Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացվել է հերթական բակը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի հերթական բարեկարգ բակի հանդիսավոր բացմանը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստյան գոտու կառուցումը քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է: Հերթական անգամ մայրաքաղաքի բակերի բարեկարգման գործին իր մասնակցությունն է ունեցել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը: Տասնյակ տարիներ անխնամ ու անհրապույր բակային տարծքն այսօր բնակիչների առջև իր դռներն է բացել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով ու մանուկների համար խաղահրապարակներով կահավորված: Բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանը բակը բարեկարգելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունն ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երևանի բարեկարգման գործում. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ևս մեկ բակ հանձնեցինք մեր երեխաներին ու բնակիչներին: Այս բակի կառուցման հիմնական ներդրողը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունն է: Մենք ևս մեկ անգամ փաստում են, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը բերում է նմանատիպ արդյունքների, ինչպես մեր բնակչության, այնպես էլ Երևան քաղաքի բարեկարգման համար: Այս ընկերությունից բացի մենք ունենք մի շարք գործընկեր կազմակերպություններ, որոնք ևս հայտ են ներկայացրել նման ներդումներ իրականացնելու համար և վստահ եմ, որ հաջորդ տարիների ընթացքում գործընկերների թիվը կընդլայնվի»,- նշել է քաղաքապետը:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանն իր հերթին նշել է, որ համայնքների զարգացումը ընկերության առաջնահերթ ուղղություններից մեկն է և որ այս խաղահրապարակի բացումը դրա վառ օրինակներից մեկն է. «Երեխաների առողջ ապրելակերպը և ֆիզիկական զարգացումը մեր ընկերության սոցիալական պատասխանատվության առաջնայնություններից է և մեր հաջողված համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ կլինի շարունակական ու կընդգրկի այլ ոլորտներ ևս»,- նշել է Գագիկ Դանիելյանը:
Բակի հանդիսավոր բացման արարողությունից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գործարանի տարածքով, այցելել արտադրամաս և պահեստ: Ընկերության տնօրենը քաղաքապետին է ներկայացրել ըմպելիքների արտադրման գործընթացը, ինչպես նաև ընկերության նոր՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, հոսքագիծը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել