HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ձգտել ռեւանշի

Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է մեր ընտրանու կազմը, որը 3 օրից պատրաստվելու է նոյեմբերի 14-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Լիտվա հանդիպմանը: Հիշեցնենք, որ սա թիմերի միջեւ արդեն երրորդ խաղն է, ընդ որում՝ բոլորն էլ ընկերական: 2000 թ. Կաունասում Հայաստանի հավաքականը Անդրեյ Մովսիսյանի ու Արթուր Պետրոսյանի գոլերի շնորհիվ հաղթեց 2-1 հաշվով, իսկ անցյալ տարվա օգոստոսին նույն քաղաքում մեր թիմը պարտվեց 0-3 հաշվով: Այս վերջին հանդիպման արդյունքը մեծ հաշվով անակնկալ էր, քանի որ այդ ընթացքում՝ «Եվրո-2012»-ի շրջանակներում, Հայաստանի ընտրանին աչքի էր ընկնում վստահ ելույթներով:

Սակայն այն ժամանակ մեծ ազդեցություն ունեցավ թիմի մի քանի երիտասարդ խաղացողների անվստահ խաղը: Մասնավորապես՝ դարպասապահ Կարեն Իսրայելյանը իր մեղքի մեծ բաժինն ուներ բաց թողած առաջին երկու գնդակի դեպքում, անտեղի կարմիր քարտ ստացավ կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը, ինչն առավելություն տվեց տանտերերին: Ինչպես հայտնի է, Իսրայելյանը վաղուց չի ընդգրկվում ոչ միայն ազգային, այլեւ երիտասարդական հավաքականների թեկնածուների թվում, իսկ Հարոյանը երիտասարդականի թեկնածու է:

Ընկերական բնույթի հանդիպումները որպես կանոն փորձամրցում ու ստուգատես են թիմերի համար, որոնց ժամանակ մարզիչները նոր տակտիկական սխեմաներ են փորձարկում, դիտարկում տվյալ շրջանում խաղացողների մարզավիճակը: Այս հանդիպումները նաեւ լավ հնարավորություն են կոլեկտիվի համար՝ կրկին համատեղ մարզվելու, խաղալու, թիմային ընդհանուր ռիթմից չընկնելու, քանի որ առաջիկայում ձմեռային արձակուրդներն են ու նման հնարավորություն, ըստ մեր թիմի գրաֆիկի, կլինի մեկ էլ մարտի 22-ին, երբ մերոնք Երեւանում կհյուրընկալեն Թուրքմենստանին: Չնայած չի բացառվում, որ փետրվարին նույնպես լինի խաղ:     

Այս անգամ հավաքականից բացակայում է ձախ պաշտպան Լեւոն Հայրապետյանը, որը վնասվածք էր ստացել Բուլղարիայի հետ սեպտեմբերյան արտագնա խաղում: Առաջին անգամ հրավիրվել է Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը, որը, ՀՖՖ-ի տեղեկացմամբ, փաստաթղթային խնդիրներ ունի, ու նրա մասնակցությունը հարցականի տակ է: Ալեքսանյան-Արզումանյան-Մկոյան-Եդիգարյան հիմնական պաշտպանական քառյակը տեղում է: Քանի որ խաղն ընկերական է, միգուցե տեսնենք Կամո Հովհաննիսյանին, Հովհաննես Համբարձումյանին եւ Տարոն Ոսկանյանին:

Կիսապաշտպանությունում խնդիրներ, ըստ էության, չկան: Հրավիրվել են բոլոր նրանք, ում վաղուց սովոր ենք տեսնել այդ գծում: Հետաքրքիր կլինի կրկին ականատես լինել Օզբիլիզ-Մխիթարյան-Մարկոս-Ղազարյան հարձակողական քառյակի գործողություններին: Քանի որ մրցակիցը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակի 119-րդ տեղում գտնվող Լիտվան է, մեր թիմը պետք է որ խաղա մեկ հենակետայինով՝ Արթուր Եդիգարյան կամ Կառլեն Մկրտչյան: Չնայած Վարդան Մինասյանը գուցե հենց խաղասկզբից դաշտ դուրս բերի մյուս կիսապաշտպաններից մեկին կամ մի քանիսին՝ Մանոյան, Մալաքյան, Ոսկանյան, Մուրադյան:

«Կրասնոդարն» արդեն տեղեկացրել է, որ Յուրա Մովսիսյանը վնասվածք ունի, ու հարցականի տակ է նաեւ նրա մասնակցությունը: Մինասյանը թերեւս խաղալու հնարավորություն տա եւ Մանուչարյանին, եւ Սարկիսովին:

Հավաքականի խաղացողներից չեն հրավիրվել կիսապաշտպաններ Զավեն Բադոյանն ու Արթուր Յուսպաշյանը: Բելառուսական «ԲԱՏԷ»-ի խաղացող Բադոյանը չի ընդգրկվում չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցող ակումբի հիմնական կազմում: Մյուս կողմից՝ հանդիսատեսը երեւի առիթ կունենա գնահատել չեխական «Վիկտորիայի» ներկայացուցիչ, նախկին փյունիկցի Էդգար Մալաքյանի խաղը:      

Չնայած մրցավեճն ավելի շատ փորձարարական բնույթ ունի, սակայն մեր ընտրանին պիտի ձգտի ռեւանշ վերցնել անցյալ տարվա պարտության դիմաց ու, բացի դրանից, հաղթանակի միջոցով փոքր-ինչ բարելավի իր տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում, որտեղ այժմ 82-րդն է հակառեկորդային 18 տեղով նահանջելուց հետո: 

Լուս.՝ Լիտվա-Հայաստան. 10.08.2011 (ffa.am)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter