
Արմեն Գեւորգյանն ընդունեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատարին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր Բիզոյին:
Ողջունելով հյուրին` փոխվարչապետն անդրադարձավ ՄԱԶԾ-ի հետ ձեւավորված արդյունավետ եւ բազմակողմանի համագործակցությանը: Նա առանձնահատուկ նշեց ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի օժանդակությամբ ու փորձագիտական աջակցությամբ Հայաստանում տարածքների համաչափ զարգացման խնդիրների ուսումնասիրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, ինչպես նաեւ տարբեր համայնքերում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը, որոնք ուղղված են սկսած ենթակառուցվածքների բարելավումից մինչեւ համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
Նա արդյունավետ համարեց նաեւ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների հետ համատեղ աշխատանքները, ինչպես նաեւ կարեւորեց ժամանակի մարտահրավերներին համահունչ ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը:
Պատրիս Կոր Բիզոն իր հերթին ձեւավորված փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց` վստահեցնելով, որ համագործակցության բարձր մակարդակը կպահպանվի: Նա հավաստիացրեց, որ ՄԱԶԾ -ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը կշարունակվեն` առանձնահատուկ կարեւորելով տարածքների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Մեկնաբանել