Ես կուզեի, որ Հրայր Թովմասյանը ներողություն խնդրեր դատապարտյալներից
Ես, անկեղծ ասած, հուսով էի, որ այս հայտարարությամբ հանդես գալու կարիք չի լինի, քանի որ կարծում էի, որ ՀՀ արդարադատության նախարարը, լինելով բարեկիրթ անձնավորություն, ում համար մարդու իրավունքներին և եվրոպական արժեքներին հարգանքով վերաբերվելը սկզբունքային է, պատասխանատվություն կդրսևորի և առնվազն ներողություն կխնդրի իր կողմից հնչեցրած արտահայտությունների համար, քանի որ գրեթե համոզված էի, որ նման որակումները պարզապես սայթաքում են, ինչից, իհարկե, որևէ մեկս ախահովագրված չենք: Խոսքս վերաբերում է բանտարկյալների կողմից ինքնախեղման երևույթները սովորական որակելուն:
Ցավոք, պետք է նշեմ, որ նախարարի կողմից իր կողմից հնչեցրած ձևակերպումներին անդրադարձ չեղավ, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ այդ ձևակերպումները նախարարի համար օրինաչափ են:
Իհարկե, չէի ցանկանա որակումներ անել, այնուհանդերձ պետք է նշեմ, որ առնվազն պատասխանատու չէ նման մոտեցումը իրավիճակի և մարդկանց նկատմամբ: Պետք է շեշտեմ, որ նման մոտեցումը հիմք է տալիս ենթադրություններ անել այն մասին, թե ինչպիսին է արդարադատության նախարարի վերաբերմունքը քրեակատարողական համակարգի ու կալանավորների նկատմամբ:
Արդարադատության նախարարությունը կոչված է ուսումնասիրել նման դեպքերը, կատարել խորքային վերլուծություններ: Միայն ասել, թե այդ դեպքերը կապված են քրեական գործերը դատապարտյալի կողմից արդարացի կամ ոչ արդարացի համարելու հետ, պարզապես անընդունելի է: Իսկ միգուցե ժամանակն է ուսումնասիրել այն պատճառները, թե ինչու են դատապարտյալների մեծամասնությունն անարդարացի համարում հարուցված քրեական գործերը, դատավճիռները: Սովորական երևույթ չէ, երբ մարդը կտրում է իր մատը: Սովորական երևույթ չէ, երբ կարում է բերանը: Սովորական երևույթ չէ, երբ մարդ փորձում է այդ եղանակով բարձրաձայնել անարդարությունը, երբ մարդ փորձում է մյուսների ուշադրությունը գրավել այն խնդիրների վրա, որոնց մասին մենք բոլորս էլ շատ լավ գիտենք:
Իհարկե, դատապարտյալների կողմից կարող են սուբյեկտիվ մոտեցումներ լինել, բայց երբ նրանք դիմում են ինքնախեղման, սա ահազանգ է, որպեսզի համակարգն ի վերջո ուշադրության արժանանա:
Եվ վերջում, ես ուզում եմ մնալ իմ համոզմունքին, որ նախարարի արտահայտությունը պարզապես սայթաքում էր, և՛ դատապարտյալները, և՛ նրանց ընտանիքները դեռևս կարժանան նրա կողմից հնչեցրած ներողությանը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Էլինար Վարդանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել