HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոյին:

Հանրապետության նախագահն ու Ֆրանսիայի վարչապետը կարծիքներ են փոխանակել այն մասին, որ հայ-ֆրանսիական արդեն 20-ամյա հրաշալի քաղաքական համագործակցությունը հարկ է նշաձող դարձնել նաև տնտեսական հարաբերությունների համար: Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ցուցանիշով Ֆրանսիան երկրորդ երկիրն է՝ Հանրապետության ղեկավարն առաջնահերթ խնդիրներից է համարել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացումը և առևտրաշրջանառության աճը: Այս տեսանկյունից քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի լայն շրջանակ:

ՀՀ նախագահը և Ֆրանսիայի վարչապետը խոսել են Հայաստանում անցյալ տարվանից գործող «Հայ-ֆրանսիական գործարար ակումբի» կարևորության և դրա գործունեության հետագա ընդլայնման շուրջ, միաժամանակ բարձր են գնահատել Հայաստանի առաջընթացի օժանդակմանն ուղղված Ֆրանսիական զարգացման գործակալության՝ առաջիկայում մեկնարկելիք ծրագրերը գյուղատնտեսության, մասնավոր հատվածի զարգացման, ջրային տնտեսության ոլորտներում:

Մանրամասն անդրադարձ է եղել էներգետիկայի ոլորտում առկա ծրագրերին ֆրանսիական ընկերությունների հետագա ներգրավման հարցերին, Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման գործում նրանց մասնակցությանը:

Ֆրանսիայի վարչապետն իրենց պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում ֆրանսիական ընկերությունների մուտքը խրախուսելու հարցում: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հեռահաղորդակցության ոլորտում, մեր երկրի հյուսիսը հարավին կապող ենթակառուցվածքների կայացման և Հայաստանի կենսաթոշակային ոլորտի հետագա զարգացման ծրագրերում ֆրանսիական առաջատար ընկերությունների մասնակցության վերաբերյալ:

«Սերժ Սարգսյանն ու Ժան-Մարկ Էրոն խոսել են նաև Հայաստան-Ֆրանսիա մշակութային և կրթական կապերի հետագա խորացման, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հարցում ֆրանսիական հնարավոր օժանդակության մասին»,- տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter