
Իրանցի ևս 11 դատապարտյալ Հայաստանից կփոխանցվի Իրան
Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 10-ից երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Իրան: Նոյեմբերի 12-ին Հայաստան և Իրանի արդարադատության նախարարների միջև ստորագրվել է դատապարտյալների փոխանցման մասին երկկողմ համաձայնագիր:
Հայաստանի անկախ Հանրապետության արդարադատության նախարարն առաջին անգամ էր պաշտոնական այցով մեկնում Իրան, և առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրվում կողմերի միջև:
2011 թ. Իրանի խնդրանքով և Հայաստանի բարի կամքի դրսևորմամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող Իրանի քաղաքացի դատապարտյալներ են փոխանցվել Իրան՝ այնտեղ պատիժը հետագայում կրելու պայմանով: Մինչև համաձայնագիրը ստորագրելը Հրայր Թովմասյանը հանձնարարել էր նախապատրաստել իրանցի ևս 11 դատապարտյալի փոխանցումը Իրան:
Իրան կատարած այցի ընթացքում Հրայր Թովմասյանը հանդիպել է նաև Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի և դատական իշխանության ղեկավար Սադեք Լարիջանիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ իրավական օգնության և դատապարտյալների փոխանցմանը վերաբերող հարցեր: Կողմերը վստահություն են հայտնել, որ իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությունն ավելի է խորացվելու:
Հայաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում էին նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանը և նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը:
Մեկնաբանել