Լրանում է ջավախահայության չարաբաստիկ «90 օրը»
Այսօր` հունիսի 13-ի առավոտյան, ՀՀ ՊԵԿ-ի Շիրակի տարածաշրջանային «Բավրա» սահմանային անցակետի աշխատակիցները Ջավախքի բնակիչ, Վրաստանի քաղաքացիություն ունեցող Ս. Շահինյանին արգելել են սեփական մեքենայով մտնել ՀՀ տարածք: Պատճառաբանությունը հետևյալն է. «Ապ ջան քո` սեփական մեքենայով ՀՀ-ում գտնվելու առավելագույն տարեկան ժակետը` 90 օրը, արդեն լրացել է. կամ գնա անձնագիրդ փոխի, կամ գնա ավտոդ մեկ ուրիշին «գենդավերնոստով» տուր, թող նա գա, դու էլ` կողքը նստած: Հիմա հետ դարձիր»:
ՀՀ ՊԵԿ-ի` տարեսկզբին ընդունած որոշմանը, որով այլ երկրի քաղաքացիները, այս դեպքում նաև` Ջավախքի բնակչությունը, սեփական մեքենայով ՀՀ տարածքում կարող են գտնվել տարեկան առավելագույնը 90 օր, իսկ ՀՀ յուրաքանչյուր անգամ մուտք գործելիս ՀՀ տարածքում կարող են գտնվել առավելագույնը 15 օր, բազմիցս անդրադարձել ենք:
Վերջերս հանրային հեռուստատեսության հաղորդումներից մեկի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի տեղակալ Ա. Ալավերդյանն այս դժգոհությանը արձագանքեց` նշելով, որ «կյանքը սառած երևույթ չէ. մենք եթե տեսանք, որ այդ 90 օրը մարդկանց մոտ դժգոհություններ կառաջացնի, կվերանայենք մեր մոտեցումները»: Նշենք, որ այսօրվա դեպքը նախակարապետն է Ջավախք-ՀՀ անջրպետի հետագա խորացման:
Որ այս որոշումը ոչ միայն ջավախահայությանը բարոյազրկելու, ՀՀ-ից մեկուսացնելու անպատասխանատու քայլ էր, այլև` ՀՀ-ի տնտեսությանը մեծ վնաս, նույնպես անդրադարձել ենք: Բացատրություն ուղղակի չկա այն հարցին, թե ինչ վնաս պետք է հասցնի ՀՀ-ի տարածքին այն օտարերկրացին (ջավաքցին), որն իր սեփական մեքենայով կուզենար իր մեկանգամյա մուտքով մնալ ՀՀ-ում ոչ թե 15, այլ` 35 օր կամ տարվա կտրվածքով, օրինակ, 90-ի փոխարեն 100 օր:
Իսկ ՀՀ կառավարության ներկայացուցիչներն արդարանում են, թե մենք հարցը լուծել ենք. որոշակի «շերտի» մարդիկ, ովքեր ցույց կտան աշխատանքային պայմանագրեր, ուսանողական տոմսեր և այլն, կարող են ավելի երկար մնալ ՀՀ-ում:
Արդեն նշեցինք, որ ենթադրենք մարդ «ոչ մի բան է»` տուրիստ է կամ պարզապես ՀՀ-ում է, հետևաբար` փող է ծախսում, ի՞նչ վնաս: Ինչո՞ւ է հայրենի կառավարությունն ստեղծում սատանա, հետո սկսում պայքարել դրա դեմ, իսկ ջավախահայության մուտքը ՀՀ թույլատրելու համար ստիպված լինում վերջիններիս ենթարկելու կաստայական շերտավորման:
Հարցն առավել մտահոգիչ է դառնում, երբ հաշվի ենք առնում հետևյալը. ջավախահայությունն, ինչպես արցախյան գոյապայքարում և հաղթանակում, այնպես էլ հայոց երիտասարդ հանրապետության հիմնադրման ու կայացման գործընթացում իր անփոխարինելի լուման ունի` առավել, քան կառավարության մեջ ներկայումս իրերի բերումով գտնվող ներկայացուցիչների ծանրակշիռ մասը:
Իսկ այն պարագայում, երբ ՀՀ-ն շրջափակող ջավախքյան նորակառույց ճանապարհներին այսօր զրնգում է թուրք-ադրբեջանական դափ ու զուռնան, հորթի հրճվանքով ծափ զարկելը, ջավախահայությանը մեկուսացնելը և բարոյազրկելը նշանակում է, նժդեհյան բառերով ասված, լինել «իգացեալ»:
Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել