HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Զինդատախազությունը պնդում է նախկին զինծառայողի կալանավորումը՝ հակառակ վերադասի հրահանգներին

2012 թ. ապրիլի 27-ին Պաշտպանության բանակի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Նիկողոսյանը թիվ 120 մարտական դիրքերում հերթապահություն կատարելիս իրեն ամրակցված ԱԿ 74 տեսակի ինքնաձիգից ստորին կզակային շրջանում 1 կրակոց է արձակել և տեղում մահացել: Նույն օրը փաստի առթիվ ՊՆ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քր. օր.-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նիկողոսյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվում է նույն մարտական դիրքերում հերթապահության նշանակված շարքային Էդվարդ Գալստյանը, որին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով, Քր. օր.-ի 360-րդ հոդվածի 1-ին մասով և Քր. օր.-ի 360-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեղադրանքի մեջ նշված է, որ դեպքի նախորդ 2 օրերին Գալստյանը վիճաբանության մեջ է մտել միաժամանակ խոհարարի պարտականություններ կատարող Նիկողոսյանի հետ՝ ճաշը քիչ պատրաստելու կապակացությամբ, հայհոյանքներ է տվել նրան համածառայողների ներկայությամբ, բռնություն է գործադրել՝ բռունցքով հարվածներ հասցնելով կրծքավանդակի շրջանում:

Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նույն զորամասի կապիտան Ա. Գրիգորյանը: Գործի շրջանակներում մեղադրյալ Էդվարդ Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը նա կրել է Շուշիում: Սյունիքի դատարանի որոշմամբ կալանքի ժամկետը 2 անգամ երկարացվել է:

Երրորդ անգամ կալանքի ժամկետը երկարացնելու՝ ՀՀ ՊՆ 1-ին կայազորային քննչական բաժնի պետ Մ. Դավթյանի միջնորդությունը նույն դատարանը մերժեց և խափանման միջոց նշանակեց ստորագրություն չհեռանալու մասին: Դատարանն իր որոշումը պատճառաբանեց նրանով, որ Գալստյանին առաջադրված մեղադրանքները ոչ մեծ ծանրության հանցանքների շարքին են դասվում, նաև՝ գործով վկաներն արդեն հարցաքննվել են, և Գալստյանը չի կարող անօրինական ազդեցություն գործադրել նրանց վրա:

«Նախնական քննության սկզբնական փուլում մեղադրյալ Գալստյանի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանգամանքը կարող էր հիմնավորել կալանքի տակ պահելը, սակայն ապացույցներ հավաքելուց հետո այդ հիմքը դարձել է ոչ հիմնական»,- նշվում էր դատարանի որոշման մեջ:

Նախաքննության մարմինն էլ որևէ հերքող փաստարկ չէր ներկայացրել, որ մեղադրյալը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը կամ խուսափել քրեական պատասխանատվությունից ու նշանակվելիք պատիժը կրելուց:

Այս որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարանին բողոք ներկայացրեց թիվ 1 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա. Պետրոսյանը՝ խնդրելով բեկանել այն: Բողոքը բավարարվեց: Մեղադրյալը, սակայն, ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը պատրաստել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: ՀՔԱՎ-ի ղեկավար Արթուր Սաքունցն այս գործի հետ կապված մտահոգություններ ունի:

Նախ անդրադառնալով զինդատախազության կողմից դատարանի որոշումը բողոքարկելուն՝ նշում է. «Չնայած գլխավոր դատախազությունը իր կոլեգիայում հատուկ անդրադարձել էր, որ խափանման միջոցը որպես կալանք շատ ծայրահեղ դեպքերում կիրառվի, բայց մի բան է կոլեգիայի մեջ, մի բան իրականության մեջ, որը տեսնում ենք»:

Սաքունցը կրկնում է դատարանի որոշումը, որ ոչ նախաքննության մարմինը, ոչ դատախազությունը որևէ հիմք չեն ներկայացրել, թե ինչպես պիտի արդեն զորացրված Էդվարդ Գալստյանը Վանաձորից ճնշումներ գործադրի ԼՂՀ-ում սպաների վերահսկողության տակ գտնվող զինծառայողների նկատմամբ կամ խուսափի նախաքննությունից, երբ, ավելին, Սաքունցի ասելով, դատարանի որոշումը փոխվելուց հետո ոստիկանությունից գրություն ստանալով՝ Էդվարդ Գալստյանը չի խուսափել և ներկայացել է ոստիկանություն:

Սաքունցի փոխանցմամբ՝ զինծառայող Գալստյանի նկատմամբ օրենքի մի շարք խախտումներ են արվել. օրենքով սահմանված 72 ժամից ավել է պահվել ՁՊՎ ում: ՀՔԱՎ-ի ճշտած տվյալներով՝ Գալստյանը Նիկողոսյանի մահվան օրվանից՝ ապրիլի 27-ից, ռազմական ոստիկանությունում է եղել մինչև մայիսի 10, որից հետո տեղափոխվել է «Շուշի» ՔԿՀ՝ չնայած փաստաթղթերով ձևակերպված է, թե իբր մինչև մայիսի 5-ն է պահվել ոստիկանությունում (գործի նյութերով՝ մայիսի 2-ին Գալստյանը ձերբակալվել է որպես կասկածյալ, մայիսի 5-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, և նույն օրը դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը):

«Մարդը մայիսի 10-ից է ՁՊՎ-ից տեղափոխվել «Շուշի» ՔԿՀ, դատարանի որոշումը մայիսի 5-ին է եղել: Ինչո՞ւ չեն 5-ից տեղափոխել, 5 օր ինչո՞ւ են ավելի պահել ռազմական ոստիկանությունում»,- հարցադրում է Սաքունցը:

Այդ ընթացքում, նրա խոսքով, ռազմական ոստիկանության աշխատակիցները Էդվարդ Գալստյանի նկատմամբ արժանապատվութունը նվաստացող վերաբերմունք են դրսևորել՝ նպատակ հետապնդելով ընդհանրապես «կոտրել» նրան, նաև բռնություն են կիրառել՝ ընդհուպ մինչև, ըստ տեղեկությունների, շշի վրա նստեցնելու սպառնալիք են տվել: «Չդիմանալով ծեծին՝ ստիպված է եղել համաձայնել քննիչի կողմից հրահանգավորված ցուցմունքների հետ»,- ասում է Սաքունցը:

Նախաքննական մարմինն, ըստ նրա, տեղյակ է եղել այս ամենից: Ոտքը երկար ժամանակ ցավել է, բայց նույնիսկ «Շուշի» ՔԿՀ-ում արտաքին զննություն չեն կատարել՝ պարզելու՝ ինչու է կաղում, վնասվածքները ոչ մի տեղ չեն արձանագրել: Սաքունցը նշում է, որ բուժզննության առումով Շուշիում վերահսկողության որևէ հնարավորություն էլ չկա, դա միայն փաստաբանը կարող է անել: Այնինչ, փաստաբանի ներկայությամբ, որն առանց դրա էլ ուշ՝ առերեսումների ժամանակ է ներգրավվել գործում, Գալստյանը պատմել է իրեն ծեծի ենթարկելու մասին, բայց փաստաբանը նույնիսկ միջնորդություն չի ներկայացրել այդ հայտարարության վերաբերյալ:

«Ղարաբաղի փաստաբանի վիճակն ի՞նչ վիճակ է. կարո՞ղ է անկախ, համարձակ դիրքորշում ունենալ: Բազմաթիվ զինվորական գործերով փաստաբանության ծառայության վերաբերյալ տեղեկություններս ինձ հիմք են տալիս ասելու, որ այդ ինստիտուտը ԼՂ-ում ոչ պատշաճ վիճակում է»,- ասում է Սաքունցը:

Նրա խոսքով՝ Գալստյանը չի հերքում իր և հանգուցյալ համածառայողի միջև եղած տարաձայնությունները՝ զինծառայողների փոխհարաբերությոնների կանոնագրքային կանոնների խախտմամբ, բայց մյուս մեղադրյալի՝ սպայի կողմից զինվորին ինքնասպանության հասցնելու հանգամանքն ավելի հիմնավոր է: «Տվյալ դեպքում ավելի մեծ ազդեցություն ունեցել է սպայի վերաբերմունքը Նիկողոսյանի նկատմամբ, քան կարող էր ունենալ շարքայինի ծառայողինը»,- ասում է Արթուր Սաքունցը:

Մեղադրյալ Գալստյանի նկատմամբ իր մատնանշած ճնշումներն ու հետապանդումներն, ըստ նրա, ցուցմունք կորզելու և հսկողության տակ պահելու մեխանիզմ են, որպեսզի պաշտպանության հնարավորությունից զրկված, հոգեբանական և ֆիզիկական ճնշման տակ գտնվող մարդն ստիպված ընդունի իրեն ներկայացված բոլոր պահանջները:

«Ոչնչացնելու ապարատի մասին է խոսքը: Հերթական անգամ ռազմական ոստիկանությունում զինծառայողի նկատմամբ բռնությունների կիրառմամբ ցուցմունքներ են կորզում, պարտադրում են, որ տեղի չունեցածի կամ իրականության հետ որևէ աղերս չունեցող փաստերի մասին մարդը ստիպված լինի ցուցմունք տալ: Ասում է՝ չէի կարողանում դիմանամ էդ ծեծին,- ասում է Արթուր Սաքունցը:- Նախաքննության մարմինն էլ ոչ թե օբյեկտիվ քննություն տանելու ուղղությամբ է աշխատում, այլ գործը որոշակի սցենարով հիմնավորելու տրամաբանությամբ, որ Գալստյանն է այնքան ծեծել, արժանապատվությունը նվաստացրել Նիկողոսյանի, որ ստիպված է եղել ինքասպանության դիմելու: Տարվում է այն ուղղությամբ, որ սպայի մեղադրանքի ծավալը նվազեցնեն, չարած հանցագործության մեջ նաև Գալստյանին մասնակից դարձնեն կամ ամբողջ մեղադրանքը նրա վրա դնեն»:

ՀՔԱՎ-ի իրավաբան Արայիկ Զալյանն էլ այս գործի հետևյալ իրավական խնդրի վրա է ուշադրություն հրավիրում. դեպքը տեղի է ունեցել ԼՂ տարածքում, բայց գործը քննվում է ՀՀ-ում ՀՀ զինվորական դատախազության կողմից, նախաքննությունը կատարվում է ՀՀ-ում, բայց կալանավորը պահվում է Շուշիում, նախաքննությունը կատարվում է ՀՀ-ում, մինչդեռ դատավարությունն ընթանում է Սյունիքի մարզի դատարանում, նստավայրը՝ Ստեփանակերտ:

Զալյանի խոսքով՝ սա նման առաջին դեպքը չէ, բազմաթիվ գործերով այս հարցին անդրադարձել են նաև Եվրոպական դատարանում: Հիշատակում է Մատաղիսի հայտնի գործը: «Զինդատախազի բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանը Էդվարդ Գալստյանի խափանման միջոցը փոխեց՝ դարձյալ ազատազրկում սահմանելով: Բայց ո՞ր օրենսդրությամբ է դա կարգավորվում, և ի՞նչ կարգով պետք է ՀՀ-ն տվյալ անձին դարձյալ տեղափոխի Շուշի»,- հարցադրում է Արայիկ Զալյանը:

Էդվարդ Գալստյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի՝ դարձյալ կալանք կիրառելու մասին որոշումից հետո նրա ծնողներին հայտնի է դարձել, որ նրան նորից Շուշի են տեղափոխելու՝ նույնիսկ չսպասելով Վճռաբեկ դատարանի որոշմանը: Բայց Էդվարդ Գալստյանն այնպիսի հոգեբանական ու ֆիզիկական հալածանքների է ենթարկվել Շուշիում, որ չի կարող նորից այնտեղ վերադառնալ: Օրենքով էլ կալանքը նախաքննության վայրի մեկուսարանում են կրում, ինչն ի սկզբանե խախտվել է Էդվարդ Գալստյանի դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter