույն տարվա հոկտեմբերին: Այսինքն` իր պաշտոնավարման ողջ ընթացքում Սերժ Սարգսյանը երբևէ չի գործել այդ օրակարգի շրջանակներում և որևէ երաշխիք չի կարող տալ, որ այդպես վարվելու է նաև նոր պլատֆորմի շրջանակներում մյուս ուժերի հետ համագործակցելու պարագայում:

Սակայն սա միակ խնդիրը չէ: 

«Փորձված թանի» ֆենոմենը կամ` դեժավյու

Մեկնարկած այս գործընթացը շատ նմանություններ ունի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ ձևաչափով միասնական միջկուսակցական շտաբի ստեղծմանը և դրա շուրջ առաջացած աժիոտաժին`  թե ընդիմադիր դաշտի հավաքագրման և թե իշխանության դիմադրության մասով: ԱԺ ընտրություններից հետո պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն այդ շտաբի այսպես կոչված գործունեությանը միացել էր բացառապես իր PR-ի համար. դա քողազերծեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով, ԱԺ պատգամավորի մանդատից ստիպողաբար հրաժարվելուց հետո չարախնդությամբ խոստովանեց, որ Ծառուկյանն է իր ֆինանսական «ներդրումներով» ապահովել շտաբի բնականոն աշխատանքները և որ դա նրա պրոյեկտն է եղել:

Ինչպես այն դեպքում, հիմա էլ կոնսոլիդացիոն նոր գաղափարը, տվյալ դեպքում պառլամենտական կառավարման սիստեմին և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հետ կապված, հրապարակ է բերվում ընտրությունների նախօրեին և նույն ուժի նախաձեռնությամբ: Արդյոք կա՞ որևէ երաշխիք, որ պարզապես չի խաղարկվում խորհրդարանական ընտրություններում կիրառված և իշխանության վերարտադրության կանխարգելման իրական մեխանիզմների ստեղծումը վիժեցնելու տեսանկյունից իրեն լիարժեքորեն արդարացրած միջկուսակցական շտաբի նմանությամբ ինչ-որ նոր բան:

Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե առաջիկա ընտրությունների ընթացքը վերահսկելու, և որևէ ուժի մանևրելու ու խուսանավումների հնարավորությունները բացառելու ուղղությամբ ինչ կոնկրետ և համոզիչ քայլեր կձեռնարկվեն պլատֆորմի շուրջ համախմբվող ուժերը:

Բայց սա էլ կարող է դեռ բավարար չլինել: Խնդիրն այն է, որ դեռ հարկ է լինելու համոզել հասարակությանը, որ կառավարման համակարգի փոփոխությունն անմիջապես ենթադրում է իշխանության և իշխանավարման այս ճահճային համակարգի ու ավանդույթների փոփոխություն: Որովհետև մարդիկ շատ բնական հարց են տալու` ինչպե՞ս կարող են այս կուսակցություններն իր կյանքում որակական փոփոխություններ բերել` կառավարման համակարգը փոխելով, երբ իրենք, թերևս բացի ՀՅԴ-ից, ներքին ժողովրդավարության ու ազատությունների հարգման ավանդույթներ չունեն, երբ գրեթե բոլոր կուսակցականները սեփական լիդերների պարզ համհարզներն են` անդեմ ու անլեզու, երբ որոշումները կայացվում են լիդերների կողմից միանձնյա` այն էլ ոչ թե հրապարակային, հանրության առջև բաց ու թափանցիկ, այլ կուլիսային-գործարքային մակարդակով: Ինչպե՞ս կարող են այս որակի կուսակցություններն իրականացնել երկրի կառավարումը և ի՞նչ տարբերություն` իրենք նախագահական համակարգի ստեղծած ավտորիտա՞ր ռեժիմի պատանդներն են, թե՞ խորհրդարանական: Կամ` ինչպե՞ս են քաղաքական, ընտրական համակարգերի առողջացման մասին խոսում ուժեր, որոնք չեն խուսափում բացահայտ ընտրակաշառքներ բաժնելուց, ընտրողներին նվաստացնելուց, այդպիսով ընտրական նույն համակարգը շարունակաբար բռնաբարելուց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter