HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Քոչարյանի «անկեղծության» պահը...

Դժվար է ասել` հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով կառավարման համակարգը փոխելու և դրա շուրջ քաղաքական կոնսոլիդացման պրոցես նախաձեռելու՝ ԲՀԿ առաջարկության «թիկունքում» իր «ստվերի» առկայության մասին իշխանությունից եկող անուղղակի ազդակներին, իրականում փորձում էր փակե՞լ այդ թեման, թե՞ հակառակը` ձգտում էր էլ ավելի բորբոքել:

Ինչպես միշտ, նա խոսեց ոչ ուղղակի և ոչ ամբողջական, թեև ասածի իմաստն այն էր, որ Սերժ Սարգսյանը փորձում է իր իշխանության վերարտադրման խնդիրը լուծել, իսկ ԲՀԿ-ի այս նախաձեռնությունն ուղղված է դրա դեմ:

Քոչարյանի պատասխանի երկրորդ ենթատեքստն այն էր, որ իր և Սերժ Սարգսյանի աշխարհըմբռնումները կառավարման մեթոդոլոգիայի և ավանդույթների հարցում սկզբունքորեն տարբեր են, և որ Սարգսյանի որդեգրած կուրսը դեմ է անգամ նրա իսկ հռչակած` եվրոպական արժեքները տեղայնացնելու սկզբունքին: Պատահական չէ, որ նա շեշտում է, թե  չնայած 2005թ. «սահմանադրական հանրաքվեն նշանակալիորեն ընդլայնեց կառավարության լիազորությունները, իրականության մեջ, չգիտես ինչու, կառավարության դերը զգալիորեն նվազեց»: Կամ`«Հայաստանում մեծամասնական ընտրակարգը նպաստում է տարածքների ֆեոդալականացման գործընթացին` ընտրատարածքների սահմաններում, ընդ որում` իշխանությունը կամա թե ակամա աջակցում է դրան, քանի որ միտված է վերարտադրման»:

Եվ անմիջապես դրան հակադրելով պնդումը, թե պառլամենտական համակարգը մեղմում է կիսանախագահական համակարգին բնորոշ`իշխանության թևերի միջև պատասխանատվության և ազդեցության բևեռացումները, նա հիշեցնում է, որ «եվրոպական ավանդույթները պառլամենտարիզմի ավանդույթներ են, իսկ մենք եվրոպական քաղաքական գործընթացների շրջանակներում ենք»:

Իշխանություններին տված նրա գնահատականները, որքան էլ օբյեկտիվորեն ճիշտ են, մեղմ ասած` անկեղծ չեն կամ ամբողջական չեն այն պարզ պատճառով, որ Քոչարյանը դրանց տակ պարզապես թաքցնում է առկա իրավիճակի համար նաև իր ուղղակի պատասխանատվությունը:

2005-ի սահմանադրական հանրաքվեն, որի մասին նա խոսում է` պնդելով, թե Կառավարությունն իրականում չի օժտվել այդ փոփոխություններով իրեն վերապահված լրացուցիչ լիազորություններով ու կշռով, տեղի է ունեցել իր կողմից նախագահի պաշտոնը թողնելուց 3 տարի առաջ: Նա երեք տարի ժամանակ ուներ այդ խնդիրը լուծելու համար՝ առնվազն ստեղծելու դրա համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ, ավանդույթային և հոգեբանական նախադրյալները: Մինչդեռ Կառավարությունը դրանից հետո մնաց նախագահից կախվածության մեջ նույնչափ, որքան դրանից առաջ էր և նույնչափ, որքան հիմա է: Եվ դա առաջին հերթին այն պատճառով, որ Քոչարյանն ինքն էր ձևախեղում իշխանությունների հակակշռման և փոխադարձ զսպման սահմանադրական հիմնարար սկզբունքը, որովհետև դա անհրաժեշտ էր նրան իշխանությունը պահելու և ներքաղաքական չափազանց լուրջ դիմադրության ու այլընտրանքների պարագայում վերարտադրվելու համար:

Ընդամենը մեկ տարի առաջ էր, երբ նա իր հերթական արձագանքներից մեկում խոստովանեց, որ 2007թ. ԱԺ ընտրություններից առաջ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը ինքն է ձևավորել, ինչը կոպիտ, հակասահմանադրական միջամտություն է ոչ միայն ներկուսակցական հարցերին, այլև օրենսդիր մարմնի ձևավորման գործընթացին: 2008թ. մարտի 2-ին հենց նրա ճնշման ներքո Ազգային ժողովը համաձայնություն տվեց արտակարգ դրություն հայտարարելու նախագահի հրամանագրին` ուղղակի հակաժողովրդավարական և հակասահմանադրական աղաղակող դրույթներով ու ռեժիմներով: Երբևէ քաղաքական, պետական, հասարակական համակարգերն այնքան բևեռացված, իսկ իշխանությունը՝ նախագահի ձեռքում այնքան կենտրոնացված չի եղել, որքան Ռոբերտ Քոչարյանի օրոք, իհարկե` ոչ առանց ներկայիս նախագահի` այն ժամանակ ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող Սերժ Սարգսյանի մասնակցության ու օժանդակության:

Հետևաբար, երբ Քոչարյանը խոսում է մեծամասնական ընտրակարգը վերացնելու դիրքերից՝ համարելով, որ այն հանգեցնում է տարածքների ֆեոդալականացման, մնում է հարցնել` ինչո՞ւ էր մեծամասնական տեղերի կրճատման բոլոր օրենսդրական նախաձեռնությունների դեպքում, որոնք, ի դեպ, բոլորն էլ եղել են ընդդիմության նախաձեռնությունները, իր իշխանությունը կատաղի դիմադրություն ցուցաբերում: Կամ եթե տարածքների ֆեոդալականացումն այդքան անընդունելի էր իր համար, ինչո՞ւ չէր դնում մեծամասնական ընտրակարգից  միանգամից հրաժարվելու հարցը, երբ ամբողջ իշխանությունն իր ձեռքում ունենալով՝ առանց բարդության կարող էր դա անել: Այս իմաստով մեծամասնականն իբրև տարածքների ֆեոդալականացման միջոց նրա գնահատականը պետք է պարզապես ընկալել որպես ժամանակին նաև այդ ռեսուրսի միջոցով իշխանությունը պահելու և վերարտադրվելու վարքագծի ինքնախոստովանություն: Հարց է առաջանում` եթե նախագահի պաշտոնում ինքը լիներ, արդյոք կարո՞ղ էր այդքան համարձակ ու բաց տեքստով արտահայտվել դրա անընդունելիության մասին և, ասենք, ստիպել հրաժարական տալ իր իսկ հրահանգով, առնվազն համաձայնությամբ պատգամավոր կարգվող լիսկաներին, լֆիկներին, դոդերին, նեմեցներին, յուվեցներին և այլոց:

Բայց այս հարցի պատասխանը տալիս է ինքը` Քոչարյանը: Պատասխանելով իր իսկ կողմից առաջադրված այն բնական հարցին` թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, որպես նախագահ ժամանակին չավարտեց մեծամասնական ընտրակարգից ամբողջությամբ հրաժարվելու գործընթացը, նա ասում է. «Հասարակ պատճառով` իշխանությունն ուզում էր «ֆորա» ունենալ միամանդատ ընտրատարածքներով»: Ֆորա` նշանակում է մրցակցային հավասար հնարավորություններ ստեղծելու համար որոշակի արտոնությունների ապահովում թույլ մրցակցի համար: Եվ ստացվում է, որ ըստ երկրորդ նախագահի` իշխանությունն ինքը նման արտոնությունների կարիքն ուներ, ինքն էր թույլ կողմը ընդդիմության հետ մրցակցության մեջ, և մեծամասնական տեղերն անհրաժեշտ էին` իշխանության մրցունակությունը բարձրացնելու համար:

Սա ևս խոստովանություն է, որ մեծամասնական ընտրակարգը նաև այն ժամանակ է դիտարկվել որպես իշխանության վերարտադրության միջոց: Սակայն դա խոստովանելով` Քոչարյանն ինքն իրեն զրկում է ներկայիս իշխանությանը նույն բանում մեղադրելու բարոյական իրավունքից: Որովհետև ինքն է դա անելու իրավունքը ժառանգել Սերժ Սարգսյանին, հետևաբար դժգոհելու բան պետք է չունենար:

Ով, եթե ոչ նախկին նախագահը կարող էր բոլորից լավ իմանալ, որ «Պետությունն ապաշնորհ կամ իմաստուն կարելի է ղեկավարել ինչպես նախագահի աշխատասենյակից, այնպես էլ` վարչապետի»: Ավելի ճիշտ ձևակերպելու դեպքում կարելի է ասել` ի՞նչ տարբերություն` նախագահակա՞ն համակարգի պարագայում ավտորիտար ռեժիմի հետ գործ ունենք, թե՞ խորհրդարանական: Երբ քաղաքական, ընտրական և կուսակցական համակարգերը, որոնք պառլամենտարիզմի ամենակարևոր երեք բաղադրիչներն են, ուղղակի բացակայում են կամ գտնվում են կոմայի մեջ, և քաղաքականությունը շարունակելու է մնալ միայն կոնկրետ անձերի մենաշնորհը, ոչ մի տարբերություն չկա` իշխանությունը դե ֆակտո նախագահի՞ ձեռքում է կենտրոնացած, թե՞ վարչապետի, ոչ մի տարբերություն չկա՝ ընտրվելիք նախագահը կամ վարչապետը Սերժ Սարգսյա՞նն է լինելու, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Գագիկ Ծառուկյանը:

Քոչարյանի տարբերությունը, թերևս, միայն այն էր, որ նա ոչ թե հենվում էր որևէ քաղաքական ուժի վրա, այլ այդ ուժերի` իրեն հարմար դասավորվածությունն ու հարաբերակցությունն իր ձեռքերով ստեղծելու, ինչպես նաև՝ հիմնականում իր անձնական աշխարհըմբռնման ու կառավարման մեթոդաբանության: Այս իմաստով նա առնվազն անկեղծ չէ, երբ պնդում է, թե խնդիրը հակակշիռների ճիշտ համադրության, քաղաքացիական հասարակության հասունության մեջ է:

Մի կողմից՝ որովհետև այդ «ճիշտը» սահմանադրական կարգի խաթարման պարագայում դառնում է սուբյեկտիվ հասկացություն, իսկ մյուս կողմից` որովհետև կենտրոնաձիգ, մոնոլիտ ու փակ իշխանության պարագայում ուղղակի անհեթեթություն է խոսել քաղաքացիական հասարակության հասունության մասին, ինչպիսին էր իրողությունը նրա իշխանավարման տարիներին:

Այնպես որ, որքան էլ Քոչարյանը ձգտի իրեն օտարել այսօրվա համակարգից, նա եղել և մնում է դրա գլխավոր ճարտարապետներից մեկը: Սերժ Սարգսյանը պարզապես մի փոքր այն հարմարեցրել է իր աշխարհըմբռնումներին, իր մեթոդներին և վերարտադրման իր պատկերացումներին, որը նախորդից ոչ լավն է, ոչ էլ՝ վատը:

Մեկնաբանություններ (3)

Հռիփսիմե
Ախր հենց Քոչարյանը Հայաստանը վերածեց մի փոքրի ֆեոդալական բռնապետության
ominac
Աս մարդը «ապուշ» մարդուն նախագահն է։ Եթէ յանկարծ որեւէ դիրք գրաւէ քաղաքականութեան մէջ, իրեն մի մեղադրէք։
Hakob
Դիտեք, լսեք, հիացե'ք ու հպարտացեք, ստացած աշխատանքի արդյունքներով` http://www.youtube.com/watch?NR=1&v=1bmTuGkD-FE&feature=endscreen Ծովագյուղից մոտ 1000 հոգի հեռացել է գյուղից, որովհետեւ... կառավարման տաիների Ձեր ջանքերով է Նաեվ , որ Հայ գյուղացուն ու քաղաքացուն լրիվ սնանկացրել են, հասցնելով նրանց հուսալքության ծայրահեղ իրավիճակներում… Որքան իրականությունից քշված պիտի լինի մարդը , որ այդքանից հետո զբաղվի լկտի դեմագոգիայով, փայփայելով իր երեվակայության մեջ նորից իրեն տեսնելու երկրի նախագահի աթոռի վրա բազմած (:(:(:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter