«Ինքնահոսի մատնված բյուջե». պատգամավորները քննադատում են գլխավոր ֆինանսական փաստաթուղթը
Ազգային ժողովն այսօր սկսեց քննարկել 2013 թ. պետական բյուջեի նախագիծը: Նշենք, որ 2013 թ. պետական բյուջեի նախագծով եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 31 մլիլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 151 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 119,8 միլիարդ դրամ:
Նախագիծը ներկայացնում է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, որ 2013 թ. Հայաստանում ստեղծվելու են շուրջ 10.000 նոր աշխատատեղեր, սակայն թե որ ոլորտներում` դժվարանում է ասել:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը նշեց, որ 2013 թ.-ի բյուջեն «ինքնահոսի թողնված» բյուջե է, եւ այս կասկածամտությունը ավելանում է, երբ կենտրոնանում են կոնկրետ թվերի վրա:
Պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ, քննադատելով նախագիծը, ցանկանում էր հարցեր ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ հետաքրքրվեց, թե ինչու նա չի ներկայացնում նախագիծը: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով հարցին, ասաց, թե չորեքշաբթի օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավորը հնարավորություն կունենա վարչապետին հարցեր ուղղել:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ իր հերթին փորձեց «պաշտպանել» վարչապետին՝ ասելով, թե հանձնաժողովներում քննարկումների ժամանակ վարչապետը եղել է ԱԺ-ում, եւ այնպես չէ, որ հիմա ներկա չէ, հետեւաբար անտարբեր է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նկատմամբ:
Քննարկումները կշարունակվեն նաեւ վաղը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել