Պատասխան են ակնկալում Էդվարդ Նալբանդյանից
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունից տեղեկացնում են, որ ԵՀՄՖ-ի գործունեության շուրջ հանգամանալից վերլուծություն է կազմակերպել ադրբեջանական ԱզերՏԱչ (AzerTAc.London) պետական գործակալությունն իր բրիտանական կենտրոնի միջոցով: Այն խիստ ծավալուն է (մոտ իննը տպագրական էջ) և հրապարկվել է վերջերս ադրբեջանական հայտնի ԶԼՄ-ներում (Day.az, GULUSTAN.WS և այլն) «Աշոտ Գրիգորյանի ֆանտազիաները» կամ «Հայերը կրկին ցանկությունները ներկայացնում են որպես իրականություն» վերնագրերով:
Վերլուծության հիմնական մասը նվիրված է Սլովակիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման փաստին և կոնկրետ ներկայացվում է 424ա հոդվածն ամփոփ: Նախապես հայտնենք, որ ԵՀՄՖ-ի նախագահությունն իր գոհունակությունն է հայտնում այս լրատվության մեջ արծածված նյութի շուրջ, քանի որ այն ակնհայտորեն Ադրբեջանի կողմից թույլ տված խոշոր դիվանագիտական սխալի արգասիք է հանդիսանում: Անկախ նրանից, թե Ադրբեջանը համակերպվում է ցեղասպանության օրենքի գոյության հետ և կամ այն փորձում է այլ կերպ մեկնաբանել, այնուամենայնիվ բարձրացնել աղմուկ այս հարցի շուրջ հակացուցված է Թուրքիայի համար, քանի որ վերջինիս ԱԳ նախարարությունն այս խնդրի շուրջ պահում է խորը լռություն: Անկասկած թուրքերն ընտրել են շատ ճիշտ քաղաքականություն տվյալ հարցը լռության մատնելու ուղով: Կարծում ենք՝ Թուրքիան «բարձր կգնահատի» Ադրբեջանի կողմից մատուցված բացառիկ «արջի ծառայությունը»:
Այո, հայկական կողմի համար շահավետ է հարցի լուսաբանումը և այն էլ այդպիսի ծիծաղելի բացատրություններով, ինչպիսին ներկայացրել է հակառակորդ կողմը: Օրինակի համար միայն նշենք, որ «վերլուծաբանը» բղավում է, որ 424ա հոդվածը չի վերաբերվում Հայոց ցեղասպանությանը, չնայած իրենց բերած և սլովակերեն և անգլերեն տեքստերում առկա է «ցեղասպանություն» եզրը, և չնայած նրանք հղում են նաև 2004 թ.-ի նոյեմբերի 30-ին Սլովակիայի Ազգային խորհուրդի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության բանաձևին», որի շնորհիվ այս օրենքը կապվում է Սլովակիայում պաշտոնապես ընդունված միակ ցեղասպանության` Հայոց ցեղասպանության հետ, այնուամենայնիվ փորձում են տալ սեփական բացատրություններ, որոնք, բնական է, բացի իրենցից, ոչ մեկի համար կարևորություն չեն ներկայացնում: Նշենք ավելին, իրենց իսկ կողմից բարձրացված աղմուկի հետևանքով Սլովակիայի SITA լրատվական գործակալությունը պատասխան էր պահանջել երկրի ԱԳՆ-ից և ստացել հստակեցում, որ «այս հարցի բավարար մեկնաբանությունն իրավասու է տալու միայն և միայն Սլովակիայի դատարանը»: Ի հեճուկս մեր հակառակորդների, Սլովակիայի բարձրագույն իրավաբանական մարմինն` ի դեմս Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի, արդեն բազմիցս տվել է սպառիչ պատասխան` հայտարարելով, որ այս օրենքի գործունեության ընդարձակման հիմնական պատճառն այն Հայոց ցեղասպանության վրա տարածելն է հանդիսացել:
ԵՀՄՖ-ը շատ արժեքավորում է վերլուծության նաև այն մասը, որտեղ, որպես իրենց համախոհ, ադրբեջանցիները ներկայացնում են ՀՀ ԱԳ նախախար Էդուարդ Նալբանդյանին` հայտարարելով. «Չէ որ պատահաբար չի, որ Հայաստանի ԱԳՆ-ը որոշել է հեռու մնալ այդ ստից» (ի նկատի ունեն ցեղասպանությունը քրեականացնող օրենքի գոյության փաստը), հիանալի հասկանալով որ Հայոց ցեղասպանությունն անհնարին է ներառել Սլովակիայի ՔՕ-ի 424ա հոդվածի մեջ:
Այ այս հայտարարության շուրջ սպառիչ պատասխան մենք սպասում ենք ԱԳ նախարար Նալբանդյանից, քանի որ մոտ մեկ տարի է ինչ ԵՀՄՖ-ը մարտնչում է ՀՀ ԱԳՆ-ի կողմից չսատարվելով և թուրքական կողմի լռության պայմաններում, Ադրբեջանի կողմից բարձրացված անխոհեմ աղմուկից օգտվելով` ողջ աշխարհին Սլովակիայում գործող Հայոց ցեղասպանության մերժումը դատապարտող սենսացիոն օրենքի գոյությունը ներկայացնելու համար: Այս հարցի հետ կապված ԵՀՄՖ-ը շնորհակալությամբ նշում է ՀՀ նախագահի կողմից «Մխիթար Գոշի» մեդալով Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինին պարգևատրելու փաստը, ինչպես նշված է հրամանագրում` «Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող ՔՕ-ի 424ա հոդվածի նախապատրաստման և անցկացնելու համար»: Այսքանից հետո ՀՀ ԱԳՆ-ի և նրա նախարարի կողմից ցուցաբերած հանցագործ լռությունն արդեն ոչ միայն անհանգստություն է պատճառում մեզ, այլև ինչպես տեսնում ենք խիստ ոգևորում է մեր Ազգի թշնամիներին:
Ինչ վերաբերվում է ադրբեջանցիների անհանգստությանն այն մասին, որ ԵՀՄՖ-ը համագործակցելու է Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների հետ Ադրբեջանի և Հունգարիայի այսօրվա իշխանությունների դեմ Ստրասբուրգում, ու ՀՀ կառավարության հետ` Հաագայի միջազգային դատարանում, կոնրկրետ Ադրբեջանի դեմ պետական ահաբեկչության մեղադրանքներով դատական հայցեր ներկայացնելուն, սա մենք լիովին ընկալում ենք և համաձայն ենք նաև մեր հակառակորդների «վերլուծաբանների» կողմից տրված խորհուրդների հետ: Այո, մենք հենց այդպես էլ պատկերացնում ենք մեր քայլերը` Հաագայի ICC և ICJ միջազգային դատարանների միջոցով Ադրբեջանին վերոհիշյալ մեղադրանքները ներկայացնելու և ՀՀ պետությանն այս հարցում ամբողջովին սատարելու ուղով:
Մենք շնորհակալ ենք նաև «վերլուծաբաններին» Սլովակիայում թուրք դեսպանուհու անունից նոր հայտարարություններ և պատասխաններ ներկայացնելու համար, որովհետև իսկապես վերջինիս լռությունը հաստատում էր, որ Սլովակիայի ՆԳ նախարարությունը ճիշտ է մեկնաբանում, որ դեսպանուհին լիովին համաձայն է Հայոց ցեղասպանության փաստի հետ: Սակայն, ծանոթանալով դեսպանուհու հետ հրապարակած հեռախոսազրույցի հետ մենք համոզվեցինք, որ ևս մեկ անգամ հարկ է հսկայական ճնշում գործադրել դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինի նկատմամբ վերոհիշյալ հարցին սպառիչ պատասխան ստանալու համար և պատկերացնում ենք, թե ինչ «շնորհակալությամբ» է հիմա գնահատելու դեսպանուհին ադրբեջանցիների մատուցած «արջի ծառայությունը», որի շուրջ ակնարկով էլ մենք սկսել ենք մեր ելույթը:
Իհարկե, չի կարելի բացառել, որ ադրբեջանցիների նպատակների մեջ մտնում է նաև խաթարել իրենց «մեծ եղբոր» առանց այն էլ խիստ խնդրահարույց գործերը, բայց դրանց վերլուծություններն ու գնահատելու գործը մենք վստահում ենք հենց իրեն` Թուրքիայի ԱԳ նախարարությանը և թողնում իրենց վրա:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
12.11.2012 թ.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել