
«Մարդիկ հաճախ են իրենց հեռավոր բարեկամներին պատմում, որ իրենք Տիգրանակերտի մոտ են ապրում» (ֆոտո)
Արցախի Տիգրանակերտի հնագիտական թանգարանի այցելուների թիվը 2,5 տարվա ընթացքում գերազանցել է 45 հազարը, որից 8 հազարը սփյուռքահայ է, 4,5 հազարը՝ արտասահմանի ոչ հայ քաղաքացի: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը:
Ընդ որում, Տիգրանակերտի թանգարանն այսպիսի արդյունք է գրանցել այն դեպքում, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են անում չայցելել Արցախ: Համլետ Պետրոսյանը համեմատության համար նշեց, որ Հայաստանի պատմության պետական թանգարան տարեկան այցելում է մոտ 40 հազար մարդ:
Հնագիտական արշավախումբը Արցախում Տիգրան Մեծի հիմնած Տիգրանակերտ քաղաքի տեղը հստակեցրել է 2005թ., պեղումները սկսվել են 2006թ.՝ տևելով ընդամենը 2 շաբաթ: 2007թ.-ից սկսվել են ստացիոնար պեղումները՝ տարեկան 40-60 օր տևողությամբ: Տիգրանակերտի հետազոտությունը կարող է տևել մի քանի տասնամյակ: Արշավախումբը դեռևս պեղել է հուշարձանի ողջ տարածքի 3-4 տոկոսը:
«Տիգրանակերտը իր հզոր պարիսպներով փռված է Վանքասարի լանջին: Տիգրանակերտում շատ հզոր աղբյուրներ կան, որոնք բխում են Վանքասարի հենց ստորոտից և տարբեր ժամանակներ դեպի իրենց են ձգել տարբեր մարդկանց: Ըստ երևույթին, Տիգրանի որոշումն էլ՝ Տիգրանակերտը տեղադրել հենց կոնկրետ այդտեղ, պայմանավորված է եղել այդքան ջրի քաղցր աղբյուրների առկայությամբ»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Տիգրանակերտը հանրահռչակելու համար արշավախումբը կազմակերպել է բազմաթիվ ցուցահանդեսներ ՀՀ-ում, Արցախում, նաև արտասահմանում, ստեղծել է tigranakert.am կայքը և ֆեյսբուքում Tigranakert էջը, որում տեղադրվում են բոլոր գտածոների լուսանկաները, Տիգրանակերտին վերաբերող հրապարակումները, հաղորդումները:
«Հիմա մենք ձեռնարկել ենք հասարակական մի կազմակերպության ստեղծում, աշխատանքի մեջ է Տիգրանակերտի նոր, միանգամից եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) պորտալի ստեղծումը: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ գործարար աշխարհը, զանազան մշակութային, բարեգործական կազմակերպություններ կարձագանքեն»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Տիգրանակերտի հանրահռչակման գործում էական էր այն, որ հուշարձանի տարածքում 18-րդ դարի կեսերին կառուցված ամրոցում 2010 թ. բացվեց Տիգրանակերտի հնագիտական թանգարանը:
Այս հոկտեմբերին Ֆլորենցիայում անցկացված Հանրային հնագիտության 1-ին համաիտալական գիտաժողովում Համլետ Պետրոսյանը զեկույց է ներկայացրել Արցախի Տիգրանակերտի մասին: Գիտաժողովի արդյունքում իտալացի մի քանի հայտնի բլոգերներ գրել են Տիգրանակերտի մասին:
«Մենք հիմա նախնական պայմանավորվածություն ունենք անտիկ հնագիտության և վաղ միջնադարի հնագիտության երկու մասնագետների հետ, որոնք կգան և կմասնակցեն Տիգրանակերտի պեղումներին»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Տիգրանակերտում պեղված իրերը արշավախումբը տեղափոխում է Երևանի պետական համալսարանի հնագիտական լաբորատորիա, մշակում, վերականգնում: Արշավախումը իրավունք ունի 2 տարի տնօրինել այդ իրերը, հետո պարտավոր է հանձնել Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պահադարանին: Տիգրանակերտի 2006-2009թթ. ամբողջ նյութը՝ վերականգնված, մաքրված, նկարագրված, արդեն հանձնված է պահադարանին: Այս տարի արշավախումբը կհանձնենի 2010 թ. նյութը:
«Իհարկե, ամենաէականը Տիգրանակերտի ինքնության պարագայում այդ հզոր ամրապարիսպների հայտնաբերումն էր: Այսօր Կովկասում հնագիտորեն պեղվող նման մեծ հուշարձան ուղղակի չկա, և սա ցույց է տալիս Տիգրանի նախաձեռնության մեծությունը, այդ ժանամակի կառուցողական մտքի առաջընթացը: Ընդհանրապես հնագիտությունը մի քիչ ռոմանտիզմ և երազանք է պարունակում: Երբ մենք պեղումները Տիգրանակերտում սկսում էինք, ոչ ոք չէր գուշակում, որ այդպիսի բաներ ենք գտնելու»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Համաձայն Tigranakert.am-ի` պեղումների արդյունքում բացվել են նաև քաղաքի Միջնաբերդի պարիսպների մի հատվածը, Ամրացված թաղամասի պարիսպների ժայռափոր հիմքերը, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, Կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը: Հետազոտվել են քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը:
Արդեն 5-րդ տարին է, հնագիտական պեղումները ֆինանսավորում է Արցախի կառավարությունը, որը 1-ին տարում արշավախմբին հատկացրել է 35 մլն դրամ, հետո ֆինանսավորումը դարձել է 20 մլն դրամ: Որպեսզի Տիգրանակերտի պեղումները համարվեն նորմալ ընթացող, պետք է տևեն տարեկան առնվազն 2 ամիս: Պեղումները ենթադրում են օրական մոտ հազար դոլարի ծախս: Արշավախմբի անդամներից բացի՝ աշխատում է 50 բանվոր: Բանվորը օրական ստանում է 3, իսկ հնագետը՝ 10 հազար դրամ աշխատավարձ:
«Արդյունքում ստացվում է, որ մենք մոտ 60 հազար դոլարի կարիք ունենք միայն պեղումների համար: Եթե դրան գումարենք ընթացքում ամբողջ նյութերի մաքրումը, հետազոտությունները, զանազան անալիզների կատարումը, հրատարակությունները, ապա, իհարկե, դասականը տարեկան մոտավորապես 130-150 հազար դոլար է, որով Տիգրանակերտը կարող է իր բոլոր խնդիրները լուծել: Բայց մենք երբեք այդքան չենք ունեցել, և անկեղծ ասած, այսօր էլ չեմ ակնկալում: Մենք եկող տարի ակնկալում ենք գումարի որոշակի բարձրացում գոնե մինչև 25-30 մլն դրամ, որպեսզի կարողանանք նաև միջազգային համագործակցությունը ընդլայնել»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Արշավախումբը չունի հնագիտական հանգրավան և ամեն անգամ տուն է վարձում, այստեղ-այնտեղ տանում նյութերը, տեխնիկան ու գործիքները: Այս ամռանը Համլետ Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախագահին, և պայմանավորվածություն է ձեռք բերել Նոր Մարաղա գյուղում հնագիտական հանգրվան ունենալու վերաբերյալ:
Արցախի հնագիտական արշավախումը ուսումնասիրել է նաև տարածքի ներկա մշակութային գործընթացները: Տիգրանակերտում անցկացվում են բազմաթիվ տոնակատարություններ, երաժշտական փառատոներ, տարբեր բուհերի շրջանավարտների դիպոմների հանձնման, զինվորականների երդման արարողություններ: Մեկական ազգագրագետ ու բանագետ 2 տարի հետազոտել են, թե տարածքում ապրող մարդիկ ինչպես են վերաբերվում Տիգրանակերտին:
«Մի տեսակ Տիգրանակերտը դարձել է սրբազան կենտրոն, նրանց հպարտության առարկան: Մարդիկ հաճախ են իրենց հեռավոր բարեկամներին պատմում, որ իրենք Տիգրանակերտի մոտ են ապրում, բերում են նրանց հյուր, մեզնից զանազան նյութեր են ուզում՝ ուղարկելու ուրիշներին: Տիգրանակերտը կարծեք թե ձգտում է վերածվել մշակութային մի կենտրոնի, և բավարարվել միայն նրա հնագիտական հետազոտությամբ, իհարկե, բավականին քիչ է»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Աշխարհում գոյություն չունի պրակտիկա, որ հնագիտական պեղումները, հուշարձանները լինեն միջազգայնորեն ճանաչված կամ չճանաչված: Սակայն Ադրբեջանը վերջին շրջանում անընդհատ շեշտադրում է, թե իբր «Տիգրանակերտի պեղումները միջազգայնորեն ճանաչված չեն», և դրանով բարդացնում Արցախի հնագիտական արշավախմբի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:
Համլետ Պետրոսյանը 2 անգամ դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ նշելով, որ անկախ քաղաքական իրադրությունից՝ հնագիտական պեղումները պետք է հովանավորի ՅՈւՆԵՍԿՕ-ն, քանի որ մարդու մշակույթի իրավունքն ամենաբարձրն է: Երկու անգամ էլ ՅՈւՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակը ուղղակի հրաժարվել է դիմումը վերացնելուց՝ հայտարարելով, թե «իրենք այդ տարածքներով չեն զբաղվում»:
Այնուամենայնիվ, Համլետ Պետրոսյանը շատ մեծ կարևորություն չի տալիս Ադրբեջանի պահվածքին: Այդ երկիրը պեղումների սկզբում հնագետներին անվանեց «կեղծարար», «սուտասան», հիմա արդեն հրապարակում է հոդվածներ, որոնցից վերջիններից մեկը վերնագրված է «Աղվանքի Տիգրանակերտ»:
«Այսինքն՝ ակնհայտ է, որ այն, ինչ մենք գտել ենք, այն, ինչ մենք անում ենք, անհնար է անտեսել, և դա ամենամեծ ձեռքբերումն է: Ադրբեջանը շարունակելու է իր նման քաղաքականությունը, բայց դա մեզ համար այսօր պիտի լինի երկրորդական: Ես կարծում եմ, որ Տիգրանակերտը նախ և առաջ մեզ համար է: Պեղելով, ներկայացնելով, հետազոտելով, հիանալով Տիգրանակերտով՝ մենք ինքներս մեզ համար մի մեծ Տիգրանակերտ ենք ստեղծում»,- ասաց Համլետ Պետրոսյանը:
Նրա համոզմամբ՝ Տիգրանակերտը նպաստում է, որ Արցախի անունը տարածվի, օտարազգիները ծանոթանան Արցախի մշակույթին և ավելի լավ վերաբերմունք ձևավորեն Արցախի ու արցախցիների նկատմամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել