HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում ծառատունկի՞ միամսյակ է

«Գեներալսկի գորոդոկի» հավակնող այս ապագա թաղամասում, բարձունքի վրա իշխում է գեներալ Հայկազ Բաղմանյանի գազարագույն տուֆից կառուցված առանձնատունը: Տունը եւ տնամերձ հողամասը պարսպապատվում են: Շրջակա շենքերի եւ սեփական տների բնակիչները պատմում են, որ գեներալի տան վրա աշխատում են զինվորները: Հայոց զինուժը հավանաբար կօգտագործվի նաեւ մեկ այլ գեներալի` Սեյրան Սարոյանի տան շինարարության համար: Երրորդ գեներալի անունը այդպես էլ ոչ ոք չհամարձակվեց տալ: Ըստ մեր չճշտված տեղեկությունների, դա վանաձորցի մի գեներալ է, որի ինքնությունը չհաջողվեց պարզել:

Անտառի հենց կենտրոնում հինավուրց սոսի ծառերով տարածքն է, որի շուրջ փորված փոսերը, հաստաբուն ծառերի արմատախիլ, նոր կտրված քոթուկները վկայում են, որ այն եւս վաճառված է: Եւ տերը շուտով գետնին կտապալի նաեւ կանգունները: Գուցե հենց այդ նպատակով էին մի քանի ամենաբարձր սոսիների բների խաչերը: Մեր ենթադրությամբ, հենց այս տարածքն է հատկացվել հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ոչ այն է աներորդուն, ոչ այն է` քրոջը: Համենայնդեպս, Ռ. Քոչարյանի անունը տալիս էին մոտակա շենքերից մեր բոլոր զրուցակիցները:

«Գեներալսկի գորոդոկի» ապագա բնակիչների թվում են ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանը, ԵՊՀ դասախոս Լյուդմիլա Հարությունյանը:

«Դրանք այգուց դուրս տարածքներ են»,- ասում է Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Երեւանի գլխավոր հատակագծով այդ տարածքներն իսկապես այգի չեն, որովհետեւ վարչապետի հանձնարարականով քաղաքում գոյություն ունեցող այգիների սահմանները որոշելիս դրանք այգի չեն համարվել: Այսինքն, ոչ թե որովհետեւ դրանք ծառեր չեն, այգի չեն, այլ դրանց այգի անունը տալու իրավունք ունեցողը «չի օգտվել» իր այդ իրավունքից:

Ըստ գլխավոր ճարտարապետի, քաղաքի ազատ, չկառուցապատված հողերի վրա մարդիկ ծառ են տնկել, իսկ քաղաքի պլանում դրանք նշված են իբրեւ կառուցապատման կամ ճանապարհ անցկացնելու տարածքներ: Այդ կառուցապատումներն անելուց եւ Հյուսիսային ճառագայթ կառուցելուց հետո 18 հազար քմ անտառապատ այդ տարածքում կմնա ընդամենը 3000 քմ անտառաշերտ` Ազատության պողոտայի երկայնքով: Երեւի գորոդոկի շքեղ ապարանքների աչք չծակելն ապահովելու համար:

Ի դեպ, աչք չծակելու մասին: Հողատարածքները վաճառելու կարգը բաց մրցույթն է, որն այս դեպքում չի անցկացվել: Ինչո՞ւ: Դե ինչպե՞ս կարելի է ինչ-որ մրցույթի ենթարկեցնել գեներալ Բաղմանյանի, գեներալ Սարոյանի, նախագահ Քոչարյանի մերձավորի ախորժակները: Նրանց այդ տարածքները պարզապես հատկացրել են:

Այդ հատկացումներից հետո սկսվել են ծառահատումները եւ այգու երեսուն տարվա ջրվոր- պահակը ինֆարկտ է ստացել: Հարթեցվել, շինհրապարակի է վերածվել մոտակա շենքերի երեխաների երբեմնի խաղահրապարակը:

«Այդտեղ մարզահրապարակ չի եղել»,- ասում է Ն. Սարգսյանը:- Այդտեղ իրոք մի բացատ կար, չկար կազմակերպված սպորտհրապարակ»:

«Ձեր առջեւ, իբրեւ թերթի, դրված է` գտնել վատ բան: Չկա վատ բան: Քաղաքը չունի բյուջե: Պետք է ինչ-որ միջոցներ հայթայթել` ինչ-որ բան կառուցելու համար»,- ասում է գլխավոր ճարտարապետը: Այն բանից հետո, երբ բաց մրցույթով «ինչ-որ միջոցներ հայթայթելու» փոխարեն տարածքները անհատույց են տրամադրվում:

«Ընդամենը մի երկու տարի հետո ակնառու կլինի, որ այստեղ կստեղծվի մի շատ լավ այգի»,- այգու իրենց ծրագրերն է ներկայացնում Ն. Սարգսյանը: Այսինքն` 40-50 տարեկան ծառերի փոխարեն ընդամենը երկու տարում նորե՞րն են աճելու: Մենք ասում ենք` 40-50 տարվա, իսկ այգու մերձակա տների բնակիչները` թե. «100 տարի ա տնկված էր, հո նոր չէ՞ր: Մենք 40-50 տարի ստեղ ենք: Էսի լիքը, խիտ անտառ էր: Ջահելները մենակ չէին կարող անցնել»:

Շուտով ջահելներն էլի չեն կարողանա այդ տարածքով անցնել. ո՞վ իրավունք կունենա խանգարելու մասնավոր անձանց հանգիստը:

Իսկ այդ տարածքի ծառերը, որոնք դեռեւս կանգուն են, չեն հասկանում, որ իրենք այգի չեն ու շարունակում են սխալմամբ թթվածին արտադրել այս խեղդվող քաղաքի համար: Բայց քաղաքը հո հիմար չի՞. շուտով կուղղի այդ սխալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter