Պոեզիան` պատանի նկարիչների շուրթերով
ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գեղագիտության ազգային կենտրոնի կազմակերպած «Սիրե´ք պոետի գույները» համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանում տեղի է ունեցել «Պոեզիան պատանի նկարիչների շուրթերից» միջոցառումը:
Գրադարանի դահլիճում կազմակերպվել է պատանի նկարիչների ցուցահանդեսը, ովքեր այս անգամ ներկայացել են նաև ասմունքով: Երեխաները ներկայացրել և միաժամանակ մեկնաբանել են այն բանաստեղծների ստեղծագործությունները, որոնց պատկերել են իրենց նկարներում:
Մասնակցել են Ա. Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի նկարչական խմբակի, Ս. Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցի, Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի նկարչական խմբակի, Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արաբկիրի Հայորդյաց տան և Գեղագիտության ազգային կենտրոնի սաները:
Համահայկական մանկապատանեկան նկարչական 3-րդ մրցույթ-փառատոնին մասնակցել են 6-18 տարեկան երեխաներ, ներկայացվել է շուրջ 1600 նկար՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքի 14 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Իրան, Լիբանան, Մեծ Բրիտանիա, Ղազախստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ռուսաստան, Սիրիա, Ֆրաստան, Քուվեյթ, Վրաստան): Մասնագիտական ժյուրիի կողմից ընտրված 345 աշխատանքներ մեկ ամիս ցուցադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում և համացանցում: Լույս է տեսնելու ցուցահանդեսի կատալոգը, որը կբաժանվի բոլոր 345 մասնակիցներին և համապատասխան դպրոցներին: Մրցույթ-փառատոնի հաղթողների անունները կհայտարարվի նոյեմբերի վերջին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել