3 մլն դրամ յուրացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Վարմաշ» ՍՊ ընկերության ղեկավար և նյութական պատասխանատու անձանց կողմից յուրացում կատարվելու դեպքի առթիվ:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2008թ. մայիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի «Վարմաշ» ՍՊ ընկերության ղեկավար և նյութական պատասխանատու անձինք, 2008թ. մարտի 5-ի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ կնքված պայմանագրի հիման վրա, Կաթնառատ Հ-31 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում նախագծով և ծավալաթերթերով նախատեսված աշխատանքները լրիվ ծավալով չեն կատարել:
Մասնավորապես չեն կատարվել ջրթող մետաղական խողովակների տեղադրման, երկաթբետոնե ջրթող խողովակների գլխադիրների բացվածքների բետոնապատման, հողային և այլ շինարարական աշխատանքները, սակայն դրանց կատարման վերաբերյալ կազմվել են կեղծ կատարողական ակտեր: Արդյունքում` այդ կատարողական ակտերի հիման վրա ստացված պետական միջոցներից յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 3 067 190 դրամ գումար:
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»,- հայտնում է ՀՀ դատախազությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել