HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարները հանդիպել են

ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը վերհիշեց այս տարվա հունվարին Ռիգայում լատվիական կողմի ջերմ ընդունելությունը և գոհունակություն հայտնեց, որ ընդունելով հրավերը՝ նախարար Ռինկևիչսը այսօր գտնվում է Հայաստանում:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ «Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը: Վերջին տարիների ընթացքում այս ուղղությամբ նշանակալի քայլեր են կատարվել, տեղի են ունեցել Հայաստանի և Լատվիայի Նախագահների փոխադարձ այցելություններ, պարբերական են շփումները տարբեր գերատեսչությունների միջև»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդգարս Ռինկևիչսը նշեց, որ Լատվիան շահագրգռված է զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-լատվիական երկկողմ և բազմակողմ համագործակցության բազմաթիվ հարցերի:

Հատկապես կարևորվեց անցած տարի ՀՀ նախագահի Լատվիա կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը՝ մասնավորապես միջկառավարական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որի անդրանիկ նիստը նախատեսված է գումարել հաջորդ տարվա առաջին կեսին:

Նախարարաները ընդգծեցին երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացնելու և
խորհրդարանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու և ընդլայնելու հնարավորություններին, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը և ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունններին։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստան – Եվրոմիություն հարաբերություններում, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացի կապակցությամբ: Այդ համատեքստում նշվեց, որ Լատվիան որպես ԵՄ անդամ կարող է զգալի աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

Բանակցություններին պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակութային փոխանակումների ակտիվացման վերաբերյալ, մասնավորապես՝ 2014 թ. Ռիգայի որպես եվրոպական մշակութային մայրաքաղաքի տոնակատարություններին հայկական կողմից մասնակցության շուրջ։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հանգուցալուծումն և բացառապես խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի, Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Նախարարների հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս։

Հ2 հեռուստաընկերություն:  Հարցս ուղղված է Հայաստանի արտգործնախարարին: Պարո'ն Նալբանդյան, Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալը հայտարարել է, որ իր երկիրը առաջարկել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզ, որը, այսպես ասած, փուլային տարբերակն է և կրկնում է դեռևս 90-ական թվականներին շրջանառության մեջ դրված տարբերակը: Պատրաստվում է արդյոք Հայաստանը ներկայացնել  սեփական մշակած ճանապարհային քարտեզը:

Էդվարդ Նալբանդյան: Նախ և առաջ ասեմ, որ այնպիսի տպավորություն է, որ այդ հայտարարություն անողը մնացել է  90-ական թվականների կեսերի իր ունեցած տեղեկություններով, և փորձում է ներկայացնել Ադրբեջանի դիրքորոշումը` ասելով, որ դա այն է, ինչ որ եղել է 1995 թվականին: 95 թվականից մինչ այսօր արդեն 15-17 տարի անցել է, գնացքը գնացել է առաջ, իսկ որոշ մարդիկ Ադրբեջանում մնացել են կայարանում: Կարծում եմ, որ նրանք պիտի վազեն, որ հասնեն գնացքին, որովհետև գնացքը շարժվում է առաջ: Միջազգային հանրության կողմից կա ճանապարհային քարտեզ, որը առաջարկվել էր Կազանում, խոսքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների մասին է, որոնք առաջարկվել էին եռանախագահող երկրների կողմից:

Ես ձեզ հիշեցնեմ, որ Դովիլում` հենց Կազանի գագաթաժողովից առաջ Միացյալ Նահագների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները կոչ էին արել կողմերին ընդունել այդ առաջարկները:

Չնայած գիտեք, որ Կազանում հնարավոր չեղավ հաջողություն արձանագրել, որովհետև Ադրբեջանը մերժեց այդ առաջարկները:

Ադրբեջանի կողմից ինչ-որ նոր ճանապարհային քարտեզ առաջարկելու հարցը չեմ կարծում, որ այդքան լուրջ է, հատկապես, եթե խոսքը 17 տարվա հնության առաջարկի մասին է: Եթե 17 տարի առաջ այդ առաջարկված քարտեզը ինչ-որ իմաստ ունենար, ապա այն ժամանակ հնարավոր կլիներ առաջ շարժվել դրա հիման վրա: Պետք է ավելի իրատես լինել, լրջորեն մոտենալ միջազգային հանրության առաջարկներին, որոնք արտահայտվում են եռանախագահների միջոցով։

Այդ առաջարկները արվել էին Կազանում, ինչպես նաև  համապատասխան հայտարարություններ էին արվել նախարարների մակարդակով թե Լոս Կաբոսում, թե‘ Դովիլում, թե’ Մուսկոկայում, թե’ Լ’Աքվիլայում։: Պետք է շարժվել առաջ հենց այս առաջարկների հիման վրա: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը այս առաջարկությունների վերաբերյալ, ապա այն բազմիցս և հստակորեն արտահայտվել է: 

Հանրային ՌադիոՀարցս ուղղում եմ ՀՀ արտգործնախարարին: Պարոն Նալբանդյան, դուք նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցել եք Ֆրանսիա կատարած այցելության ընթացքում, կխնդրեի, որ գնահատեք այցելությունը:

Էդվարդ Նալբանդյան: Կարծում եմ, որ մամուլում բավական ծավալուն ներկայացվեց այցելությունը և դրա արդյունքները: Ես կարող եմ ավելացնել, որ այցելությունը հագեցած էր, արդյունավետ և ինչպես միշտ շատ ջերմ: Սա չորրորդ այցելությունն էր Նախագահ Սարգսյանի Ֆրանսիա: Այս այցելության ընթացքում հանդիպումներ կայացան նախագահի, վարչապետի, Սենատի նախագահի, Ազգային ժողովի նախագահի հետ: Նաև հանդիպումներ կայացան Ազգային Ժողովի և Սենատի բարեկամական խմբերի անդամների հետ: Կցանկանայի նշել, որ այդ բարեկամական խմբերը ամենամեծն են Ֆրանսիայի Ազգային ժողովում և Սենատում:  Այցելություն կայացավ, ինչպես գիտեք, նաև Լիոն, որտեղ քաղաքապետը բավական ջերմ ընդունելություն էր կազմակերպել: Հանդիպում եղավ Լիոնի և ՄԵծ Լիոնի շրջանի հայության հետ, որին ներկա էին 1500-ից ավելի մարդ: Ըստ քաղաքապետարանի տեղեկությունների` մասնակիցների թիվը հասնում էր 1900-ի: Ժողովրդական շատ ջերմ ընդունելություն կազմակերպվեց Լիոնի հայության կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահի պատվին։

Կարևոր հանդիպում կայացավ նաև Լիոնի արդյունաբերական պալատում՝ գործարար շրջանակների հետ։ Մենք կարևորություն ենք տալիս մեր տնտեսական հարաբերություններին Ֆրանսիայի հետ, որը երկրորդ ներդնողն է Հայաստանում: Այսօր ֆրանսիական կապիտալով 155 ձեռնարկություն է գործում մեր երկրում: Նաև հատուկ ուշադրություն ենք դարձնում ապակենտրոնացված համագործակցությանը Ֆրանսիայի հետ: Այդ իմաստով էլ Լիոն կատարած այցելությունը բավական կարևոր էր: Ֆրանսիայի և Հայաստանի երեսուն քաղաքներ, շրջաններ եղբայրացած են, ունեն համագործակցության պայմանագրեր: Հարաբերությունները Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ են, և այս այցելությունը ևս մեկ հնարավորություն տվեց ընդգծելու երկկողմ ցանկությունը, ձգտումը, անել հնարավորինը, որ ամենաբարձր մակարդակի վրա գտնվող փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների միջև շարունակական վերելք  ապրի: Մյուս տարի մենք սպասում ենք Ֆրանսիայի Նախագահ Օլանդին պետական այցելությամբ Հայաստանում, որը, անկասկած, ևս կարևոր հանգրվան կլինի մեր հարաբերությունների զարգացման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter