HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեւհատ Գրիգորյան

Հրազդանի կիրճը երեկ, այսօր, վաղը

Կիրճի ընդհանուր բնապահպանական վիճակը. հիմնահարցեր, կարծիքներ, լուծումներ

«Դեռեւս մինչեւ վերջ ուսումնասիրված չէ», «Մեզ համար դեռ պարզ չէ», «Չկան ոլորտը կարգավորող օրենքներ», «Այդ հարցին համալիր կերպով չեն անդրադարձել»,- ահա այն արտահայտությունները, որոնք առավել հաճախ լսեցինք Հրազդան գետի կիրճի երեւանյան հատվածի բնապահպանական ընդհանուր վիճակի հետաքննությունն անցկացնելիս: Իսկ «աչքաչափով» տրվող բնորոշումը կիրճի վիճակին չնչին բացառություններով սա էր` անմխիթար:

Այս ուսումնասիրությունների ժամանակ մի ուշագրավ օրինաչափություն էլ ի հայտ եկավ. տարբեր ատյաններում Հրազդանի կիրճի նույնիսկ սահմանների մասին տարբեր պատկերացումներ կան: Էլ չենք ասում պրոբլեմների դասակարգման եւ դրանց լուծման հարցերում տարբերությունների մասին: Մի տեղում էին հատվում մեր բոլոր պաշտոնյա եւ անպաշտոն զրուցակիցների կարծիքները. պետք է վերահսկելի դարձնել Հրազդանի կիրճում եւ դրան առնչվող ցանկացած գործունեություն:

Պտույտ մը...

Որ այն եթե վերահսկելի է, ապա միայն` ի վնաս կիրճի, համոզվել կարելի է անգամ մինչեւ որոշ ուսումնասիրությունների թվերին ծանոթանալը: Պարզապես մեկ անգամ իջեք ձոր` ոչ որեւէ «օբյեկտում” դրսի պրոբլեմներից անջատվել-հանգստանալու:

Գրեթե ամբողջ երկայնքով` գետը պաշարված է. նախ` սննդի եւ զվարճանքի օբյեկտներով: Դրանց հետեւում են համաչափ բլուրներով աղբարկույտերի կիլոմետրանոց շարանները: Ձորի երկայնքով իրարից որոշակի հեռավորության վրա վերեւից, հատկապես` գետի ճահճանման հատվածները հսկում են խոշոր արդյունաբերական գործարանները:

Այս համայնապատկերի վրա գետում լվացվող մեքենաներն արդեն մանրուք են թվում, ինչպես նաեւ այն մեծ ու փոքր խողովակները, որոնք անհայտ ծագման հեղուկ են լցնում գետը:

Մեր այցելություններից մեկի ժամանակ ճանապարհը մեզ տարավ-հասցրեց մի ցանկապատի, որի վրայի «Փակ գոտի: Մուտքն արգելվում է» ցուցանակը հիմնավորապես ժանգոտված էր: Ցանկապատից այն կողմ, պարզվեց, Երեւանի ՀԷԿ-ի ջրամբարն է, որը “հսկում» էին մի պահակ եւ մի մեքենավար: Ստրատեգիական այդ օբյեկտը մի ժամանակ պահպանվել է հավուր պատշաճի:

1993-94 թթ. հավաքվել եւ պատերազմ է ուղարկվել նաեւ այստեղի զենք-զինամթերքը: Հիմա ով ասես, երբ ասես` կարող է մտնել ջրամբարի տարածք: Մեքենավար Արմեն Կարապետյանը պատմում է, որ երբեմն իրենց ջահելներ են այցելում, որոնց սրտներն հենց այդ տարածքում է ուզում քեֆ անել: Խոսք ու կռվից հետո մի երկու անգամ ջրամբարի աշխատակիցներին զենքով են փորձել ահաբեկել: Աշխատակիցներն, իհարկե, նման դեպքերում ահազանգում են ներքին գործերի մարմիններ: «Մինչեւ մեկ-երկու ժամից գալիս-հասնում են, էդ տղերքին ճամփա դրած ենք լինում»,- պատմում է Ա. Կարապետյանը:

Այստեղ մեզ հրավիրեցին գարնանը մի քանի գիշեր իրենց հետ հերթապահել` ներկա լինելու ջրամբարի անմիջապես վերեւում տեղակայված «Արմենալ» գործարանից լուսադեմին կատարվող արտանետումներին: Դրանցից, մեր զրուկցակիցների հավաստիացմամբ, ջուրն աչքի առաջ գունափոխվում է, իսկ առավոտյան մակերեսին հայտնվում են անշունչ ձկներ: Ջրամբարում այդ երեւույթին երկար ժամանակ հետեւելով` աշխատակիցներն այդպես էլ չեն գտել որեւէ օրինաչափություն, հաջորդ արտանետման ճշգրիտ ժամկետը կանխագուշակելու համար:

Այդ հրավերից «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը” գարնանն անպայման կօգտվի:

Ուսումնասիրման փուլում են

Մինչ ջրամբարում գտել են ալյումինի գործարանին վնասակար արտանետումներ կատարելիս բռնացնելու ձեւը, Երեւանի էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոնը (ԵԷԱՀԿ) այս հարցում դեռեւս ուսումնասիրության փուլում է:

Տեխնոլոգիաներով նախատեսված է, որ գործարաններում պետք է լինեն մաքրման կայաններ: Կենտրոնի ուսումնասիրություններից պարզվել է, որ կիրճում եւ կիրճի վրա վնասակար ազդեցություն ունեցող 11 խոշոր գործարաններից (ինչպես, օրինակ` «Նաիրիտ», կաշվի, լամպերի, ալյումինի, քարի մշակման գործարաններ, ռադիոկապի միավորում) մի քանիսն ունի մաքրման կայաններ, մի քանիսը` ոչ: Կենտրոնի տնօրեն Խաժակ Կարայանը չունեցողներից նշեց «Նաիրիտ» ԲԲԸ¬ն: Ալյումինի եւ լամպերի գործարանները, իբրեւ նոր վերագործարկվողներ, դեռեւս ուսումնասիրվում են: Ավելի հավանական է, որ դրանք էլ չունեն մաքրման կայաններ, քանի որ դրանց վերաբերյալ պրն Կարայանը բավական մշուշոտ ասաց. «Հավանաբար, կպարտադրենք, կմիջնորդենք, որ բնապահպանության նախարարությունը նույնպես պարտադրի մաքրման կայաններ տեղադրել»:

Բնապահպանության նախարարության Երեւանի տարածքային տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանն այս վիճակը համեմատելով «լավագույն տարիների հետ” (երբ բոլոր ձեռնարկություններն աշխատում էին), այն սասափելի չի համարում: «Գործարանների` փոքր հզորություններով աշխատելու պարագայում դրանց արտանետումներն այդքան շատ չեն, վնասակար չեն: Իհարկե, նորմաներից բարձր են, բայց այդքան վնասակար չեն»: Վերջինիս կարծիքով, այժմ գետը հիմնականում աղտոտում են կոմունալ-կենցաղային կեղտաջրերը:

Ջրմուղ- Աերացիա-Հրազդան` ոչ սիրային եռանկյունի

Էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոնը ուսումնասիություններ է կատարել Հրազդան գետի կիրճում տեղակայված տնտեսվարող սուբյեկտների կողմից բնապահպանական օրենսդրության պահանջները եւ այդ գործում առկա թերություններն ու բացթողումները հայտնաբերելու նպատակով:

2001 թ. մայիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում ուսումնասիրվել է 60 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից 48-ը (կամ` 80%-ը) խախտել են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” եւ ՀՀ այլ բնապահպանական օրենքներ եւ որոշումներ, ՀՀ հողային եւ ջրային օրենսգրքերը, այսինքն` չունեն ջրօգտագործման համաձայնություն եւ ջրահեռացման թույլտվություն: Սակայն դա «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ին չի խանգարել պայմանագիր կնքել այդ 48 սուբյեկտներից 44-ի հետ: Մինչդեռ, համաձայն գործող կարգի, «Ջրմուղ-կոյուղին” ջրօգտագործողի հետ պայմանագիր պետք է կնքի միայն բնապահպանության նախարարության կողմից համապատասխան նորմատիվային փաստաթղթերը ստանալուց հետո: «Ջրմուղ-կոյուղին», պարզվում է, խախտել է նաեւ ՀՀ կառավարության 1999 թ. թիվ 149 որոշմամբ հաստատված «Ջրամատակարարման եւ ջրահեռացման օրինակելի պայմանագրի” հետեւյալ պահանջները. «Չպետք է գերազանցել պայմանագրով սահմանված ջրաքանակը եւ ջրահեռացման համակարգ լցվող կեղտաջրերի քանակն ու թույլատրելի սահմանված նորմաները. աբոնենտի կողմից ընկերության («Ջրմուղ-կոյուղի») ջրահեռացման համակարգ լցվող կեղտաջրերի աղտոտվածության աստիճանը չպետք է գերազանցի «բնապահպանության նախարարության կողմից սահմանված նորմաները»: Բոլոր այս խախտումների թագն ու պսակն, ինչ խոսք, «Ջրմուղ- կոյուղու» կողմից պայմանագրերի կնքումն է 6300 տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնցից համապատասխան թույլտվություն ունեն միայն 123-ը (կամ պայմանագիր կնքած սուբյեկտների 2%-ը):

Ձեւական բնույթ ունի «Աերացիա» մաքրման կայանը»: Ստացված մոտավորապես 300 հազար խմ կեղտաջրեր, ինչպես մտնում են այստեղ այդպես էլ առանց մաքրման (դժվար թե մաքրում կարելի է անվանել մեխանիկական արտադրամասով ջրի ելումուտը) դուրս են գալիս եւ լցվում Հրազդան գետ: 300 հազար խմ` օրական: «Կեղտաջրերի մաքրման մեխանիկական արտադրամասը կիսաքանդ վիճակում է, ճաղավանդակները մաշված են, կոռոզիայի ենթարկված, իրանը եւ ճաղերը դեֆորմացված են, բացակայում են ուղղորդ տարաները. խոշոր թափոնների մանրացման ջարդիչները չեն գործում, էլեկտրաշարժիչները ու պոմպային ագրեգատները մաշված են եւ ենթակա են փոխարինման, ջարդված թափոնների հեռացման պոմպերը չեն գործում, կեղտաջրերի ընդունման խուցը եւ ճաղավանդակներին մոտեցող առվակները լցված են ավազով եւ գործում են գերբեռնվածությամբ»,- կարդում ենք ԵԷԱՀԿ ուսումնասիրությունում: Այսքանից հետո զարմանալի է, որ կեղտաջրերը Աերացիայից դուրս են գալիս նույն կեղտոտվածությամբ եւ ոչ` ավելի կեղտոտ:

Այստեղ կենսաբանական մաքրում առհասարակ չի կատարվում: 1978-ից մինչ օրս Աերացիա կայանում հիմնական վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել, չի վերահսկվում նաեւ արդյունաբերական համալիրից ստացող կեղտաջրերի մաքրման գործընթացը: Աերացիան լաբորատոր ստուգումներ չի կատարում: Երեւի այս պատճառով է, որ Դավիթաշեն համայնքի կեղտաջրերը Աերացիա չեն էլ մտնում, պարզապես թափվում են Հրազդան:

Այս վիճակը շատերը պայմանավորում են Աերացիա մաքրման կայանի` «Ջրմուղ-կոյուղու» արտադրամաս լինելու (այսինքն իրավաբանական անձի կարգավիճակ չունենալու) հանգամանքով: «Դրա ֆինանսավորումը կախված է «Ջրմուղ-կոյուղու» քմահաճույքից»,- ասաց կենտրոնի տնօրեն Խ. Կարայանը:

Վերը նշվածի հիման վրա բնությանը հասցված վնասը հաշվարկել են մոտավորապես 500 մլն դրամ` ըստ այն հաշվարկող տեսչության ներկայացուցիչ Մ. Քամալյանի «շատ չնչին” գումար, ըստ Խ. Կարայանի` “ահռելի չափերի հասնող տուգանք”:

Հրազդան գետ լցվում են բազմաթիվ անհայտ ծագման խողովակներ: Դեռ ուսումնասիրված չէ, դրանք կոյուղաջրե՞ր են, թե՞ ոչ: Չի բացառվում նաեւ, որ դրանք խմելու ջրի աղբյուրներ լինեն: Ինչն արդեն անփույթ տնտեսվարության, բնական ռեսուրսները անխնա վատնելու դեպքերից է:

«Հրազդան գետի ջրի որակը դեռեւս մինչեւ վերջ ուսումնասիրված չէ, բայց նախնական տվյալներով այն անմխիթար է»,- այս գլուխն ավարտենք ԵԷԱՀԿ տնօրենի խոսքով: Եւ հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների ընկերակցությունը դիմել է անկախ փորձագետների, տրամադրել է նրանց ջրի նմուշներ եւ սպասում է դրանց ստուգման արդյունքներին: Դրանք Միացյալ Նահանգներից ստանալուն պես` կհրապարկվեն:

Зри в корень

«Կիրճին հարող գործարանների, օբյեկտների ջրերը Հրազդան գետ լցվում են կոյուղատարներով»,- ասաց բնապահպանության նախարարության Երեւանի տարածքային տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանը: Այսինքն այն կոյուղատարներով, որոնցով կեղտաջրերը պետք է հոսեին դեպի մեկ ընդհանուր կոյուղատար, որն էլ դրանք պետք է Կիեւյան կամրջի տարածքից հասցներ Աերացիա կայան: Կոյուղատարի կառուցումը ֆինանսական պատճառներով ընդհատվել է 1989-ին: «Հրազդան կիրճի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրով», որը կազմվել է Երեւանի քաղաքապետի որոշմամբ, նախատեսվում է այդ կոյուղատարի կառուցումը եւ պրն Քամալյանի հավաստմամբ. քաղաքապետարանը նախաձեռնել է դա: «Այդ հարցն արդեն հրատապ է, որովհետեւ կիրճը աղտոտվում է այն պատճառով, որ Հրազդան գետն աղտոտվում է»:

Իսկ Հրազդան գետը, թեկուզ եւ Երեւանի տարածքում, աղտոտվում է` սկսած Հրազդան քաղաքից, որի համար ժամանակին կառուցվել է կենսաբանական մաքրման կայան: Սակայն այն առայսօր չի գործում: Իսկ վերանորոգումն ու գործարկումը ֆինանսական մեծ ներդրումներ են պահանջում: Հրազդան գետը Երեւան է հասցնում ոչ միայն Հրազդան, այլեւ Չարենցավան, Աբովյան քաղաքների կոմունալ-կենցաղային կեղտաջրերը:

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը կարծում է, որ պետք է փակել կեղտաջրի չարտոնագրված աղբյուրները: Իսկ արտոնագրվածները դարձնել վերահսկելի: Թե ինչպես կփակվեն ջրահեռացման ապօրինի պայմանագիր ունեցող գործող սուբյեկտների 98%-ը կազմող Հրազդան թափվող կեղտաջրի խողովակները, մի քիչ դժվար, եթե ոչ` միանգամայն անիրագործելի է թվում (մանավանդ որ, եթե բացվել են, ուրեմն` ոչ հենց այնպես- Ա. Գ.):

Սակայն պրն Կոսեմյանն էլ պրն Կարայանի նման վստահ հայտարարեց. «Այդ բոլոր սուբյեկտներին կպարտադրենք օրինական դաշտում աշխատել»: Հակառակ դեպքում պատժամիջոցներով եւ անգամ գործունեության դադարեցմամբ սպառնաց: «Նախ իրավական դաշտ պետք է բերել, հետո` վերահսկել»,- ծրագրի վերջնական նպատակը այսպես ձեւակերպեց Ռ. Կոսեմյանը: Սակայն մինչ այդ անհրաժեշտ է նախնական ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված 30 աղբյուրների ծագումն ու վտանգավորության աստիճանը պարզել, մշակել դրանցից վտանգավորների չեզոքացման մեխանիզմներ եւ այլն:

Վերը նշված պաշտոնյաների հավաստմամբ, քաղաքապետարանի եւ բնապահպանության նախարարության համատեղ գույքագրման արդյունքում Հրազդանի կիրճի Երեւանի տարածքում հայտնաբերվել է հասարակական սննդի 15 օբյեկտ: Դրանց մի մասը բնապահպանական փորձաքննություն չի անցել եւ անմիջապես ազդում է գետի աղտոտվածության վրա: Որոշների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, հիմնականում` տուգանքներ: Էկոլոգիական անվտանգության եւ հսկողության կենտրոնի տնօրեն Խ. Կարայանը այդպես էլ չհայտնեց որեւէ պատժվածի կոնկրետ անուն:

Կիրճում գույքագրում անցկացված է, սակայն դրա հիման վրա քարտեզը դեռ չկա: «Կազմվում է,- հավաստիացրեց Խ. Կարայանը,- չենք ուզում սիրողական մակարդակի քարտեզ անել, այլ լուրջ”: Այդ քարտեզում Հրազդան կիրճի, իբրեւ հանգստի գոտու սահմանները կլինեն մինչեւ Երեւանյան լիճ: Այս սահմաններին «ընդդիմադիրները» գտնում են, որ դրանք պետք է հասցնել մինչեւ Աերացիա կայան, քանի որ այնտեղի օբյեկտների վրա էլ պետք է հսկողություն սահմանել եւ Հրազդան գետը նորմալ պահել ամբողջ Երեւանի տարածքում:

Ավելի հեշտ է գետի հունը փոխել

Բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը Հրազդանի կիրճի ակնհայտ երեւացող պրոբլեմներից առաջինը` նույնիսկ ջրի աղտոտվածությունից առաջ, նշում է թափոնների մեծ կուտակումները` եւ արտադրական, եւ կենցաղային, եւ շինարարական: Այս հարցում վերահսկողությունն ընդհանրապես տարիներով բացակայել է:

«Աղբի կուտակում» արտահայտությունը լսելիս բոլորն առաջին հերթին հիշում են հատկապես Կորեայի ձոր կոչվող հատվածը: Այստեղ 1 հա-ից ավելի տարածություն ոչ թե աղբակույտերով է ծածկված, այլ բառացիորեն համատարած աղբանոց է: Անհատ քաղաքացիների ջանքերն այս մասշտաբի արդյունք տալ չէին կարող: Նրանց օգնության են հասել սանիտարական մաքրման ձեռնարկությունները, որոնք կենցաղային եւ այլ աղբը Նուբարաշենի աղբանոց տեղափոխելու փոխարեն այն այսօր էլ թափում են կիրճում: Որոշ տեղերում աղբի կույտերը եզրագծում են գետը: Դրանք հիմնականում մեքենաներով այստեղ բերված եւ բեռնատարի թափքից լցված շինարարական թափոններ են: Կենցաղային աղբի համար շրջակա տարածքներում ապրողները վառելիք չեն ծախսել. ուղղակի դույլերով բերել եւ ձորի պռնկից ցած են թափել: Մոտավոր պատկերացում անգամ չկա, թե ինչքան գումար կպահանջվի այդ աղբակույտերը ձորից հեռացնելու համար: Ավելի հեշտ է թվում ուղղակի գետը վերցնել, մի այլ տեղ դնել` հոսելու կամ էլ հունը փոխել: Կոշտ թափոններից «ամենահիշարժանը» Երեւանյան լճի` Շենգավիթ համայնքին հարող տարածքում գործող երշիկի «Գայանե» արտադրամասի օգտագործած խոշոր եւ մանր եղջերավոր անասունների ոսկորն ու մյուս ոչ պիտանի մասերն են, որոնք ուղղակիորեն թափվում են Երեւանյան լճի մեջ` «ստեղծելով հակասանիտարական եւ վարակիչ հիվանդությունների բռնկման օջախ”:

«Հայաստանի կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը մի այլ արտառոց դեպք հիշատակեց: Մոտավորապես 30 տարի առաջ ինչ-որ ստրատեգիական օբյեկտից հագեցած աղ է լցվել ջուրը, որն այսօր իր հերթին պրոբլեմներ է ստեղծում: Մեղք է Հրազդանը. աղբի մեջ շունչը կկտրվի:

Երեւանի միակ բնական գոտին

Եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով կիրճում հիմնավոր աղբահանություն կատարվի (ինչն, ըստ տեսչության պետի տեղակալ Մարզպետ Քամալյանի, տեղական ինքնակառավարման մարմինների, տվյալ դեպքում` Երեւանի քաղաքապետարանի գործն է), ապա հիմա էլ հարկ կլինի երկրորդ պարանը հանել Հրազդանի վզից: Իհարկե, անհնար բան է պատկերացնել, որ կիրճում գործող օբյեկտներից «մեկումեջ» քաղհան կարվի:

Առայժմ քաղաքապետի հրամանով, ժամանակավորապես դադարեցվել են Հրազդանի ափին նոր հողհատկացումներն ու կառուցապատումները:

Պրն Քամալյանն է պատմում, որ այնտեղ գործող մի շարք օբյեկտների շինարարական թույլտվությունները եղել են առանց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքի պահանջները հաշվի առնելու: Օրենքը սահմանում է, որ նման տարածքում յուրաքանչյուր գործունեություն չի կարող հակասել այդ տարածքի ֆունկցիոնալ նշանակությանը, որն այս դեպքում հանգստի գոտին է: Առանց փորձաքննություն անցնելու` օբյեկտը ստացել է շինարարության թույլտվություն, կառուցվել, սկսել գործել: Իսկ արգելել նրան գործել, պրն Քամալյանը, չգիտես ինչու, անիմաստ եւ ուշ է համարում: Եվ գտնում է, որ այդ` փաստորեն ապօրինի գործող օբյեկտներին պետք է համապատասխանացնել օրենքի պահանջներին:

Դե, իհարկե, ո՞վ է առանց տեր ու տանիքի օբյեկտ կառուցում եւ աշխատեցնում, որ ինչ-որ բնապահպանական նկատառումներով փակվելու վտանգից վախենա: Օրինակ, այդպիսի 6-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր, որոնք ծիծաղելիորեն փոքր գումարներ են` ասենք, 2000 դրամ:

«Դրանք այն գումարները չեն, որով զգաս, թե իսկապես պատիժ կրեցիր»,- փաստարկում է Ռ. Կոսեմյանը:

Բնապահպանության նախարարությունը օրենքի նախագիծ է մշակում, որով վարչական տուգանքների չափերն ավելանալու են: Տուգանքների ծիծաղելիորեն փոքր չափերը վճռորոշ են եղել նաեւ կիրճի կանաչ զանգվածի համար: ԵԷԱՀԿ տնօրեն Խ. Կարայանը կանաչապատման խնդիրները կիրճում բավարար է գնահատում: «Չի կարելի ասել` շա՞տ մեծ հատված է վերացել, թե՞ ոչ շատ մեծ: Կարելի է ասել` ինչ-որ հատված է վերացել»,- ասում է պրն Կարայանը: Սա` կառուցապատման արդյունքում:

Բնապահպանության վարչության պետ Ռ. Կոսեմյանի կարծիքով, Հրազդան կիրճի կանաչ գոտիների 20-30%-ը ոչնչացվել է «վատ տարիներին»` 93-94 թթ.: Ասում ենք` պրն Կոսեմյանի կարծիքով եւ ոչ` տվյալներով, քանի որ այս թիվը բերվում է աչքաչափով. կանաչ տարածքների գույքագրում Հրազդանի կիրճում դեռեւս չի արվել: Արդեն անիմաստ է դառնում խոսել դրանց վերականգնման մեխանիզմների եւ միջոցների մշակման մասին: Սակայն եթե վերոնշյալ 20-30%-ը գումարենք կառուցապատմանը զոհ գնացած կանաչ զանգվածին, քանի՞ տոկոս կանաչ մնացած կլինի Հրազդանի կիրճում: Հանրահաշիվ սիրողները կարող են նաեւ պարզապես նայել կիրճի լերկացած լանջերին եւ քառակուսի մետրի վրա հաշվել հատուկենտ ծառերը: Դրանց արանքներում շաղ տրված թղթերը, շշերը եւ պոլիէթիլենի տոպրակները հաստատ ավելի շատ կլինեն:

Երեւանի միակ բնական գոտին, որն այլեւս հանգստի գոտի է հռչակված Երեւանի քաղաքապետի որոշման համաձայն, անհանգստության մի անսպառ աղբյուր է շրջակա շենքերի բնակիչների համար:

Մյուս բոլոր տեսակի աղտոտումներից հետ չի մնում Հրազդանի կիրճի աղմուկը: “Առավոտն” արդեն մի քանի անգամ բնակիչների ահազանգով այս մասին հրապարակումներ է ներկայացրել: Բայց շուտով նորից ամառ կգա, այսինքն կբացվի բացօթյա սրճարան-ռեստորանների սեզոնը եւ դրանց տերերը նորից մինչեւ գիշերվա 3-4-ը անասելիորեն բարձր կենդանի երաժշտությամբ կխանգարեն մարդկանց գիշերային հանգիստը: Հատկապես Հալաբյան, Արզումանյան փողոցների բնակիչները անընդհատ ահազանգում են այս մասին հնարավոր բոլոր ատյաններ: Լռություն հաստատվում է լավագույն դեպքում մի քանի օրվա համար:

Ամենաուշագրավը շրջակա միջավայրի աղտոտման այս տեսակի դեպքում այն է, որ բուն օբյեկտում երաժշտությունը կարող է բարձր չթվալ, մինչդեռ այն բազմակի ուժգնանում է ձորի ակուստիկ հնարավորությունների շնորհիվ:

Մեր զրուցակից պաշտոնյաները համաձայնում էին այս չարիքի գոյության հարցում: «Ես ինքս անձամբ լսել եմ: Չալարեցի, գիշերվա ժամը 1-ին գնացի ընկերոջս տուն` Հրազդան փողոց, որտեղից լսում էի «Հավանա», «Նիգ» սրճարանների բարձր երաժշտությունը»,- պատմում էր ԵԷԱՀԿ տնօրենը: Սակայն նույնիսկ այս դեպքում Կենտրոնը չի դիմել դատախազություն` օրինախախտների նկատմամբ գործ հարուցելու միջնորդությամբ` դա թողնելով «համապատասխան մարմիններին, որոնք պետք է դրանով զբաղվեն, ասենք` առեւտրի վարչությանը»:

Բնապահպանության վարչության պետն էլ սա համարում է սանէպիդծառայությունների խնդիրը, որոնք էլ իրավասու են տեղում ստուգումներ կատարելու, որոշելու աղմուկի սահմանային եւ թույլատրելի չափերի համապատասխանությունը, գործին ընթացք տալու, պատժամիջոցներ կիրառելու:

Այս ամենը կատարվում է բավական հաճախ, քանի որ մի քանի օր հետո ամեն ինչ կրկնելու կարիքը նորից է առաջանում:

Իսկ տուժող բնակիչներն անգիր են արել բոլոր իրավասու եւ` ոչ այնքան, մարմինների հեռախոսահամարներն ու հասցեները` քաղաքապետարանի տարբեր վարչություններ, թաղապետարաններ, ներքին գործերի բաժանմունքներ, խմբագրություններ եւ այլն:

«Այս խնդրում եւս` առանձին դեպքերով հարցը չես լուծի, պետք է ամեն ինչ կանոնակարգել եւ ուժեղ վերահսկել,- ասում է Ռ. Կոսեմյանը:- Բոլորը պետք է տեղյակ լինեն, որ Երեւան քաղաքում կարգը սա է, չպահպանելու դեպքում պատիժը` սա»:

Ինչպես հասկացաք, այս հարցում էլ «ուսումնասիրման փուլում ենք»:

Երեւանի գարունը Հրազդանի կիրճից է սկսվում

Երեւանի քաղաքապետի որոշմամբ, Հրազդան կիրճի երեւանյան հատվածին տրվել է հանգստի գոտու, այսինքն` հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ: Ստեղծվել է «Հրազդան կիրճ» ՓԲԸ-ն, որը պետք է շահագործի կիրճը: ՓԲԸ-ի հիմնադիրներն են Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ եւ Կենտրոն համայնքները:

Մշակվել են կիրճի շահագործման կանոնները, որոնք, ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, բավական խիստ են լինելու, սահմանափակումներ են դնելու Հրազդանի կիրճում կառուցապատման աշխատանքները շարունակելու, ընդհանրապես կիրճն օգտագործելու ուղղությամբ:

ՓԲԸ-ի ստեղծումը բնապահպանները կարեւորում են այնքանով, որ կլինի մեկ կոնկրետ մարմին, որը եւ կշահագործի կիրճը (կվարի մշտական գործունեություն), եւ պատասխանատու կլինի տարածքի համար: Առաջիկայում ծրագրված է ճշտել Հրազդանի կիրճում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիները, որի հիման վրա կիրականացվի այդ հուշարձանների պահպանման գործընթացը:

«Հրազդան գետի կիրճի Երեւանյան հատվածի բնապահպանական վիճակի բարելավման միջոցառումների» ծրագրով նախատեսվում է նաեւ նշել ձկան որսի համար թույլատրելի տեղերը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան փոքր վճարով հանգստանալու բնության գրկում` անմիջականորեն, ոչ թե միջնորդավորված` ռեստորան-սրճարանների միջոցով:

Մի խոսքով, ծրագիր մշակողներն ու այն իրականացնելու կոչվածները որպես դրա վերջնական նպատակ նշում են` կիրճը վերադարձնել բնակչությանը` որպես հանգստի գոտի:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը այս միջոցառումների կողքին կարեւորում է կիրճի բուսական բազմազանության` թթենու, ընկուզենու, հիմնականում մրգատու այգիների վերականգնումը: Հնաբնակ երեւանցիները հավաստում են, որ Երեւանի գարունը Հրազդանի կիրճով է քաղաք մտել, այստեղ նշենիներն ավելի շուտ են ծաղկել: Հիմա դրանք չկան, որպեսզի հավաստիանանք հնաբնակների խոսքի ճշմարտացիության մեջ:

Հրազդանի կիրճը բնորոշող արտահայտություններից առավել հաճախ լսեցինք «անմխիթարը», «ոչ բարվոքը», «անվերահսկելին», ցավոք երբեմն նաեւ` “տագնապահարույցն» ու «տագնապելին»:

Մինչդեռ «պիտի հիշել, որ բնությունը ոչ թե ժառանագել ենք մեր նախնիներից, այլ վարձակալել մեր սերունդներից»:

Հ.Գ. Հետաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ (1)

anna
inch!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!vatnaaaaa lav@ chen grummmmmmmmmmmmmmmmmmm

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter