HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բոլորը գիտեին միայն Վրաստանի հիմնը, Հայաստանի հիմնը ոչ մի երեխա չգիտեր». սահմանամերձ Աղքյորփի (վիդեո)

Վրաստանի սահմանամերձ հայկական գյուղերը «Մայրենի լեզվի» դասագրքերի աջակցություն էր խնդրում Հայաստանից 

Վրաստանահպատակ հայկական գյուղերի դպրոցներում սովորող երեխաներին շաբաթական 5 ժամ ուսուցանվում է «Հայոց լեզու և գրականություն», սակայն հայ երեխաները զրկված են «Հայ ժողովրդի պատմություն» ուսանելու իրավունքից: Հայկական դպրոցներում հայ երեխաներին շաբաթական 5 ժամ դասավանդվում է «Վրաց լեզու», 3-4 ժամ «Վրաստանի պատմություն» և «Վրաստանի աշխարհագրություն»: Վրաստանի գիտության և կրթության նախարարությունը ոչ անհասկանալի դրդապատճառներով, հայկական դպրոցներին ամեն տարի ճիշտ ժամանակին ապահովում է անվճար վրացերեն դասագրքերով:

Հայաբնակ Աղքյորփի գյուղի 106 աշակերտ ունեցող դպրոցի «Հայոց լեզվի» և «Գրականության» ուսուցչուհի Անահիտ Կարապետյանը նոյեմբերի 8-ին «Հետքին» հայտնեց, որ հայոց լեզվի և գրականության դասագրքերը ծրագրերի հետ իրենց հատկացնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը. «Դասագրքերի պրոբլեմներ ունենք: «Հայոց լեզվի» մեր ունեցած դասագրքերը ծրագրերին չեն համապատասխանում: Նոր ծրագրերը անցնում ենք 2000թ.-ին տպագրված դասագրքերով, այսինքն` անցնում ենք այն դասագրքերով, որոնք կան մեր գրադարանում: Նույն վիճակում են նաև տարրական դասարանների «Մայրենի լեզվի» դասագրքերն ու ծրագրերը»,- ասաց ուսուցչուհին:

Վերջինս նաև հայտնեց, որ միայն 5–րդ և 6-րդ դասարանների «Հայոց լեզվի» դասագրքերն ու ծրագրերն են համապատասխանում միմյանց: Դրանք դպրոցն ստացել է երկու տարի առաջ: Դասագրքերի հետ կապված` Աղքյորփի գյուղի դպրոցի տնօրեն Վիոլետա Սուքիասյանը նույնպես դժգոհեց ՀՀ կրթության և գիտության նախարարությունից. «Ստուգել ենք, այն գրքերն են մեզ ուղարկում, որոնք Հայաստանում գործածությունից դուրս են»,- ասաց նա:

Աղքյոփիի դպրոցի 3-րդ դասարանի ուսուցչուհին հայտնեց, որ իր դասարանի 13 աշակերտներից «Մայրենի լեզվի» դասագիրք ունի ընդամենը 5-ը:

Նա «Մայրենի լեզվի» դասագրքերի աջակցություն էր խնդրում Հայաստանից: Վրաստանի հայկական դպրոցներում տարաձայնություններ կան հայ ժողովրդի պատմություն առարկայի ուսուցման շուրջ: Վիոլետա Սուքիասյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ իր ղեկավարած դպրոցը Վրաստանի Մարնեուլի շրջանում ամենալավ դպրոցներից մեկն է համարվում. «Վերջին 4 տարում 5 մեդալակիրներ ենք ունեցել»,-ասաց տնօրենը և հավելեց, որ իր համար հայապահպանության խնդիրը առաջնահերթ խնդիրներից մեկն է:

Այսուհանդերձ, Վիոլետա Սուքիասյանը ուղղակի հիացած էր վրացի ուսուցիչների մանկավարժական տաղանդով. «Այս սեպտեմբերի 1-ին ես աշակերտներին խնդրեցի երգել Հայաստանի հիմնը, բայց տարրական դասարաններում, որտեղ խստագույնս պարապվում են, բոլորը գիտեին միայն Վրաստանի հիմնը, Հայաստանի հիմնը ոչ մի երեխա չգիտեր»,- ասաց նա և դրա համար նախատինք ուղղեց հայ ուսուցիչների հասցեին: «Գտնում եմ այսպես, որ մեր հայ ուսուցիչները զլանում են»,- ասաց նա:

Աղքյորփիի դպրոցում Չանախչիի դպրոցը

Անդրադառնալով «Հայ ժողովրդի պատմություն» առարկային` Վիոլետա Սուքիասյանն ասաց, որ ֆակուլտատիվ պարապմունքների միջոցով «Հայ ժողովրդի պատմություն» ուսուցանելու համար «պահանջում, աղաչում և խնդրում է» հայ ուսուցիչներին: Տնօրենը մատնացույց արեց դպրոցի պատմության տարեց ուսուցչուհի Անուշ Օլքինյանին և ասաց. «Այ, նստած է պատմության ուսուցչուհին, երբևէ ասե՞լ եմ մի տվեք «Հայ ժողովրդի պատմություն»: Դա իրեն իրավունքն է, թող անի: Ես ասել եմ դասերից հետ կես ժամ զբաղվեք այդ հարցով»: Ուսուցչուհի Անուշ Օլքինյանն էլ ասաց, որ ընդհանրապես Վրաստանում «Հայ ժողովրդի պատմություն» դասավանդելու հարցը, մասնավորապես իր համար որպես պատմության ուսուցչուհի, ամենացավոտ հարցն է. «Ցավոք, դա մեր մակարդակներով լուծվող հարց չէ»: Պարզվեց, որ հայ երեխաներին «Հայ ժողովրդի պատմություն» ուսուցանելու մեղադրանքով Անուշ Օլքինյանը Վրաստանի գիտության և կրթության նախարարության տեսուչների կողմից հատուկ ստուգմների է ենթարկվել: «Ինձ մեղադրում էին Վրաստանի պատմության ժամերին հայ ժողովրդի պամություն ուսուցանելու համար, դրա համար էլ ստուգումներ արեցին»,- ասաց նա: Տեսուչները ստուգմների ժամանակ տեսել են, որ ուսուցչուհու դասամատյանի գրառումները համապատասխանում է ծրագրին: Տեսուչները որոշել են խնդիրը պարզել աշակերտների միջոցով: «Դասարանում երեխաներին հարցրին և տեսան, որ ես Վրաստանի պատմություն եմ դասավանդել»,- պատմեց Անուշ Օլքինյանը:

«Նա բոլորովին ուրիշ հարցից է խոսում: Իշխանափոխություն էր տեղի ունեցել դպրոցում, տնօրենը գնաց ուրիշ պաշտոնի, իրարանցում առաջացավ և եկան դպրոց ստուգումների»,-Անուշ Օլքինյանին փորձեց հերքել տնօրեն Սուքիասյանը:

Վրաստանի Մարնեուլի շրջանում գործող 80 դպրոցներից 60 –ը ադրբեջանական, 9 –ը` հայկական և 11-ը վրացական են: Չանախչիի հայկական 9-ամյա բազային դպրոցը, որն ունի ընդամենը 22 աշակերտ, 1988թ.-ի երկրաշարժից հետո աշխատում է տնակային պայմաններում: Աղքյորփիի հայկական դպրոցը տեղավորված է գյուղի հին գրասենյակներից մեկում: Աղքյորփիում պատմեցին, որ ադրբեջանական դպրոցների վերակառուցման և այլ աջակցությունները ապահովում է ադրբեջանական «Սոկար» նավթարդյունաբերական ընկերությունը:

Մեկնաբանություններ (1)

Պապիկ Ռևազյան
Սուտ են ասում, ես էլ եմ այդ դպրոցը ավարտել ու սովորել եի ու գիտեի Հայաստանի հիմնը: Փոխանակ Հայաստանին գովաբանեն, մի բան էլ քննադատում են: Ազգի դավաճան ես կհամարեի նման մարդկանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter