
Հիշեցում վարչապետին. ՀՀ-ում գիտության ֆինանսավորումը աշխարհում ամենաարդյունավետն է
Ժամեր առաջ Ազգային ժողովում 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր խոսքի վերջում անդրադարձավ նաև գիտության ֆինանսավորմանը:
Ընդունելով, որ մեր երկրում գիտության ֆինանսավորման չափը փոքր է` վարչապետը հայտարարեց, որ պետք է քննարկել, թե որքանով են արդյունավետ կերպով ծախսվում գիտությանը տրամադրվող գումարները. «Եթե դրանք արդյունավետ են, ապա ավելացնել ֆինանսավորման չափը», – եզրափակեց Տիգրան Սարգսյանը:
Գիտնականներս ակամայից հիշեցինք անցյալ տարի Ծաղկաձորում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի ակտիվիստներիս սեմինարի ժամանակ այցելած Սերժ Սարգսյանին և բազմաթիվ անընդունելի մտքերի հետ նրա կողմից հնչեցրած «Իսկ գիտությանը այսօր տրվող գումարները արդյունավետ կերպով են բաշխվում» հարցը:
Հարց, որի պատասխանը գիտաշխատողներս տալիս ենք գլուխներս բարձր, քանի որ, ըստ UNESCO-ի զեկույցների, գիտության ֆինանսավորման դիմաց ստացված գիտական պրոդուկտով Հայաստանը աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: Այսինքն` մեկ դոլարի դիմաց մեր գիտնականները ավելի շատ են «գիտությունն առաջ հրում», քան աշխարհի որևէ այլ երկրում:
Հազիվ թե գտնեք մեր երկրում ևս մի ոլորտ, որի` պետական ֆինանսավորման ծավալների դիմաց տրված արդյունքները աշխարհում զբաղեցնեն առաջին հորիզոնականը: Ոչ հայրենի ոստիկանությունն է աշխարհում ամենաէֆեկտիվը փող ծախսում, ոչ արտաքին գործոց նախարարությունը, ոչ էլ որևէ այլ պետական մարմին: Բայց գիտնականներն անում են դա: Սակայն, ի հեճուկս վերջիններիս, իշխանությունները ավելացնում են այլ ոլորտների ֆինանսավորումը, բայց պակասեցնում (սղաճի համեմատ) գիտությանը տրվող գումարները:
Անդրադառնալով վարչապետի այսօրվա ելույթին` պարզապես հարկավոր է ասել հետևյալը. Պարոն վարչապետ, պետք չէ հեծանիվ ստեղծել, UNESCO-ն արդեն տվել է Ձեր հարցի պատասխանը, և այն դրական է: Ուստի անցեք Ձեր խոստման իրականացմանը, բարձրացրեք գիտության ֆինանսավորումը:
Դանիել Իոաննիսյանը ԵրՖԻ գիտաշխատող է
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել