HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Գալոյան

Մայր Հայրենիքի մայր գործարանը - 1

Իմ մայր Հայաստան,
ասում են, որ դու ինձ սիրում ես`
քո ամբողջ սահմանադրությամբ:

Վ. Հարությունյան
«Կալանավայրերի գրականությունը» գրքից

Ամենահայտնի ջուրը

Ցանկացածս էլ վստահ է, որ ամենահայտնի ջուրը Ջերմուկն է: Երեւի հենց այս պատճառով էլ այսօր Ջերմուկի շշալցմամբ, պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալներով, զբաղվում է 20-40 կազմակերպություն: Ժամանակին կար ընդամենը մեկ գործարան, որը կառուցվել էր 1951թ.: Հենց այդ ձեռնարկության պատմությունն էլ կներկայացնենք: Այն արժանի է ուշադրության, որովհետեւ նրանում տարօրինակ զուգադիպությամբ ներկա են բոլոր այն երեւույթները, որոնց հետ շփվում կամ որոնց մասին տեղեկանում ենք մեր առօրյայում: Խոսքը ե՜ւ սեփականաշնորհման, ե՜ւ արտասահմանյան ներդրումների, ե՜ւ կոռուպցիայի, ե՜ւ գործազրկության, ե՜ւ պրոտեկցիոնիզմի ու բազում այլ երեւույթների մասին է:

Թերեւս մեկ այլ օրինակ գտնելը դժվար է: Այս խճողված պատմության մեջ հնարավոր ամեն ինչ առկա է` մութ սեփականաշնորհում, օտարերկրյա կապիտալի ներգրավում, իշխանության տարբեր մակարդակների անօրինական վերաբերմունք, արտերկրի գործարարների բողոք բարձրագույն իշխանությանը, անհասկանալի պատճառներով հրաժարում այդ բողոքից, փնթի տնտեսավորում: Վերջում այս ամենի պատճառով լուրջ տարաձայնություններ սփյուռքահայ մեծահարուստ (եւ բարի համբավ ունեցող) երկու գործարարների միջեւ: Բայց այս ամենը հերթականությամբ ներկայացնելու կարիք ունի:

Խառնաշփոթի կայծակնային սկիզբը

Ջերմուկի հանքային ջրերի գործարանը ընդգրկված էր սեփականաշնորհման 94-95թթ. ծրագրում: Ձեռնարկությունն այդ պահին չէր աշխատում: Այն վարձակալությամբ տրվում է «Արցախ» կոոպերատիվին, որն ունի երկու բաժնետեր: Ամերիկահայ բաժնետեր Կայծակ Զեյթլյանի ներդրումը 51 տոկոսի դիմաց կազմում է 200 հազար դոլար: Նրան բացատրում են, որ վարձակալը առաջնային իրավունք կունենա ձեռնարկությունը սեփականաշնորհելիս: Նա 94-ի նոյեմբերին 400 հազար դոլար արժողությամբ շշալցման օգտագործված իտալական հոսքագիծ է ներմուծում Հայաստան: Սա թերեւս պլասմասսայե շշերով արտադրության առաջին օրինակն էր: «Արցախ»-ը սկսում է աշխատել: Նույն 94-ին չաշխատող հանքային ջրերի գործարանի տնօրեն է նշանակվում Աշոտ Արսենյանը (այսօր` Ջերմուկի քաղաքապետ): Հայաստանում սկսվել էր վաուչերային սեփականաշնորհումը եւ Արսենյանի տնօրինության տակ է անցնում ձեռնարկության 67 %-ի բաժնեմասը: Այսօր արդեն դժվար է պարզել, թե ինչ եղավ մնացած 33 տոկոս բաժնեմասերի հետ:

Այս ընթացքում սփյուռքահայ գործարարին առաջարկվում է կոոպերատիվի փոխարեն ստեղծել հանքային ջրի արտադրությամբ զբաղվող ՍՊԸ: Ստեղծվում է «Շանթ» ՍՊԸ-ն, որի 51 տոկոսը Զեյթլյանինն է, 49-ը` Աշոտ Արսենյանինը: Զեյթլյանին բաժնեմասը տրվում է հոսքագծի դիմաց: Նա լրացուցիչ 150 հազար դոլար ներդրում է կատարում, որ ձեւակերպվում է պարտք ընկերությանը` մեկ ու կես տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով: Արսենյանը ներդնում է գործարանի իր բաժնեմասը: Այս պահին «Շանթի» գործադիր տնօրեն է նշանակվում սփյուռքահայ Զ. Կիրակոսյանը: Արտադրության ծավալներն ընդլայնվում են: Հետո գործարանի ղեկավարումը նորից անցնում է տեղացի սեփականատիրոջը: Պլասմասսայե շշերի հումքի ներկրման հարցում ծագած տարաձայնությունների արդյունքում սկսվում են դատական պրոցեսներ: Այս ընթացքում վաճառվում է արդեն ներկրված հոսքագիծը: Սեփականատերերի միջեւ վեճը հարթվում է, երբ Աշոտ Արսենյանը առաջարկում է Կայծակ Զեյթլյանին վերապահել գործադիր տնօրեն նշանակելու իրավունքը: Ձեռք է բերվում 560 հազար դոլար արժողությամբ նոր հոսքագիծ (գումարը վճարել է ընկերությունը): Կայծակ Զեյթլյանը արտասահմանից 200 հազար դոլար արժողությամբ կափարիչներ, սարքավորումներ է ներմուծում: Գործադիր տնօրեն նշանակելու իրավունքի դիմաց Զեյթլյանը զիջում է իր բաժնեմասի 1 տոկոսը: Մեկ տարվա ընթացքում նոր տնօրեն Սերժ Սարխոշյանին (ԱՄՆ-ից) հաջողվում է վճարել ընկերության 900 հազար դոլարի պարտքերը: Բայց ձեռնարկության աշխատակիցները դժգոհում եւ ցույցեր են կազմակերպում ամերիկահայ տնօրենի դեմ: Արեւմտյան ոճի մենեջմենթը հավանաբար հարիր չէ մեր ոգուն: Սարխոշյանի մեկնումից հետո ձեռնարկության ֆինանսական վիճակը կտրուկ վատանում է: Դա արդեն 1998թ. գարնանն էր: Այս ընթացքում Աշոտ Արսենյանին հաջողվում է համոզել իրեն փոխանցելու ձեռնարկության կառավարման իրավունքը: Կնքվում է պայմանագիր: Կայծակ Զեյթլյանի խոսքերով, Արսենյանը խոստանում է վերադարձնել սփյուռքահայի ներդրած նախնական գումարը (250 հազար դոլար) եւ լրացուցիչ ապահովել 200 հազար դոլար շահույթ: Այս խոստումները արձանագրվում են վերը նշված պայմանագրում:

Նոր տնօրեն արդեն քաղաքապետ ընտրված բաժնետերը նշանակում է իր եղբորը` Անաստաս Արսենյանին: Խոստումների դիմաց ընդամենը 3 անգամ 50 հազար դոլար ստանալուց հետո ամերիկահայ գործարարն առաջին անգամ մյուս բաժնետիրոջ հետ ունեցած տարաձայնությունները փորձում է լուծել դատական կարգով: Որքան էլ տարօրինակ է, բայց Զեյթլյանն ասում է, որ Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանին հաջողվում է իրեն համոզել ետ կանգնել դատարան դիմելու վճռից: Մինչդեռ հենց այս ընթացքում ձեռնարկության հաշվից դուրս են գրվում 24 բեռնատար ավտոմեքենաներ: Ձեռնարկությունը շարունակում է խրվել պարտքերի մեջ: Աշոտ Արսենյանը չի կատարում Զեյթլյանի հետ կնքած պայմանագրային պարտավորությունները: Այս ընթացքում «Շանթ» ՍՊԸ-ն վերագրանցվում է որպես «Շանթ» ՓԲԸ: Գրչի մեկ հարվածով նախորդի 425 հազար կանոնադրական կապիտալը վերագրանցվում է որպես 425 մլն դրամ: Սա Արսենյանին հնարավորություն է տալիս մոտ 1 մլն դոլար դրամական ներդրում կատարած բաժնետեր Զեյթլյանին ներկայանալ որպես «լուրջ» բաժնետեր: Հետագայում «Բիզնես կոնսալդ» եւ «Ամիո էքսպո» աուդիտորական կազմակերպությունները նկատում են այս խախտումը: Ավելին« նրանք ընդգծում են եւս մեկ փաստ` 1 մլն դրամ գնահատված շինությունները վերագրանցվել են 1 մլն դոլար: Արդեն 1999 թվականն էր, իսկ դա Ջերմուկ հանքային ջրի պատմության նոր ընթացքի սկիզբն էր:

Խառնաշփոթ` ըստ Գեւորգի

1999թ-ից Ջերմուկ ՓԲԸ-ի շուրջ խառնաշփոթի աշխարհագրությունն ու ծավալներն ընդլայնվում են: Եթե նախորդ շրջանի պատմությունը այս կամ այն չափով հայտնի է, ապա երկրորդի մասին գիտեն քչերը: Եվ այդ քչերը պարզապես ընտրյալներ են: Ընտրյալներ են այն իմաստով, որ հաղթել են տարբեր մակարդակների ընտրություններում` նախագահական, խորհրդարանական կամ տեղական ինքնակառավարման մարմինների: ՀՀ նախագահին հայտնի է, որովհետեւ նա ընդունել է սփյուռքահայ գործարարներին, որոնք էլ իրենց բողոքը գրավոր են ներկայացրել:

Բայց մինչեւ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված «Իրադարձությունների ժամանակագրություն» անունով փաստաթղթի բովանդակությանն ու ճակատագրին անցնելը, շարունակենք ներկայացնել դեպքերի ընթացքը:

1999թ. փետրվարին Աշոտ Արսենյանը վաճառում է իր 50 տոկոս կազմող բաժնեմասը: Արսենյանը խախտելով բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը իր բաժնեմասը առաջարկում է գնել սփյուռքահայ գործարար Հակոբ Սաբունջյանին: Վերջինս խոստանում է մինչեւ ապրիլի 10-ը գնել Արսենյանի բաժնետոմսերը: Եթե մինչ այդ ժամկետը նա չգներ բաժնետոմսը« ապա դրանք գնելու իրավունքը անցնելու էր Կ. Զեյթլյանին:

Դեռ ապրիլ ամսին Սաբունջյանը իր «ունեցած» բաժնետոմսերը խոստանում է վաճառել է Եվրոպայում հայտնի գործարար Գեւորգ (Ջանիկ) Օսկանյանին: Սաբունջյանը «Business Consult» իրավախորհրդատվական եւ աուդիտի ընկերության կողմից պատրաստած ծրագիր է ներկայացնում, որը հայր եւ որդի Օսկանյանները անվանում են «շատ գրավիչ, իրագործելի գիտական աշխատություն»: Ի դեպ, զովացուցիչ ըմպելիքների բիզնեսով այդ տարիներին հետաքրքրվող մի գործարարի կարծիքով «Բիզնես կոնսուլտի» այդ ծրագիրը կազմվել էր «Pepsi» հանրահայտ ընկերության պատվերով: Բիզնես-ծրագիրն իրականում դա «Pepsi-cola» ընկերության հայկական եւ տարածաշրջանային շուկա թափանցելու հաշվարկներն էին: «Նոր» ծրագրում պարզապես «Pepsi» բառը փոխվել է «Ջերմուկով»: Տեսնելով այդ լավ բիզնես-ծրագիրը եւ չիմանալով, որ այն կեղծված է` Օսկանյանը համաձայնում է դառնալ «Ջերմուկի» բաժնետեր մեկ պայմանով` եթե իրեն վաճառեն ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Բանավոր խոստումներից հետո Օսկանյանները ժամանում են Հայաստան: Բանակցություններից հետո համաձայնություն է ձեռք բերվում 2 մլն 300 հազար դոլարով գնել բաժնետոմսերի 50 տոկոսը (17-ը` Սաբունջյանը, 33-ը` Օսկանյանը): Ըստ Օսկանյանի` «Սաբունջյանը պետք է վճարեր 800 հազար, իսկ իրենք` 1 մլն 500 հազար»: Գործարքի ընթացքում, ըստ Օսկանյանի` «Արսենյանը շատ հստակ բանավոր խոստում է տալիս, որ ինքը ոչ մի ժամանակ հանքային ջրերի գործով չի զբաղվի»:

Ի դեպ, նշենք, որ այդ պահին Օսկանյանները տեղյակ չէին, որ «Ջերմուկը» գրանցված ապրանքանիշ չէ եւ նրանց կարծիքով իրենք ձեռք էին բերում մոնոպոլ իրավունքներ ունեցող ձեռնարկություն:

Հարկավոր է նշել, որ այս ընթացքում Ջերմուկ ՓԲԸ-ում գործավարությունը պատշաճ մակարդակի վրա չէր: Ընկերությունում անգամ ռեստր չի վարվում (ուր ըստ օրենքի պետք է նշվեն սեփականատերերի անուններն ու բաժնետոմսերի քանակը): Վաճառքի մի գործարքը ռեստրում գրանցվել է մայիսի 11-ի ամսաթվով, հաջորդը` 19-ի: Սա այն դեպքում, երբ նոր սեփականատիրոջ ներկայությամբ բաժնետիրական ընկերության նիստը կայացել է մայիսի 12-ին (այսինքն` գործարքը չկայացած եւ ռեստրում չարձանագրված):

Այս ընթացքում, երբ Զեյթլյանը փորձում է բաժնետիրոջ իր իրավունքները պաշտպանել դատարանի միջոցով: Դա առանձին կներկայացնենք:

Հետո Աշոտ Արսենյանն ու Հակոբ Սաբունջյանը, ըստ Օսկանյանների, իրենց «տարօրինակ միջադեպերի» եւ տարբեր «պրովակատիվ» պատմությունների մեջ են ներքաշում: Այդ ամենը «Իրադարձությունների ժամանակագրություն» վերագրված փաստաթղթում շարադրելով եւ կցելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ընդունելություն են խնդրում նախագահ Ռոբերտ Քոչարյանից: 2000թ. հունիսին Ռոբերտ Քոչարյանը ընդունում է «Ջերմուկ» ՓԲԸ համասեփականատեր Օսկանյաններին եւ Կայծակ Զեյթլյանին: Նախագահին հանձնվում է փաստաթղթերի կապոցը: Ըստ մեր տեղեկությունների նախագահը իր մակագրությամբ այն ուղարկում է ՆԳՆ: «Իրադարձությունների, ժամանակագրությունը» կարելի է որակել որպես հայկական բիզնեսի բարքերը արձանագրող նորօրյա «Ողբ հայրենասերի»: Անկասկած, այն իր գեղարվեստական ոճով ու խոհափիլիսոփայական տրամաբանությամբ զիջում է թե Խորենացու «Ողբին», թե Աբովյանի վեպին: Հետեւաբար դրա դասավանդումը միջնակարգ դպրոցում ամենեւին էլ պարտադիր չէ: Փոխարենը այն պետք է, որ որպես ուսումնական ձեռնարկ պարտադիր համարվի բիզնեսի բոլոր կուրսերում: Հետեւաբար կներկայացնենք մի քանի մեջբերում (առանց խմբագրական ուղղումների):

Խեղճ բյուջե

«Աշոտ Արսենյանը ապրիլին (1999թ.-Ա. Գ.) այցելեց Կիպրոս` հաշիվ բացելու եւ իր վճարումները ստանալու նպատակով...Օսկանյանը ուղղակիորեն Հայաստան է կատարում իր փոխանցումները 800 հազար դոլար: Փոխանցումները Կիպրոս 250 հազար դոլարի կատարվում են Սաբունջյանի հաշվի համարին: Իր հաշվի միջոցով Օսկանյանի մեկ վերջին փոխանցում եւս` 750 հազար դոլար Երեւանից մայիսին արվեց: Հայկական պետությանը այս հաշիվներից ընդամենը 800 հազար դոլար ներկայացվեց: Աշոտ Արսենյանը այսպիսով որեւէ կապիտալ շահույթի հարկ (15%) չվճարեց»:

Երդում

«Հենց նույն օրը (02.05.99թ.-Ա. Գ.) խորհրդակցություն է հրավիրվում Օսկանյանի, Մելիքսեթյանի, Սաբունջյանի եւ Աշոտ ու Սամվել Արսենյանի մասնակցությամբ: Արսենյանը հանդիսավոր կերպով երդվում է, որ նա ստացել է իր բոլոր վճարումները»:

Խառնաշփոթ տեղական ուժերով

«Միեւնույն ժամանակ մայիս ամսին (1999թ.-Ա. Գ.) Աշոտ Արսենյանը օգտագործում է խառնաշփոթ վիճակը` իր եղբորը որպես ՓԲԸ տնօրեն թողնելով: Կանխիկ դրամը գնում է ուղիղ Արսենյանների գրպանը. սահուն ֆոնդերը, կեղծված փաստաթղթերի հիման վրա փոխանցվում են Արսենյանի հսկողության տակ գտնվող տարբեր ընկերություններ: 50-60 նոր, ոչ անհրաժեշտ աշխատողներ են գործի ընդունվում: Ավելին` ընկերությունից յուրացված են մեծ քանակությամբ կափարիչներ եւ շշեր»:

Բիզնեսի տեղական ինքնակառավարում

«Աշոտ Արսենյանը շարունակում է Հայաստանի ամբողջ շուկայում իր եղբոր միջոցով, ապօրինաբար վաճառել Ջերմուկ ՓԲԸ-ին պատկանող կափարիչների, պիտակների մեծ քանակություններ օգնելով այն կեղծողներին: Մի քանի մարդ, որոնք մոտ են Արսենյանի հետ (ներառյալ Պանդուխտ Մանուկյանը` Վայոց Ձորի մարզպետը) ակտիվորեն կեղծում են Ջերմուկ ՓԲԸ-ի արտադրանքը»:

Խորհուրդ նախագահի մասին

«Գեւորգ Օսկանյանը խորհուրդ ստանալու նպատակով այցելում է Գագիկ Եղիազարյանին` Հայկական Զարգացման Գործակալության տնօրենին: Այցելության ընթացքում Եղիազարյանը ամբողջությամբ շփոթության է մատնվում, նա բավականին վախեցած է թվում: Երբ հարցնում է, թե որ իրավաբանն է ամենալավ կերպով կարող ներկայացնել Օսկանյանի շահերը, նա խուսափողական պատասխան է տալիս: Ավելին նա հայտարարում է, որ այս դեպքը «վտանգավոր դեպք է» Օսկանյանի ասելով, որ հնարավոր է նույնիսկ Օսկանյանն ինքը ձերբակալվի (նա վկայակոչում է անանուն կանադական բիզնեսմենի օրինակը, որը Հայաստանում խաբեության համար դատավարություն սկսեց եւ բանտում վերջացրեց): Նա խորհուրդ տվեց Օսկանյանին այդ դեպքը չլուծել դատարանի, այլ ՀՀ նախագահի միջոցով, նրա կարծիքով նա միակ մարդն է, որ հնարավոր է կարողանա լուծել այս խնդիրը»:

Նամակի այլ մանրամասների եւ ճակատագրի մասին` հաջորդիվ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter