
35 հազար դրամով «ապրող» Մկրտիչ Մինասյանը ձեռք է բերել 50.000 դոլարանոց «Մերսեդես»
Երբ Ազգային ժողովում քննարկվում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնելու կառավարության ներկայացրած օրինագիծը, որով հունվարի 1-ից 32.500 դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը դառնալու է 35.000 դրամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը «Հետքի» հետ զրույցում ասում էր, թե բարձրացված գումարի չափը բավարար չէ, սակայն ինքը կարող է մեկ ամիս ապրել 35.000 դրամով:
«Շատ դժվար է, բայց եթե ստիպված լինեմ, կփորձեմ ապրել: Իմը մի քիչ ուրիշ է. չեմ խմում, չեմ ծխում, պրակտիկորեն մսեղեն չեմ օգտագործում: Որպեսզի խոլեստերինս չբարձրանա, առանց յուղի բրինձ եմ խաշում ուտում»,-ասում էր ՀՀԿ-ական պատգամավորը:
Ուսումնասիրելով Մկրտիչ Մինասյանի 2011թ-ի գույքի ու եկամուտների հայտարարագիրը, պարզվում է, որ պատգամավորն ամենեւին էլ 35.000 դրամով ապրողներից չէ եւ նրա եկամուտները մի քանի անգամ ավելին են իր հայտարարածից:
Հայտարարագրի եկամուտներ բաժնում Մկրտիչ Մինասյանը հայտարարագրել է 3 մլն 387 հազար 250 դրամ` այդպես էլ չնշելով, թե նշված գումարը որտեղից իրեն: Ենթադրում ենք, որ դա պատգամավորի մեկ տարվա աշխատավարձն է:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, 2011թ-ի սկզբին ունեցել է 1 մլն 500 հազար դրամ, իսկ տարեվերջին` 10 միլիոն, ինչպես նաեւ 3000 դոլար տարեսկզբին, իսկ տարեվերջին` 10.000 դոլար:
Թե ինչով է պայմանավորված Մկրտիչ Մինասյանի եկամուտների կտրուկ աճը` հստակ չէ, քանի որ նա, բացի վերը նշված 3 մլն դրամից, մի փոքր ավելի գումարից այլ եկամուտ չի հայտարարագրել:
Նշենք, որ նա նույն թվականին գնել է նաեւ 50.000 դոլար արժողության «Մերսեդես G500» մակնիշի ավտոմեքենա:
Եկամուտների կտրուկ աճ է արձանագրվել նաեւ նրա կնոջ` Հասմիկ Մինասյանի դեպքում: Նա էլ առանց աղբյուրը նշելու հայտարարագրերի «եկամուտներ» բաժնում առանձին-առանձին նշել է 3 եւ 8 մլն դրամ: Բացի այդ, Հասմիկ Մինասյանը տարեսկզբին հայտարարագրել էր 1 մլն 500 հազար դրամ, տարեվերջին` 7 մլն, ինչպես նաեւ 35.000 դոլար տարեսկզբին, որի չափը տարեվերջին հասել է 42.000 դոլարի:
Մեկնաբանություններ (11)
Մեկնաբանել