HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ոսկե ցլիկի» ավանգարդ բեմականացում Գյումրիում կամ «գողություն» օրը ցերեկով

«Նույն գունավոր մետաղն է, նույն կաթսայատունն է, նույն մանկական երկաթուղին է, կարելի է թալանել-տանել եւ Գյումրին ձայն չի հանի: Իր գրպանն է Գյումրին՝ սկզբից մինչեւ վերջ, աղետից հետո՝ առավել եւս, եւ էսօր Կառավարությունը հանկարծակիի է գալիս, որ հանկարծ մտավորականներ գնում, ասում են՝ սպասի, լսի, սա մեր ժառանգությունն է, սա Արման Ավետիսյանի ժառանգությունը չէ:

Ինքն իրա տան եղած նկարների ժառանգն է, բարի, բայց էստեղ Մինաս Ավետիսյանը վճարվել է արած գործերի համար, մարդիկ իրենց 13-րդ աշխատավարձն են տվել: Մի խոսքով՝ մեղավորը Կառավարությունն է, եւ մենք այսօր շատ որոշակի առաջարկներ ունենք Կառավարությանը եւ անելու ենք, եւ հասնելու ենք նրան, որ վարչապետի մոտ ընդունելություն ունենանք, եւ տիկին նախարարն իր խնդիրը ներկայացնի, որպեսզի հասկանանք՝ մե՞զ հետ է, թե՞ մեզ հետ չի: Մեծ հաշվով, սա բիզնես է, ու մենք դա հասկանում ենք, բայց մենք չենք զիջելու»,- հայտարարեց Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանը «Ասպարեզ» ակումբում այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Հունիսի 10-ին Մինաս Ավետիսյանի որմնանկարները տեղափոխվել էին Գյումրիից Երեւան: Այն դեպքում, երբ նախնական համաձայնություն էր եղել դրանք առայժմ թողնել տեղում, մինչեւ խնդրի շուրջ բանակցող կողմերը կգային որոշակի եզրահանգման:

Նշված օրը խնդրով զբաղվող հանձնախմբի երեք անդամներ՝ նկարիչ Գարիկ Մանուկյանը, քանդակագործ Արթուր Գեւորգյանը եւ լրագրող Հասմիկ Մելքոնյանը, հրավիրվել էին մշակույթի նախարարություն քառակողմ բանակցությունների:

Բանակցություններին մասնակցել են հանձնախմբի անդամները, մշակույթի նախարարը եւ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը: Բացակայել է «Արմենիա օդանավակայաններ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը:

Նախարարը հայտարարել է, թե ինքը չի ցանկացել, որ հանձնախմբի անդամներից որեւէ մեկը հանդիպի Էռնեկյանի ներկայացուցչի հետ: Հանդիպումը կայացել է ժամը 12:30-ին եւ տեւել 4 ժամ:

Այդ ընթացքում քննարկման մասնակիցներն այցելել են նաեւ Երեւանի «Ղռեր» կոչվող թաղամաս, որտեղ նախկին Սովմինի բաստուրմայի արտադրամասում պիտի լիներ Արման Ավետիսյանի մատնանշած լաբորատորիան:

Նկարիչ Գարիկ Մանուկյանի պնդմամբ՝ այնտեղ բացակայել են այն պայմանները, որոնք իբրեւ թե կոչված էին ապահովելու ռեստավրացիոն աշխատանքների բարձր որակը:

«Իմ այն հարցին, թե 13-ը 4-ի վրա որմնանկարները ո՞նց եք հանելու, Արմանը պատասխանեց, թե պատն ենք քանդելու: Իսկ Գյումրիում նման անհրաժեշտություն չկար»,-իր տպավորությունները ներկայացրեց Գարիկ Մանուկյանը:

Ժամը 16-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածում հանձնախմբի անդամներն այս անգամ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի հետ քննարկել են որմնանկարների Գյումրիում իրականացվելիք վերականգնողական աշխատանքների բոլոր փուլերը: Քննարկումից բացակայել է «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահը:

Հենց այդ ժամանակ էլ տեղեկություն է ստացվել, որ որմնանկարները Գյումրիից տեղափոխվում են Երեւան:

«Ոսկե ցլիկի» դասական բեմականացումն է եղել ավանգարդ տարբերակով»,- նկատեց ասուլիսի մասնակից քանդակագործ Արթուր Գեւորգյանը: Հանձնախմբի անդամները վստահ են, որ վերեւից հրահանգ, այնուամենայնիվ, եղել է:

«Մենք չենք կարծում, որ իրանց ինչ-որ «ճ» կլասի ենթակա հանկարծ ինքնագլուխ որոշեր որմնանկարները բարձել մեքենան ու տանել Երեւան»,- եզրափակեց Հասմիկ Մելքոնյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter