4 մլն 250 հազար եվրոյի դրամաշնորհ` Գերմանիայից Հայաստանին
Երևանում ս.թ. նոյեմբերի 14-15-ը տեղի ունեցած Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության ղեկավար Անդրեաս Գիսն այսօր ստորագրեցին փոխհամագործակցության արձանագրություն: «Կովկասում պահպանվող տարածքների աջակցության ծրագիր (Տարածաշրջանային ծրագիր - Հայաստան III փուլ, 4 մլն 250 հազար եվրո դրամաշնորհ)» ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը և KfW բանկի տարածաշրջանային տնօրեն Դավիդ Բետոլազան:
Ստորագրման արարողությունից հետո Ատոմ Ջանջուղազյանը և Անդրեաս Գիսը մանրամասներ ներկայացրեցին նիստի արդյունքների վերաբերյալ, ըստ որի` կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կայուն տնտեսական զարգացում, էներգետիկա, շրջակա միջավայր, ժողովրդավարություն, համայնքային զարգացում և իրավական պետություն թեմաների շրջանակում:
Հայ-գերմանական երկկողմ համագործակցության ծրագրերը սկիզբ են առել 1993թ.` սկզբում միայն որպես տեխնիկական օժանդակություն, այնուհետև 1995թ. սկսած իրականացվում են նաև ֆինանսական համագործակցության ծրագրեր: Ֆինանսական համագործակցությունը հիմնականում կենտրոնացած է երեք ոլորտներում. ֆինանսական և մասնավոր հատված, էներգետիկա, ջրամատակարարում և ջրահեռացում: Դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում առողջապահության և բնապահպանության ոլորտներում: Վերջին 20 տարիների ընթացքում գերմանական օժանդակությունը Հայաստանին կազմել է շուրջ 400 մլն եվրո: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել