HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սովորական անմահություն

«Հիմա արդեն հաստատապես կարելի է ասել, որ հայերը շատ լուրջ դեր են կատարել Միջին Արեւելքում լուսանկարչությունը զարգացնելու գործում»,- ասում է լուսանկարիչ Վահան Քոչարը։

Նա կազմողն ու հրատարակիչն է վերջերս Երեւանում լույս տեսած «Հայ լուսանկարիչներ» ծավալուն հանրագիտարանի, ուր տեղ է գտել հայ լուսանկարչության անցյալի ու ներկայի զգալի մասը։ 19-րդ դարից մինչեւ մեր օրերը ներկայացված է շուրջ 530 լուսանկարիչ, մոտ 800 լուսանկար (հեղինակների դիմանկարներ եւ աշխատանքներ)։ Քառասուներեք էջ են զբաղեցնում 19-ի վերջի եւ 20-րդ դարասկզբի հայ լուսանկարիչների կնիքները։

Հանրագիտարան ստեղծելու գաղափարը պատկանում է Վահանի հորը՝ անվանի լուսանկարիչ Անդրանիկ Քոչարին։ Ավելի ճիշտ՝ այս հանրագիտարանն Անդրանիկ Քոչարի մտահղացման փոքր մասն է միայն։ Նա երազում էր ստեղծել հայ լուսանկարչության ինստիտուտ-թանգարան, որտեղ ներկայացված կլիներ ամեն ինչ՝ լուսանկարչական գործիքներ, հեղինակներ, կենսագրություններ եւ աշխատանքներ, սակայն չհասցրեց իրականություն դարձնել իր գաղափարը, քանի որ սովետական տարիներին դա գրեթե անհնար էր։

Հիմա էլ դժվար է հետաքրքրություն առաջացնել այն գործերի հանդեպ, որոնք շահույթ չեն խոստանում։ Բազմաթիվ դռներ բախելուց եւ մերժումներ ստանալուց հետո Վահան Քոչարը գրքի հովանավորության խնդրանքով դիմել էր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Լուսահոգի վարչապետը՝ գնահատելով աշխատության արժեքն ու կարեւորությունը, սիրահոժար հանձն էր առել հովանավորությունը։

«Այս գիրքը շատ կարեւոր է, քանի որ առաջինն է, բայց ասել թե ամբողջական պատկերացում է տալիս հայկական լուսանկարչության մասին, սխալ կլինի»,-ասում է Քոչարն ու ավելացնում, թե արդեն նախաձեռնել է նույն հանրագիտարանի քառահատոր տարբերակի կազմումը։

«Մի հեղինակի, մի գործի ձեռք ես տալիս, տակից նորանոր շերտեր են բացվում,-ասում է նա։-Մանրուքներ կան, որ կարող ես նույնիսկ ուշադրություն չդարձնել, բայց երբ դարձնում ես, պարզվում է ամենեւին էլ մանրուք չէր»։

Վահանը բերում է թիֆլիսցի լուսանկարիչ Գրիգոր Տեր-Ղեւոնդյանի օրինակը։ Նրա շնորհիվ այսօր հնարավորություն ունենք տեսնելու մեր մշակույթի մեծերի դիմանկարները՝ Րաֆֆի, Միքայել Նալբանդյան, Գաբրիել Սունդուկյան, Հակոբ Պարոնյան, Ռափայել Պատկանյան, Ղազարոս Աղայան։ Գրիգոր Տեր-Ղեւոնդյանի բաժնում կողք-կողքի դրված են Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի երկու լուսանկար, որոնք լուրջ բացահայտման առիթ են եղել։

«Նախ սկսեմ նրանից, որ Տեր-Ղեւոնդյանի ֆիրմային կնիքը միակն է, որի վրա հիմնադրման տարեթիվ կա։Ռուսերեն գրված է, որ ֆիրման գոյություն ունի 1864 թվականից։ Հետո ա սեմ, որ լուսանկարիչ Տեր-Ղեւոնդյանը հայրն է անվանի կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղեւոնդյանի։ Ուրեմն Խրիմյան Հայրիկի այն նկարը, որտեղ նա երիտասարդ է, ունի մի լանջախաչ, ռուսերեն ստորագրված է Ա.Տեր-Ղեւոնդյան։ Մյուս նկարը, որտեղ Խրիմյան Հայրիկն արդեն կաթողիկոս է, ճերմակ մորուքով, երեք խաչով, ստորագրված է Գ. Տեր-Ղեւոնդյան։ Այստեղից պարզ է դառնում, որ Գրիգորի հայրն, ում անունը հավանաբար Անուշավան էր, նույնպես լուսանկարիչ է եղել»։

Աբդուլլահյաներ. «Թռչնակով աղջիկը»

Հիմա Քոչարը փորձում է գտնել տեղեկություններ Ա. (Անուշավա՞ն) Տեր-Ղեւոնդյանի մասին, հայթայթել այդ հեղինակի այլ լուսանկարներ։ Նույնկերպ Աբդուլլահյան եղբայրների մասին եղած տեղեկություններն ուսումնասիրելիս պարզել է, որ Երուսաղեմի պատրիարք Եսայի Թալասեցի Կարապետյանը եղել է լուսանկարչության մեծ սիրահար եւ այնքան է սիրել այդ գործը, որ Սուրբ Հակոբյանց վանքի տարածքում հիմնել է «Կարապետյան» լուսանկարչատունը։ «Տասնյոթ տարի այդ լուսանկարչատունը գործել է,-ասում է Վահանը։-Եւ տասնյոթ տարում հայ ու արաբ անվանի լուսանկարիչներ են կրթվել այդ հաստատությունում»։

Պարզվել է նաեւ, որ հայ ու արաբ լուսանկարիչներն այդտեղ սովորում էին պատրիարքի գրած մի ձեռնարկով, որը չի տպագրվել, բայց ձեռագիրը պահպանվում է։

Բացի կրթություն տալուց, «Կարապետյան» լուսանկարչատունը շատ կարեւոր նշանակություն է ունեցել նաեւ լուսանկարչության տարածման գործում։ «Հազարավոր, տասնյակ հազարավոր ուխտավորներ էին գալիս Երուսաղեմ, եւ իրենց ուխտը հաստատելու համար նկարվում էին ու նկարներն առած գնում աշխարհի տարբեր կողմերը։ Փաստորեն մի տեղ, եթե լուսանկար դեռ չէին տեսել, առաջին անգամ տեսնում էին ու իմանում, որ նման բան կա»։

«Ո՞վ է եղել հայ առաջին լուսանկարիչը» հարցին Վահան Քոչարը չի շտապում պատասխանել։ «Եթե էս գրքով նայենք, առաջինը եղել են Աբդուլահյան եղբայրները, ավելի ճշգրիտ Վիչեն Աբդուլահյանը,-ասում է նա։-Բայց գիտե՞ս, աշխատանքի ընթացքում էնքան անակնկալներ են եղել, որ ես, կարծում եմ, դեռ պատրաստ չեմ քո հարցին պատասխանելու»։

Ըստ Վահան Քոչարի, փայտե եռոտանիով լուսանկարչական խցիկն Օսմանյան կայսրությունում կոչում էին հայի գործիք։ Սա խոսում է հայերի եւ լուսանկարչության կապի ընդարձակության մասին։ «Ինչ իմանամ, վաղը մեկը կարող ա էս գիրքը կարդա, գա ու ասի, շատ կներեք, բայց առաջինը եղել ա էսինչ-էսինչը ու բերի նկարներն էլ, կենսագրությունն էլ»,-ասում է Վահանը։

Քառահատոր հանրագիտարանը, որի վրա հիմա աշխատում է Վահան Քոչարը, նույնպես չի կարող ամենասպառիչը լինել։ Սա անընդհատ աշխատանք է։ «Հայերի մեծ բարեկամ Արմին Վեգների լուսանկարների ցուցահանդեսում մի նկար տեսա,-հիշում է,- ցուցադրության հեղինակներն այդ գործը վերագրել էին Վեգներին, բայց իրականում դրա հեղինակը Պարսից շահի լուսանկարիչ Անտուան խան Սեւրուգինն է»։

Այս հանրագիտարանը եւ հետագայում դրա ընդլայնված տարբերակը կարող են ուղեցույց լինել նաեւ մասնագետների համար։ «Եթե ցուցահանդես կազմակերպողները ծանոթ լինեին Սեւրուգինի նկարներին, գոնե կկասկածեին դա Վեգների՞նն է, թե՝ ոչ»։ 

Անտուան խան Սեւրուգին. «Պատիժ` քաղաքային
իշխանությունների հանդեպ անհարգալից
արտահայտվելու համար»

Լուսանկարիչներից առաջ մարդկանց նկարում էին գեղանկարիչները։ Դա շատ թանկ հաճույք էր, որից օգտվում էր միայն արտոնյալ խավը՝ իշխաններն ու ազնվականները։ Լուսանկարչությունն ավելի դեմոկրատական էր։ Այդ ծառայությունից կարող էին օգտվել միջին եւ նույնիսկ ցածր խավի մարդիկ։ Բացի նրանից, որ ամեն մարդ կարող էր գալ ու նկարվել, լուսանկարիչներն իրենք էլ ուշադրություն էին դարձնում հասարակության տարբեր խավերի կյանքին։ Օրինակ՝ Անտուան խան Սեւրուգինն, ով Պարսից Նասր-Էդ-Դին շահի պալատի լուսանկարիչն էր, այնպիսի գործեր ունի, որպիսիք այսօր կոչվում են ֆոտոժուռնալիստիկա։

«Հսկայական նյութ ա թողել մարդը հայերի, հրեաների, քրդերի, դերվիշների, Պարսկաստանի հասարակության կյանքի ու կենցաղի մասին։ Ո՞նց են խորոված անում փողոցում, ջուր ծախում, ո՞նց են պատժում հանցագործին. տեսնում ենք նրա նկարներում։ Եւ ինչն է հետաքրքիր՝ այս ամենը նրան ոչ ոք չէր պատվիրում եւ բնականաբար չէին էլ վճարում, ինքը հասկանում էր, որ դա կարեւոր է»։ 

Հ. Սեմերճյան. «Բժիշկ-պատմաբան Վահրամ
Թորգոմյանը եղբոր հետ»

Լուսանկարչական արվեստի հայտնությունը հասարակություն ներմուծեց նոր դեմքերի, որոնք պետք է օժտվեին որոշակի կարգավիճակով։

Ո՞վ էր լուսանկարիչն այդ արվեստի վաղ շրջանում, ինչքանո՞վ էր կարեւորվում նրա գործը, ի՞նչ դիրք ուներ հասարկության մեջ։

«Ի՞նչ դիրք ունե՞ր,- հեգնանքով կրկնում է հարցս Վահան Քոչարը։-Դե գիտես, հասարակության մեջ ամենակարեւորը բժիշկն էր, որ պայքարում էր հիվանդության, այսինքն՝ մահվան դեմ։ Լուսանկարիչն էլ՝ չըխկ, վերցնում ու անմահացնում էր մարդկանց։ Էդքանը՝ ոչ ավել, ոչ պակաս»։ 

«Հայ լուսանկարիչներ հանրագիտարանը ձեռք բերելու համար դիմեք [email protected] հասցեով։ Նույն հասցեով կարող եք նաեւ տեղեկություններ հաղորդել հայ լուսանկարիչների մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter