Քաշունի գյուղում միայն երազում են ավտոմեքենա տեսնում
«Մեզ տխուր մի նկարեք, այլ` ջղայնացած, որ երեւաններում տեսնեն ու գիտենան, որ մենք խռոված ու նեղացած ենք էս երկրից»,- ասում են Քաշունի գյուղի կանայք:
Սյունիքի Քաշունի գյուղում այնքան տուն կա, որ հազիվ քարկտիկ խաղալուն կբավարարի:
- Այս գիշեր երազ տեսա, որ մեր գյուղ ավտոմեքենա է եկել,- այս խոսքերով մեզ դիմավորեց Եվգենյան եւ բարձր ձայնով սկսեց կանչել հարեւաններին,- Լենա՜, Աստղի՜կ, գյուղամեջ եկե՜ք: Արշալու՜յս, մի Կոլյային ձեն տուր, թող վազի հանդ, գյուղապետին կանչի, քաղաքից մարդ է եկել, մեր մասին թերթում պիտի գրե՜ն: Կոլյային ասա ոտքերն արագ շարժի:
Կոլյան, որը գյուղապետարանում է աշխատում, վաղուց բոլորել է յոթանասունը եւ գյուղի «երիտասարդներից» է: Թե՛ Կոլյան, եւ թե՛ Եվգենյան այն չորս ընտանիքներից են, ովքեր ձմեռում են Քաշունիում: Գյուղում գրանցված 27 բնակիչների մեծ մասը, եղանակները ցրտելուն պես, ուշ աշնանը «չվում են»՝ որը Կապան, որը՝ Քաջարան:
- Մնանք, ինչո՞վ ապրենք,- ասում է Աստղիկ Շաբանյանը,- ամբողջ ամառ, եթե մեր զավակներն էլ մեկ-մեկ մեզ այցի չգան, պոմիդորի, ձմերուկի երես չենք տեսնի: Մի կրպակ չկա, որտեղից գոնե լուցկի առնենք: Հերիք չի հացից սկսած մինչեւ աղն առնովի է, էն էլ` մի կերպ, քաղաքից տասը մարդու ապսպրելով՝ կարողանում ենք ձեռք բերել:
- Երկար տարիներ գյուղի ակումբում եմ աշխատել: Ինքնագործ խումբ էինք ստեղծել: Շաբաթ չկար, որ մի միջոցառում չկազմակերպեինք: Հիմա ասում են՝ գյուղի ակումբը նորոգելու են, էդ լավ է, բայց ու՞մ պիտի ծառայի: Գյուղը ծերանոց է դարձել, բոլորի մի ոտքը գերեզմանում է: Գերեզմաններն էլ են անտեր:
Գրեք մեր գյուղի մասին, գուցե մի միջոց գտնեն,- ինքն էլ չհավատալով իր խոսքին, որ հնարավոր է ինչ-որ կերպ աշխուժացնել գյուղի կյանքը, ասում է Եվգենյա Հարությունյանը:
- Եթե ձեր գրելը գործին կօգնի, ասեք, մեր անունից էլ աղաչեք, պաղատեք, որ գյուղին մի «Բելառուս» տրակտոր տան, արոտավայրերի խոտը ձեռքով հնձել կլինի՞, հետո էլ «կինարմատներն» ավելի շատ են, նրանք ի՞նչ պիտի անեն, որ գոնե ամեն մի ընտանիքին հասնող 1-2 կովի ձմռան կերն ապահովեն,- ասում է Կոլյան, ով գնացել էր գյուղապետին կանչելու եւ շնչակտուր, քափ ու քրտինքի մեջ վերադարձել, որ իր խոսքն էլ հասցնի ասել:
![]() |
![]() |
![]() |
| Կոլյան | Գառնիկը |
- Էս ո՞ր թիվն է, որ գյուղում գոնե մեկ հատ ավտոմեքենա չլինի: Ամիսը մի քանի անգամ գյուղապետին քաղաքից կանչում են: Նա էլ ոտքով 3 կմ ճանապարհ է կտրում, որպեսզի հարեւան Սվարանց գյուղից եկած մեքենայով Գորիս կամ Կապան հասնի: Էդ վառելիքի ծախսը նա որտեղի՞ց պիտի հատուցի,- խոսքն արդեն զայրութով շարունակում է Կոլյան, որն ամուրի է ու իրեն մեղավոր է զգում, որ տղան ու հարսն իր մենակության պատճառով պատանդ են մնացել գյուղում:
- Օդից կախված մարդիկ ենք,- տխուր լրացնում է գյուղի բնակիչներից մեկը:- Հույսներս մեր տան առաջ ցանված երկու մարգ կարտոֆիլն էր, էն էլ էս տարի հեղեղը քշեց-տարավ, քանի՞ ու մեկ կարող ենք բրնձի քաշովի ուտել:
- Աշխարհի հետ ունեցած մեր կապը հեռուստացույցի մեկ ալիքն է, որով երբեմն լսում եմ, որ պաշտոնյաները խոստանում են թոշակներն ու նպաստները բարձրացնել: Ինչքա՞ն պիտի բարձրացնեն, որ կարողանանք ապրելու հետ նաեւ մեր թաղման համար մի երկու կոպեկ խնայել: Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ տարվա համար գոնե 1000 դրամ տան: Քաղաքում նստում են, մեր ապրելակերպին անտեղյակ որոշումներ կայացնում,- ասում է Արշալույս Հակոբյանը, ով 47 տարի աշխատել է գյուղի տնտեսությունում եւ մինչեւ հիմա էլ պարծենում է, որ այն ժամանակ շրջանային խորհրդի պատգամավոր է եղել:
- Ասում եմ` էդ երեւաններում չկա՞ մի գործարար մարդ, ով փող ունի, բայց չգիտի ինչով զբաղվի, թող գա, մի ֆերմա հիմնադրի գյուղում, էս հանդ ու չոլը, հողերն էլ մշակի, ջահելների համար գործ կբացվի, երեւի կվերադառնան: Կարծում եք մեր տղաները ուրիշ տեղ լա՞վ են ապրում: Որ Քաջարանի կոմբինատն էլ չլինի, նրանք էլ չեն կարող իրենց հացն ու ջուրը գտնել,- համագյուղացիների դժգոհությանն է միանում Լենա Գրիգորյանը:- Ո՞վ գիտի, գուցե եւ դրանից հետո էլ գյուղում դպրոց բացվի: Առանց դպրոցի ո՞ր ջահելը կգա: Երեսուն տարուց ավելի է գյուղը դպրոց չունի, վերջին աշակերտների անուններն էլ ոչ մեկն արդեն չի հիշում:
- Լավ բան չկա մեր գյուղում,- միանգամից ասում է գյուղապետ Գառնիկ Հակոբյանը:- Ի՞նչ հիմնախնդրի մասին եք ուզում, որ ասեմ, գյուղի անորոշ ճակատագիրն ինքնին ամենամեծ խնդիրն է: Դրա լուծման միայն մի միջոց կա, որ որեւէ մեկը նախաձեռնի գյուղում սեփական գործ հիմնել: Երբեմն կարծիք են հայտնում, որ փոքր համայնքները պիտի միավորվեն: Հնարավոր է նաեւ պնդեք, թե ինչ իմաստ ունի պաշտոնական տվյալներով 27բնակիչ ունեցող գյուղը իշխանություն ունենա, սակայն հիշեցնեմ, որ մեր գյուղի այսօրվա վիճակի պատճառներից մեկը 1972 թ. գյուղի միավորումն էր հարեւան Սվարանց գյուղի հետ: Հողերի սեփականաշնորհումից առաջ` 1989 թ., ճարպիկ մեկը Տանձատափ գյուղում նման մի կառույց հիմնադրեց ու, մեր գյուղացիների աչքերը կապելով, կենտրոնացրեց նրանց ունեցած տեխնիկան էլ, անասուններն էլ: Փաստորեն, գյուղը քայքայվեց: Իսկ երբ արդեն տարիներ անց գյուղը կրկին առանձնացավ, մարդիկ մնացին կոտրած տաշտակի առաջ կանգնած: Շարքացան էլ չմնաց: Գյուղապատկան 260 հա հողերի եւ ոչ մի սանտիմետրն այսօր չի մշակվում, որովհետեւ բահով ու քլունգով հող չես մշակի: Համայնքի բոլոր բնակիչները հրաժարվում են հողերից, բայց ստիպված են չմշակված հողի համար անգամ հարկ վճարել: Ավելին, երբ դիմում են սոցիալական անապահովության նպաստ ստանալու համար, մերժում են՝ վկայակոչելով նրանց սեփականաշնորհված հողերը: Մարդիկ մասսայականորեն հրաժարվում են հողերից, բայց տեղական իշխանությունը չի կարող այն հետ վերցնել, որովհետեւ գործող օրենքի համաձայն` համայնքին հանձնված յուրաքանչյուր հետ վերադարձրած հողաբաժնի համար գյուղապետարանը պետք է 5000 դրամ գումար վճարի պետական բյուջե: Կա ընտանիք, որը սեփականաշնորհված 11 բաժին հող ունի, հողը հետ վերցնելու համար ստիպված է 55.000 դրամ վճարել: Գյուղը նաեւ պահուստային հող ունի, որը եւս խոպան է: Տարեկան չմշակված հողերի համար 140-150 հազար դրամ հողի հարկ ենք հավաքում, պետության տված 2 միլիոն լրավճարի հետ ի՞նչ պիտի անենք, եթե ո՛չ տեխնիկա կա գյուղում, ո՛չ աշխատուժ:
Հանրապետության գյուղական տարածքների տնտեսական զարգացման (IFAD) ծրագրով գյուղում խմելու ջրի խնդիր են փորձում լուծել, բայց ոչ աշխատուժ կա, ոչ էլ բանվոր: «450 հազար դրամ ներդրում պիտի կատարենք, խողովակներ ենք հայթայթել դրա համար, սակայն աշխատուժ չունենք, որ առուները քանդեն: Ինչ էլ լինի, 4 հոգով, երկու տարի էլ տեւի, փորելու ենք էդ առուն, վստահ եմ, որ մի օր ձեռներեց մի ֆերմեր օգտագործելու է գյուղի հնարավորությունները եւ օրհնելու է մեզ` կառուցած ջրատարի համար»,- ասում է գյուղաետը:
Քաշունիում պատմեցին նաեւ, որ Գառնիկ Հակոբյանի` գյուղապետ ընտրվելու ժամանակ 21 ընտրողներից միայն մեկն է դեմ եղել. հենց ինքը՝ թեկնածուն:
- Պատասխանատվությունից չէի խուսափում,- բացատրում է գյուղապետը,- ուղղակի չգիտեմ` ի՞նչ պատասխան տամ այն մարդկանց, ովքեր ապրում են այսքան դժվարին պայմաններում, բայց որպես գյուղապետ ես չեմ կարող նրանց սոցիալական վիճակը հաստատող մի փաստաթուղթ տալ, որ նպաստ ստանան: Այն չափանիշները, որոնք գործում են նպաստ հատկացնելու համար, չեն կարող նույնը լինել բոլոր համայնքներում: Մի գյուղ, որտեղ ո՛չ դպրոց կա, ո՛չ որեւէ տեխնիկա, ո՛չ կենցաղի տուն, ո՛չ անգամ խանութ, որտեղ հարսանիք անցյալ դարում է եղել, վերջին երեսուն տարում երեխա չի ծնվել, մի՞թե հնարավոր է համեմատել այն գյուղերի հետ, որոնց բնակիչների կենսամակարդակն անհամեմատ բարձր է: Այս գյուղում մարդիկ ճակատագրով դատապարտված են անձայն ու լուռ հալչել մեռնող գյուղի հառաչանքների հետ,- այս անգամ գյուղապետն արդեն չի կարողանում թաքցնել հուզմունքը:
Գյուղում հեռախոսային կոմուտատոր կա, որից կարող է 8 ընտանիք օգտվել, բայց ընդամենը 2 մարդ է դիմել:
- Հեռախոսն ի՞նչ եմ անում: Միեւնույն է, 100 դրամ էլ պարտք ենք լինում, անջատում են: Թոշակը մինչեւ Կապանից մեր գյուղ է հասնում, օրեր են անցնում, հետո էլ մինչեւ վարձը մուծենք, միացնեն, ամիսը կանցնի, էլ ինչու՞ պիտի անտեղի ամսավճար տանք,- ասում է կանանցից մեկը:
- Երկու տարի առաջ,- փորձում է մռայլ տրամադրությունը ցրել Եվգենյան,- Հայաստանի 1-ին հեռուստաալիքից եկան, մեր գյուղի բոլոր բնակիչներին նկարեցին, սպասում էինք, որ գոնե մի պաշտոնյա կնայի մեր մասին պատմող հաղորդումն ու գյուղ կգա: Մինչեւ հիմա սպասում ենք: Ժամանակին մեր գյուղը Մեծ Հայրենականին 27 նահատակ է տվել, գոնե նրանց հիշատակի մասին տեղեկություններ հավաքելու գան: 1939 թվականին Քաշունիում 270 մարդ էր ապրում: Ժամանակի ընթացքում, առանց հաշվի առնելու այս գյուղի բարենպաստ պայմանները, պետությունն այնքան անտարբեր գտնվեց, որ հիմա կանգնած ենք բնակավայրը կորցնելու փաստի առաջ: Հիմա երեւի ամենաճակատագրական պահն է, սրանից այն կողմ անդունդն է, կլսե՞ն մեր ձայնը, թե՝ ոչ, չգիտեմ: Կամ Քաշունի-Մալդաշ գյուղի անունը ծերերս մեզ հետ գերեզման կտանենք, ու աշխարհի վրայից մեր ծննդյան վայրը կվերանա, կամ էլ, ո՞վ գիտի, հանկարծ ու որեւէ մեկը մեզ հիշի,- իր փիլիսոփայությունն ավարտում է համագյուղացիների նման անցյալի հիշողություններով ապրող Եվգենյան:
Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ


Մեկնաբանել