
Վարդենիսում կամուրջ է փլուզվել. կա 3 զոհ
Երեկ՝ ժամը 14:27-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի երկաթգծի կայարանից 1 կմ դեպի հյուսիս տանող երկաթգծի կամուրջը, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում, երկաթբետոնե կամրջի (երկարությունը՝ 44,4 մ բարձրությունը` 3,8 մ, կառուցման տարեթիվը՝ 1975 թ.) վրա «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից վերանորոգման աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել փլուզում: Պատահարի հետևանքով Վարդենիսի բնակիչներ` 1956 թ. ծնված Գագիկ Ավետիսյանը, 1956 թ. ծնված Վարուժան Սարգսյանը և Սևանի բնակիչ, 1955 թ. ծնված Ներսիկ Մարտիրոսյանը տեղում մահացել են, իսկ Վարդենիսի բնակիչներ` 1968 թ. ծնված Ռոբերտ Համբարձումյանը և 1968 թ. ծնված Արգամ Անտոնյանը տեղափոխվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղից Ա. Անտոնյանին տեղափոխել են Երևանի առաջին կլինիկական հիվանդանոց:
«Ըստ բժիշկների` Ռոբերտ Համբարձումյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Ա. Անտոնյանինը` կայուն ծանր»,- տեղեկացնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Մեկնաբանել