HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե անկեղծ՝ ինձ թվում էր, թե տեսնելու եմ սովորական մի ներկայացում, բայց…» (վիդեո)

«Գորիսի մամուլի ակումբը», Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, «Համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության միջոց» ծրագրի շրջանակներում ինտերակտիվ բեմադրության միջոցով անդրադարձավ Մարդու իրավունքներին, մասնավորապես` «Երեխայի իրավունքները» թեմային:

Ուսուցողական այս ինտերակտիվ բեմադրությունը տեսնելու էին եկել Գորիսի բոլոր հանրակրթական դպրոցներից աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ: Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում (Դժվար դաստիարակվող երեխաների դաստիարակություն) /Հոդված 13 /, Երեխայի կրթության իրավունք /Հոդված 11 /, Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունք /Հոդված 22/. այս հոդվածների հիման վրա էլ պատրաստվեց ինտերակտիվ բեմադրություն, որը ներկայացվեց Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական կազմի ուժերով: 

Ձևաչափն այսպիսին էր. յուրաքանչյուր բեմադրությունից հետո աշակերտները ներկայացան, իրենց ընկալմամբ, դրական և բացասական կողմերն անմիջապես նկատելով՝ արտահայտեցին իրենց կարծիքները վեր բարձրացրած հարցերի շուրջ: 

Հոդված 13-ի հիման վրա բեմադրված ներկայացումից հետո աշակերտներին տրվեց հետևյալ հարցը. «Երեխաների դաստիարակման գործում ճի՞շտ եք համարում ծեծի մեթոդը»: Ոմանց համար ընդունելի էր, ոմանց համար՝ ոչ: Թիվ 4 ավագ դպրոցի աշակերտուհի Սեդա Մկրտչյանի կարծիքով` երբեք չի կարելի բռնություն գործադրել երեխաների վրա. «Ես չեմ կարծում եմ, որ դա ճիշտ լուծում է դաստիարակության հարցում: Երեխան նուրբ հոգեբանություն ունի, նրա հետ պետք է շատ զգույշ վերաբերվել»: 

Իսկ Ռոմա Հայրապետյանի համար էլ ծեծն ընդունելի է միայն որոշ դեպքերում, բայց նա ևս կարծում է, որ երեխայի հետ ավելի լավ է խոսել, բացատրել: Քննարկումից հետո բոլորը եկան այն եզրակացության, որ ծեծը դաստիարակելու մեթոդ չէ, որ երեխաներին չպետք է բռնության ենթարկել. պետք է հոգեբանորեն մոտենալ նրանց հուզող հարցերին ու խնդիրներին:

Այլ արձագանքներ եղան կրթության իրավունքի մասին բեմադրությունը դիտելուց հետո: Բեմադրության հիմնական թեման աղքատ և հարուստ, ֆիզիկապես առողջ և սահմանափակ կարողություններով երեխաների նկատմամբ վերաբերմունքն էր: Այս քննարկման ժամանակ դահլիճը երկպառակտվեց: Ոմանց կարծիքով՝ այսօր փողն ու «մեջքը» շատ բան են որոշում ուսման մեջ, մնացածի համար էլ առաջնայինը գիտելիք ունենալն է, որը չես կարող գնել փողով: 

Լավատես աշակերտները կարողացան փաստարկներով ապացուցել, որ 21-րդ դարում որակյալ կրթությունը էական նշանակություն ունի, և ամեն ոք, անկախ բոլոր հանգամանքներից, իրավունք ունի լիարժեք կրթություն ստանալ ցանկացած կրթօջախում: 

Աշակերտները, օգտվելով իրենց արտահայտվելու իրավունքից, հարց ու պատասխանի, քննարկման, կարծիքների փոխանակման միջոցով ևս մեկ անգամ համոզվեցին, որ ոչ ոք չի կարող խախտել իրենց հիմնարար և ձեռքբերովի իրավունքները: 

Վերջում էլ փոխանակեցին տպավորությունները: Աստղիկ Ղարագյոզյանի կարծիքով՝ բեմադրությունները շատ լավն էին, և իր համար ամենակարևորն այն էր, որ դրանք կյանքից էին վերցված: Ըստ նրա՝ ձևաչափն այնքանով էր լավ, որ աշակերտներին հնարավորություն տրվեց ոչ միայն դիտել, այլև արտահայտվել: «Ողջունելի է այն փաստը, որ մենք առանց կաշկանդվելու բարձրաձայն արտահայտվեցինք, կիսվեցինք մեր մտքերով, որն էլ, բնականաբար, նպաստում է, որ մենք ոչ միայն հղկենք մեր խոսքը, այլև չվախենանք քննադատություններից: Իսկ նմանատիպ բեմականացումների շնորհիվ մեր իրավունքներն ավելի լավ ենք իմանում ու ընկալում»,- ասում է նա: 

«Եթե անկեղծ՝ ինձ թվում էր, թե տեսնելու եմ սովորական մի ներկայացում, բայց ստացվեց հակառակը: Այն, որ մեզ՝ աշակերտներիս, հնարավորություն տրվեց նաև արտահայտվելու, կարծիքներ փոխանակելու, ինձ համար միջոցառումն ավելի հետաքրքիր դարձրեց: Կցանկանամ՝ նմանատիպ բեմադրություններ էլի լինեն»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ Գորիսի թիվ 5 հանրակրթական դպրոցի աշակերտուհի Արփի Գալստյանը: 

Մարիամ Մաթևոսյան

Գորիս

                                                                                                                            


                                                                                                                            

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter