Հետմահու ցուցահանդես՝ նվիրված լուսանկարիչ Ազատ Մանուկյանի 75-ամյակին
Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերին կախված սև ու սպիտակ լուսանկարները ներկայացնում են կյանքի այն գեղեցիկ արահետը, որով համեստորեն և մեծ աշխատասիրությամբ ընթացել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում իր լուսանկարչական արհեստանոցով հայտնի Ազատ Մանուկյանը: Մեծ վարպետ լուսանկարչի կողմից ժամանակի անսահմանությունում պահի ճիշտ ընկալման և անմահացման վկաները տեղ էին գտել նոյեմբերի 10-ին Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված Ազատ Մանուկյանի լուսանկարների հետմահու ցուցահանդեսում, որը նվիրված էր նրա 75-ամյակին:
Բազմամարդ դահլիճում հավաքվել էին վարպետ ստեղծագործողին ճանաչողները, գործընկերները, բարեկամ-հարազատները, ընտանիքի անդամները: Ներկաների շրջանում էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գրող-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց թեմի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ազատ Մանուկյանի արվեստի գնահատողները:
«Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, բացելով ցուցահանդեսը, տեղեկացրեց, որ այն կազմակերպել են Վրաստանի հայ նկարիչների միությունը և «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ: Նա ափսոսնքով նշեց, որ նախատեսված Ազատ Մանուկյանի անհատական ցուցահանդեսը դարձավ հետմահու:
Ցուցահանդեսում տեղ գտած շուրջ 90 լուսանկարների շրջանում են սիրելի և անմոռաց դեմքեր, պատմական դեպքեր ու իրադարձություններ, որ լուսանկարչական արվեստի կատարելությամբ անմահացրել էր կոլորիտային հայը Հավլաբար թաղամասից: Եվ իզուր չէր, որ խոսելով Ազատ Մանուկյանի լուսանկարչական արվեստի մասին՝ Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը կարևորեց լուսանկարչի մոտ գործող կախարդական եռանկյունին՝ դա լուսանկարչական սարքն էր, լուսանկարվող սուբյեկտը և լուսանկարողի ճիշտ ընտրած պահը, որն ակնթարթային մի շրխկոցով «կանգնեցնում էր» ամենազոր ժամանակի հանդարտ ընթացքը:
Նվիրվածություն իր ազգին ու ժողովրդին և արվեստագետի ներթափանցում՝ այսպիսին է անհատի և կյանքի տարբեր պահերը յուրահատուկ վերարտադրող Ազատ Մանուկյանի բնութագիրը, որ այնպես հնչեղ արժևորվեց բանախոսների ելույթներում: Հիսուն տարի շարունակ լուսանկարչական սարքը ձեռքին, Ազատ Մանուկյանն իր կյանքի ճանապարհն անցել է պատվով և անշահախնդիր, և արժանի տեղը գտել անցյալ դարից մինչև մեր օրերը հասնող 160 լուսանկարիչների ոսկեբույլի մեջ: 1971թ. նա դարձել է Լուսանկարչության համառուսաստանյան մրցույթի դափնեկիր, երեք անգամ ճանաչվել է «Թբիլ-ֆոտոյի լավագույն ֆոտովարպետ»:
Ստեղծագործական միտքն է եղել Ազատ Մանուկյանի տարերքը, որ լուսանկարելուց բացի արտահայտվել է նրա գրքերում, որ նվիրվել են հայոց թատրոնի փառահեղ տարիներին, ցեղասպանությանը, Սպիտակի երկրաշարժին, իր մեծ պապի հիշատակին և դարձել աննկուն աշխատանքի, մտավոր ստեղծագործության արգասիք: Ազատ Մանուկյանը կանգնած է եղել Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության ստեղծման ակունքների մոտ, եղել նրա անդամներից մեկը, իր բարեգործությամբ աջակցել միության գործունեությանը, գրչակից ընկերներին, դրա կարիքը զգացողներին:
«Ազգի մեծությունը նրա մշակույթն է, իսկ մշակույթը ստեղծում են Ազատ Մանուկյանի նման նվիրյալները: Ու թեև այսօր մեզ հետ չի վարպետ լուսանկարիչը, սակայն կան նրա գործերը, որ լուսանկարչական կատարելություն են, որ հրատարակված բարձրարժեք գրքեր են, կան նրա գործի շարունակողները՝ հանձինս որդու, ընտանիքի, թոռների ու ծոռների, կա կյանքը, որ շարունակվում է»,- եզրափակեց իր խոսքը Վազգեն Սրբազանը:
Հետմահու ցուցահանդեսը, որ կշարունակվի մինչև նոյեմբերի 17-ը, նաև հարգանք և խոնարհում է Ազատ Մանուկյանի հիշատակի առջև:
Վիրահայոց թեմի մամլո դիվան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել