HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Քեմբրիջից` Amazon.com. հայ ուսանողի պատմությունը դրսում

Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի Բիզնես կառավարման մագիստրատուրան ավարտելուց հետո Ռուզաննա Սարգսյանը սկսել է աշխատել Amazon.com էլեկտրոնային առևտրի պորտալում` որպես օպերացիոն մենեջեր: «Իմ գործառույթն է` հետևել, որ օնլայն պատվերները ժամանակին մշակվեն և հասնեն հաճախորդներին: Ղեկավարում եմ մեծ թիմ՝ մոտ 400 հոգի»,- պատմում է Ռուզաննան իր կրթության «հետևանքների» մասին և դժվարացնում է հարցնելը` վերադառնալու է Հայաստան, թե ոչ: Այժմ ապրում է Մեծ Բրիտանիայի Բեդֆորդ քաղաքում դստեր և ամուսնու հետ:

Երբ նոր էի եկել Մեծ Բրիտանիա, չէի կարողանում տուն գտնել: Տուն վարձելու համար պետք էր ունենալ բանկային հաշիվ բրիտանկան բանկում, իսկ բանկային հաշիվ բացելու համար` հասցե… Ընդհանրապես առաջին օրերը դժվար էին. շատ բաներ պարզապես չէի հասկանում, որովհետև տարբերվում էր այն ամենից, ինչ տեսել էի Հայաստանում: Հետո ամեն ինչ ընկավ հունի մեջ… Երբ  Քեմբրիջում էինք, հաճախ հավաքվում էինք հայ ուսանողներով: Մի անգամ էլ մեր տանը կազմակերպեցինք «Դոլմա - Party», առաջին անգամ դոլմա պատրաստեցի: Շատ կարևոր է վստահելի մարդիկ գտնել, ովքեր կարող են խորհուրդ տալ, և շատ կարևոր է հարցեր տալ այն ամենի վերաբերյալ, ինչը չես հասկանում: Հիմա համեմատաբար հեշտ է ինձ համար, քանի որ ամուսինս և աղջիկս կողքիս են, իսկ ծնողներիս հետ ամեն օր շփվում եմ Skype-ով:

 Խորհուրդ տուր նրանց, ովքեր ծուլանում են սովորել: Ինչպե՞ս  կոգևորես:

 Անգլիայում սովորելիս փոխվեց պատկերացումս կրթության մասին: Այստեղ բարձրագույն կրթությունը ընտրյալների համար է: Կրթությունը թանկ է, և շատ դժվար համալսարան ընդունվելը, հատկապես այնպիսի համալսարան, որն ունի բարձր վարկանիշ. դու մրցում ես ամբողջ աշխարհի լավագույն ուսանողների հետ: Այդ իսկ պատճառով ընդունվելուց հետո շատ քչերն են ծուլանում: Կրթությունը ինքնանպատակ չպետք է լինի: Եթե մարդը ծուլանում է, ուրեմն չունի սովորելու անհրաժեշտություն. դա նորմալ է,  ես ոչինչ չեմ կարող խորհուրդ տալ: Կան հազարավոր այլ մարդիկ, որոնց համար կրթությունը մեծ երազանք է,  նրանց ես խորհուրդ կտամ հավատալ և երբեք չհանձնվել դժվարությունների առջև, միշտ «մեծ» մտածել, բարձր դնել նշագիծը և համարձակ առաջ գնալ:

Հայաստանում համալսարանական կրթությունից հետո կարողացել ես հաջող աշխատանք գտնել քո մասնագիտությամբ, բայց հետո թողել ես` կրթությունդ շարունակելու համար: Ի՞նչը քեզ աշխատանքից հանեց ու նորից տարավ համալսարան:

Աշխատանքս այնքան էլ իմ մասնագիտությամբ չէր: Ավարտել եմ ԵՊՀ–ի կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժինը, աշխատում էի լոգիստիկայի բնագավառում: Կրթությունս շարունակելու ցանկություն միշտ ունեցել եմ: Բայց ցանկությունս ավելի լրջացավ, երբ զգացի, որ զարգացման տեմպերս նվազում են: Հասկացա, որ պետք է փոխեմ կյանքս, քանի դեռ երիտասարդ եմ և ունեմ դրա հնարավորությունը: Հստակ գիտեի, որ ուզում եմ բիզնեսի կառավարում և ռազմավարություն ուսանել, որ ուսումս պետք է շարունակեմ աշխարհի լավագույն համալսարանում, և այդպես էլ եղավ. ընդունվեցի Քեմբրիջի համալսարան, MBA (Master of Bussiness Administration- Բիզնես կառավարման մագիստրոս, Մ.Մ.)

 Ստացածդ կրթությունը բավարար չէ՞ր հայաստանյան աշխատաշուկայում հաջողության հասնելու համար:

Եթե խոսքը վարձատրության, պաշտոնի և աշխատանքի հետաքրքիր լինելու մասին է, ես այդ ամենը ունեի մինչև Քեմբրիջ ընդունվելը: Հաջողությունը շատ հարաբերական է. ես պարզապես միշտ զգում էի, որ պոտենցիալիս շատ փոքր մասն եմ օգտագործում, որ կարող եմ ավելին անել, և այդ զգացողությունն ինձ  հանգիստ չէր տալիս: Եկավ մի պահ, որ արդեն հոգեպես պատրաստ էի թողնել կարիերաս Հայաստանում:

Լույս հիմնադրամի կայքում՝ քո խոսքում, նշել ես, որ կրթություն ստանալուց հետո աշխատելու ես ներդրում ունենալ հայաստանյան բիզնես ոլորտում: Այժմ ծրագրերդ նո՞ւյնն են մնացել, երբ աշխատում ես Amazon.com էլեկտրոնային առևտրի հանրաճանաչ պորտալում:

Հայաստանյան բիզնես ոլորտը զարգացնելու համար ամենևին էլ պարտադիր չէ ֆիզիկապես գտնվել Հայաստանում: Այսօր բիզնեսը չի սահմանափակվում քաղաքական սահմաններով, և Հայաստանն էլ բացառություն չէ: Մեծ Բրիտանիայում, որտեղ ես ունեմ լայն  հնարավորություն հանդիպելու և շփվելու ազդեցիկ բիզնես լիդերների և ձեռներեցների հետ, կարող եմ նպաստել Հայաստանի զարգացմանը ավելի շատ, քան գտնվելով Հայաստանում: Օրինակ՝ բազմիցս տարբեր ձեռներեցներ դիմել են ինձ խորհրդատվություն ձեռք բերելու Հայաստանի կամ տարածաշրջանի վերաբերյալ: Իմ անցած ճանապարհը և ներկայիս գործունեությունը վստահություն է ներշնչում նրանց և կարող է կարծիք ձևավորել այդ ձեռներեցների մոտ Հայաստանի վերաբերյալ, կարևոր դերակատարում ունենալ նրանց կայացրած որոշումների վրա: Դեռևս մի քանի տարի առաջ Հայաստանը չուներ ուսանողներ Քեմբրիջի MBA ծրագում, քանի որ այն համարվում է բավականին մրցունակ և թանկ ծրագիր, իսկ այսօր Քեմբրիջի Judge Business School-ի կարիերայի կայքում տեղադրված է իմ տեսանյութը, ինչը հնարավորություն է տալիս կոտրել հայաստանյան կադրերի մասին կարծրատիպերը:

Քեմբրիջում կրթություն ստանալուց հետո կարո՞ղ էիր  քեզ համապատասխանող աշխատանք գտնել Հայաստանում:

Դեռևս Քեմբրիջում  առաջարկներ ստացա Հայաստանից, սակայն արդեն որոշել էի մի քանի տարի աշխատել Մեծ Բրիտանիայում, մինչև վերադառնալս: Համապատասխան աշխատանք գտնելը հնարավոր է, բայց հետագա զարգացման հնարավորությունները սահմանափակ են Հայաստանում:

 Նպատակ ունե՞ս վերադառնալու:

 Մի քանի տարի աշխատելուց հետո ծրագրում եմ իմ սեփական բիզնեսը  հիմնել Հայաստանում: Հայաստանում շատ ոլորտներ կան, որոնք կարելի է զարգացնել և կարծում եմ` իմ փորձն ու կապերը բազմաթիվ երկրներում հնարավորություն կտան նոր արժեքներ ստեղծել:

Ի՞նչ բիզնես ես ուզում հիմնել, արդեն որոշե՞լ ես, թե երբ ես գալու Հայաստան:

Չեմ կարող ժամկետ նշել, քանի որ ամեն ինչ կախված է մի շարք հանգամանքներից: Իսկ բիզնեսի վերաբերյալ կարող եմ ասել, որ ծրագրում եմ Social Enterprise հիմնադրել (ձեռներեցություն, որն ունի սոցիալական ուղղվածություն, տարբերվում է հասարակական կազմակերպություններից և բարեգործական ընկերություններից, քանի որ շահույթ է ստեղծում): Այժմ փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել Հնդկաստանում գործող նմանատիպ կազմակերպությունների փորձը: 

Մոտավորապես կարո՞ղ ես նշել վարձատրության այն չափը, որն ակնկալում ես Հայաստան վերադառնալու և  աշխատելու դեպքում (նկատի ունեմ այն չափը, որ համեմատելի է Եվրոպայում գործող թվերի հետ)

Եվրոպայում գործող վարձատրության չափը MBA- ների համար կարող է մեծ թվալ առաջին հայացքից, բայց պետք է հաշվի առնել որ այստեղ ապրելը մոտ 5 անգամ թանկ է, քան Հայաստանում: Հաշվի առնելով  վերը նշվածը դժվար է նշել վարձատրության չափ, բայց կարող եմ նշել, որ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք պատրաստ են վճարել մրցունակ վարձատրություն:

Հայ բիզնեսմենները իրենց բիզնեսը կառավարելու համար Եվրոպայում կրթված մասնագետների կարիք ունե՞ն:

Չեմ կարծում, թե բոլորն էլ ունեն դրա կարիքը, բայց նրանք, ովքեր երկարաժամկետ են մտածում և ունեն Հայաստանից դուրս ընդլայնվելու ծրագրեր, կարծում եմ` պետք է մեծ ուշադություն դարձնեն կադրերին: Եվս մեկ բան կուզենայի նշել. Եվրոպայում կրթություն ստանալը ինքնին չափանիշ չէ, ավելի կարևոր է, թե կոնկրետ կադրը ինչ արժեքներ կարող է ավելացնել կոնկրետ բիզնեսին:

«Շատ յուրահատուկ արարողություն է՝ քեմբրիջյան ոճով,  Senate House-ում:  Հագուստից կարելի է գուշակել, թե Քեմբրիջի որ քոլեջի ուսանող է տվյալ անձը, ինչ կոչում ունի և ինչ կոչում է ստանալու: Կանգնած մարդը իմ քոլեջի ղեկավարն է. նա մեզ  քայլելով ուղեկցում է Սենատ Հաուզ, այնուհետև ներս է հրավիրում, ուսանողներին լատիներենով ներկայացնում է հյուրերին և համալսարանի ռեկտորին. վերջինս իր մատները մեկնում է և չորս ուսանող դիպչելով մատներին մոտենում են կենտրոնին: Հետո քոլեջի ղեկավարը «հավաստում է», որ տվյալ անձը արժանի է Քեմբրիջի կոչում ստանալ, ապա պետք է ծնկի գալ և ձեռքերը մեկնել նախագահին, ով հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու շնորհում է կոչում»:

Քո կրթությունը ենթադրում է բիզնեսը կառավարելու օրինական հմտություններ: Դժվար չէ՞ այդ դեպքում հայաստանյան բիզնես ոլորտում աշխատել:

Բիզնես դպրոցներն անդրադառում են այն ամենին, ինչ  այսօր կատարվում է զարգացող երկրներում: Օրինակ` Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի Business Case-երը քննարկման առարկա են լսարաններում: Շատ բան ինձ ծանոթ է հայաստանյան կյանքից… Իհարկե, ես չեմ ուզում պատկերացնել, որ կարող եմ ներգրավված լինել որևէ բիզնեսում,  որ ենթադրում է անօրինական գործունեություն:

Բիզնեսի կառավարման խոցելի կողմերը Հայաստանում՝ ըստ քեզ:

Կոռուպցիա, մրցունակ կադրերի պակաս, բազմաթիվ թերություններ օրենսդրական դաշտում, դատական համակարգում …

Փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանում դժվարանում են գործել, որպես մասնագետ ինչպե՞ս կպատճառաբանես:

Կրկին կոռուպցիա, որի հետևանքով արդար մրցակցության համար պայմաններ ապահովված չեն, գործարարների մոտ վստահություն չկա շուկայի նկատմամբ: Հարկային դաշտն էլ առանձնապես չի խթանում ձեռնարկատիրությունը: Ձեռնակատերերի համար խիստ սահմանափակ են նաև կապիտալի ներգրավման հնարավորությունները: Մասնավորապես, չկան բաժնետիրական կապիտալի ներգրավման ինստիտուցիոնալ աղբյուրներ:

 Հայաստանում եղած ժամանակ հասցրե՞լ ես ուսումնասիրել, թե խոշոր ձեռնարկատերերի համար բիզնես ունենալն ինչքանով է առնչվում ինտելեկտուալ լինելու հետ:

Մեծ մասը պարզապես հաջողակ է եղել այնքանով, որ գտնվել են ճիշտ ժամանակին ճիշտ վայրում: Բացի այդ` անցումային տնտեսություններում ինտելեկտը միշտ չէ, որ առաջնային գործոն է, և այնպիսի գործոններ, ինչպիսիք են այս կամ այն կլանի մաս կազմելը, կարող են լինել որոշիչ:  Ճիշտն ասած, այդ երևույթը բնորոշ է բազմաթիվ  զարգացող երկրների, և երևի թե նորմալ է: Այլ խնդիր է հաջողված գործարքից երկարաժամկետ բիզնես ստեղծելը, բացի եկամուտից նաև այլ արժեքներ կերտելը. դրա համար արդեն ավելին է պետք: Ցավոք, Հայաստանում դեռ քիչ են իսկապես երկարաժամկետ գործող բիզնեսները:

 Հ.Գ. Ռուզաննա Սարգսյանը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներից է: Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրան ավարտել է 2011թ.-ին:

Մեկնաբանություններ (2)

Հրիփսիմե
Շատ ծանոթ թեմա է, ինքս նման պատմութուն ունեմ (համոզված եմ շատերի նման). Ցավալին այն է որ իմ իմացած բոլոր այն երիտասարդները ովքեր սովորում են արտերկրում աղջիկներ են:
Samvel
Bravo. Hiravi kshradatvadz u arjekavor mtker, xorhurdner. Tpavorvadz em nra xor@ yev hamaparpak intelectin I tes. Aprelov u gortselov arterkrum , yes liovin kisum em nra tesaket@. Arjekavor mitk e , Masnaget . Andz. Hiatsats em. Après ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter