HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Ալեքսանյան

«Ավտարիտետները» բանակում

Գիշերվա ժամը 3-ին ԼՂՀ Մարտակերտի N զորամասի մարտական հենակետերում հակառակորդի սահմանը խախտելու ենթադրությամբ տագնապ եւ մարտական դրություն է հայտարարվում: Տագնապալի գիշերն անցնում է եւ առավոտյան պարզվում, որ անհանգստության պատճառն անհիմն է, սահմաններում ամեն ինչ խաղաղ է, միայն կենդանիներն են խախտել անդորրը: Շարքային Օնիկ Ոսկանյանը զինվորական կացարանից դուրս գալիս նկատում է, որ ժամապահ Քերոբ Մուրադյանն իր տեղում չէ: Նա արթնացնում է հենակետի ավագ Սամվել Բաղդասարյանին եւ այդ մասին հայտնում նրան: Վերջինս ժամապահին ձայն տալով գնում է ծառայության վայր համարվող «յաչեյկայի» ուղղությամբ: Ճանապարհին հակատանկային փոսում դիակ տեսնելով, սարսափած ետ է վազում: Կատարվածի մասին ահազանգում է վաշտի հրամանատարությանը: Նույն օրը հարուցվում է քրեական գործ` դիտավորյալ սպանության հատկանիշներով:

Սպանվել էր զինծառայող Քերոբ Մուրադյանը:

«Մեղադրյալը պարտավոր չէ իր դեմ ցուցմունք տալ»

Այս գործով նախաքննությունը կատարվել է 3 փուլով: Դիտավորյալ սպանություն կատարելու համար մեղադրվել է Սամվել Բաղդասարյանը: «Հանցագործության մեջ նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով», քրեական գործը նրա նկատմամբ կարճվել է: Միաժամանակ կասեցվել է գործի քննությունը` «հանցագործությունը կատարողի անձը հայտնի չլինելու պատճառով»:

13 ամիս ազատության մեջ գտնվելուց հետո Սամվելին կրկին հրավիրում են զինդատախազություն եւ նույն օրը ՀԿԳ քննիչ Սամվել Հովհաննիսյանը նրան մեղադրանք է առաջադրում, ձերբակալում, ապա կալանավորում: Առանց քրեական գործի կարճման որոշումը վերացնելու նրան մեկ ամիս կալանքի տակ են պահում: Նման որոշում կայացնելու իրավունքը վերապահված է միայն Հանրապետության գլխավոր դատախազին` «այդպիսի որոշում կայացնելուց հետո վեց ամսվա ընթացքում», բացառությամբ այն դեպքերի, երբ նոր երեւան եկած հանգամամանքներ կան: Սակայն այս գործի քննությունը վերսկսվել է ոչ թե 6, այլ 13 ամիս անց եւ ոչ թե գլխավոր դատախազի, այլ` զինդատախազության քննիչ Ս.Հովհաննիսյանի, ապա ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից: Ըստ փաստաբան Զարուհի Դանիելյանի` որոշման մեջ նոր երեւան եկած հանգամանքներ չկան: Քննության ընթացքում թույլ են տրվել օրենքի էական խախտումներ, որոնք չեն կարող վերացվել դատաքննությամբ եւ փաստաբանը միջնորդել է գործը վերադարձնել լրացուցիչ քննության: Սակայն 2001 թվականի հուլիսի 3-ին Երեւանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանը Սամվել Բաղդասարյանին դատապարտում է 14 տարվա ազատազրկման` ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեղադրանքով եւ մի քանի այլ հոդվածներով: Կատարված հանցագործության մեջ Սամվելն իրեն մեղավոր չի ճանաչել: Մեղադրական դատավճռի հիմքում դրվել է նրա խոստովանական ցուցմունքները եւ դրանց հիման վրա Մարտակերտի դատախազությունում ստեղծված փորձարարության մասին տեսաժապավենը: ՀՀ Սահմանադրության եւ գործող օրենքների համաձայն «մեղադրյալը պարտավոր չէ իր դեմ ցուցմունք տալ: Մեղադրյալի վրա չի կարող որեւէ պատասխանատվություն դրվել իր տված ցուցմունքների եւ բացատրությունների համար»:

Հետագայում Սամվելը հրաժարվել է իր ցուցմունքներից` պատճառաբանելով, որ դրանք կորզվել են բռնություններով: Որ նա բռնությունների է ենթարկվել, հաստատել են նաեւ մյուս զինվորները: Ավելին, համապատասխան զեկուցագրից հետո քննիչը հեռացվել է աշխատանքից: «Հավաստի աղբյուրների, գործով վկաների, մեղադրյալի եւ օպերատիվ տվյալներով հաստատվել է, որ քննիչ Արամ Բաղդասարյանը քննության ընթացքում կիրառել է խորթ մեթոդներ: Իմ համապատասխան զեկույցից հետո նա հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից եւ գործը փոխանցվել է ՀՀ զինդատախազության վարույթ»,-փաստաբանի հարցմանն ի պատասխան գրել է ՊՆ վերահսկողության ծառայության արտակարգ դեպքերի բաժնի նախկին պետ Ռուբեն Մարտիրոսյանը, որը մասնակցել է քննության ընթացքին:

ՀՀ Սահմանադրությունն արգելում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը: Մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ կամ սպառնալիքով: Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազությունում խոշտանգումների փաստերն ուսումնասիրող դեռեւս 2001-ի հունիսին ստեղծված հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքը, սակայն չի անդրադարձել դատաքննական փուլում գտնվող 3 գործի, որոնցից մեկը վերաբերում է Քերոբ Մուրադյանի սպանությանը: «Դրանց հնարավոր է անդրադառնալ դատաքննության ավարտից եւ կողմերի ներկայացրած բողոքների քննարկումից հետո». եզրակացրել է հանձնաժողովը: Չի բացառվում, որ Սամվել Բաղդասարյանի նկատմամբ խոշտանգումների փաստերը հաստատվելու դեպքում էապես կփոխվեին դատական գործընթացները:

Անտեսված իրավախախտումներ

«Դատարանը դատավճռի պատճառաբանական մասում հենվել է քրեական գործի փաստական տվյալների վրա, որոնք ոչ մի կերպ չեն կարող եւ չեն ապացուցում մեր պաշտպանյալի կողմից սպանություն կատարելու հանգամանքը: Չկա գոնե մեկ ապացույց, որ հանցագործությունը կատարել է իմ պաշտպանյալը». ասում է Սամվելի շահերի ներկայացուցիչ Զ.Դանիելյանը: Փաստաբանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ իր պաշտպանյալի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել: Նախաքննական եւ դատաքննական նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարանն անտեսել է եւ չի անդրադարձել նախաքննական մարմնի կողմից թույլ տրված բազմաթիվ իրավախախտումներին: Քրեական գործում առկա են կատարված հանցագործությանը Ս.Բաղդասարյանի առնչությունը կասկածի տակ առնող ծանրակշիռ փաստեր:

Ո՞վ է սպանել Քերոբին

Եղբայրներ Արտյոմ եւ Քերոբ Մուրադյանները ծառայել են նույն զորամասում: Արտյոմը զորացրվել է, իսկ եղբայրը հասցրել է ծառայել ընդամենը 2 ամիս: Դեպքից մի քանի օր առաջ Քերոբին տեսակցության են եկել հարազատները (Արտյոմը նույնպես): Նրանց հետ միասին ճաշել, ժամանակ են անցկացրել այն զինծառայողները, ովքեր դեկտեմբերի 2-ին ծառայության են նշանակվել թիվ 110 հենակետում: Այդ գիշեր էլ հայտարարվել է «N1» մարտական դրություն, որի ժամանակ ծառայությունը ստուգելու նպատակով հենակետ են այցելել վաշտի հրամանատար Մելքոն Տոնոյանը եւ վաշտի ավագի պաշտոնակատար Սիրեկան Ամիրխանյանը: Վերջինս հրամանատարի կարգադրությամբ մնացել է հենակետում:

Մարտական դրությունը հանելուց հետո, հենակետում ծառայող 6 զինվորներից 2-ը` ժամը 6-ից 8-ը հերթափոխի կանգնած Հ.Գեւորգյանն ու Հ. Քյորօղլյանը գնացել են քնելու: Նրանցից հետո ժամապահ է կանգնել միայն մեկ զինվոր` Քերոբ Մուրադյանը, իսկ մյուսը` Օնիկ Ոսկանյանը շարունակել է հանգիստ քնել թե մարտական դրության ընթացքում, թե դրանից հետո: 5-րդ զինվորը` Մ. Նավասարդյանը ժամը 8-ին գնացել է մոտակա Սեյսուլան գյուղից ջուր բերելու եւ սովորականից ուշ է վերադարձել: Զինվորների վկայությամբ դրա համար պահանջվում է ամենաշատը 50 րոպե: Հենակետի ավագ Սամվելի պարտականությունն է եղել հետեւել զինվորների պարտականությունների կատարմանը, սակայն նա էլ է քնել:

Առավոտյան ժամը 10-ի սահմաններում նրան քնից արթնացրել է Օնիկը եւ հայտնել, որ ժամապահն իր տեղում չէ: Պարզելու համար Սամվելը դուրս է եկել բլինդաժից եւ ճանապարհին տեսնելով դիակը, մտածել է թե դա թշնամու արածն է, նկատի ունենալով նաեւ գիշերվա տագնապը: Սամվելը կարգադրել է զինվորներին վերցնել զենքերն ու կանգնել բլինդաժի մոտ: Այդ ժամանակ 109 հենակետի կողմից վազելով դեպի նրանց են եկել Ս. Ամիրխանյանն ու Մ. Նավասարդյանը: Քննությամբ պարզված չէ դեպքերի ժամանակագրությունը, պարզված չէ որտե՞ղ է եղել Ս.Ամիրխանյանը դեպքի պահին: Մ. Նավասարդյանի ցուցմունքները հակասական են: Չի պարզվել նաեւ, թե որքա՞ն է տեւել նրա ջուր բերելը, հենակետում նա տեսե՞լ է Քերոբին, ե՞րբ է Սիրեկանի հետ գնացել 109 հենակետ: Իսկ ժամապահ Գեորգի Գրիգորյանը վկայում է, որ նրանց տեսել է հենակետին հարող խճուղու վրա: Նա կրակոցներ է լսել 110 հենակետի կողմից ժամը 9-ին: Դատաքննությամբ հաստատվել է, որ հենց այդ ժամին է կատարվել սպանությունը:

Երկրորդ նախաքննության փուլում քննիչ Մ.Թորոսյանը «խիստ կասկածելի է» բնութագրում Միքայել Նավասարդյանի հակասական ցուցմունքները եւ չի բացառում, որ «դեպքին նախորդող պահին Նավասարդյանը տուժողի հետ միասին գտնվել է դեպքի վայրում` հակատանկային փոսում»:

Նախաքննության 3-րդ փուլում հայտնի է դառնում, որ Ս.Ամիրխանյանն ու Մ. Նավասարդյանը լքել են Հայաստանի տարածքը: Նրանք չեն հարցաքննվել նաեւ դատական 2 փուլերում:

Ինչո՞ւ սպանեցին Քերոբին

Ըստ դատավճռի` հանցագործության կատարման շարժառիթը Սամվելի եւ Քերոբի միջեւ այդ պահին տեղի ունեցած վեճն է եղել, որն, իբր ծագել է այն բանից հետո, երբ հենակետի պատասխանատուն տեսել է քնած ժամապահին: Փոխադարձ հայհոյանքներ են տեղացել միմյանց հասցեին եւ Սամվելը վերցնելով Քերոբի ինքնաձիգը կրակել եւ սպանել է նրան:

Հենակետում եղած բոլոր զինվորների, նաեւ վաշտի հրամանատարի վկայությամբ Քերոբն ու Սամվելը մտերիմներ են եղել: Զինվորական ծառայության ընթացքում նրանք երկուսն էլ բնութագրվում են դրական: Սպանության պահին Քերոբի հագին եղել է Սամվելի բաճկոնը, որը վերջինս նրան էր տվել հերթափոխի կանգնելիս տաք լինելու համար: Նրանք համագյուղացիներ են եւ ազգականներ: Հարազատների հորդորով Քերոբին իրենց հենակետ էր բերել Սամվելը, որի խնդրանքը չէր մերժել վաշտի հրամանատարը: Պատճառն այն էր, որ Քերոբին հաճախ էր նեղացնում «Սեւոն»` Ս.Ամիրխանյանը, որը զորամասի «ավտարիտետներից» էր: Քերոբի մահվան մասին իմանալով Սամվելը լաց է եղել` «հորեղբորս տղային են սպանել» Վաշտի հրամանատար Մելքոն Տոնոյանը առաջինը գալով դեպքի վայր Սիրեկանին ուղարկում է իր ծառայության հիմնական վայրը` 108 հենակետ: Որոշ ցուցմունքների համաձայն Սիրեկանը դեպքի վայր է եկել զենքով եւ հեռացել անզեն: Սպանության զենքը հայտնաբերված չէ, թեեւ դատարանը «իրեղեն ապացույց» է ճանաչել Քերոբ Մուրադյանին ամրագրված ինքնաձիգը: Այն զենքը, որով իբր կատարվել է սպանությունը:

Ծեծով կորզված ցուցմունքներ

Մարտակերտի զինդատախազության քննիչ Արամ Բաղդասարյանը հանցագործությունը «բացահայտելու» բազմաթիվ ձեւեր գիտի: Նա բերման է ենթարկում հենակետում եղած բոլոր զինվորներին, ծեծուջարդի, ծաղրի ենթարկում նրանց, ապա բոլորին գցում պատժախուց: «Իրար մեջ իմացեք ո՞վ է, եկեք ինձ ասեք». հանձնարարել է քննիչը: Պատժախցում պետք է որոշվեր, թե ո՞վ է իր վրա վերցնելու սպանությունը: Հարցը պիտի լուծվեր «ճշտով»: Նախաքննական առաջին ցուցմունքներում բացակայում է «Սեւոյի» անունը: Զինվորները վախեցել են նրա անունը տալ: Հենակետում «ավտարիտետի» կարգավիճակ է ունեցել նաեւ Օ. Ոսկանյանը: Պատահական չէ, որ նա Քերոբի հետ չի կանգնել հերթափոխի: Պատժախցում գտնվող 6 զինվորներից 2-ը «ավտարիտետներ» էին: Նրանք «գցել- բռնել են», թե ով պիտի իր վրա վերցնի սպանությունը եւ ի վերջո կանգ են առել Սամվելի վրա: Զինվորներից մեկը դատարանում ցուցմունք է տվել, թե ինչպես են Սեւոն ու Օնիկը ծեծել Սամվելին, որ նա հանձն առնի: Դրանից հետո քննիչ Բաղդասարյանը Սամվելին նստեցնում է մեքենա եւ տանում Շուշիի ուղղությամբ: Ճանապարհին նրան ասում է «փախիր, քեզ խփելու եմ» եւ կրակում է ոտքերին: Այսպես ահաբեկելով էլ կորզվել են Սամվելի խոստովանական ցուցմունքները: Այս մասին նախաքննական մարմնին եւ դատարանում ցուցմունքներ է տվել Սամվելը, ինչը հաստատել է Օնիկը: Սամվելի վրա այսօր էլ մնացել են խոշտանգումների հետքերը: Այս կերպ են ստիպել Սամվել Բաղդասարյանին խոստովանել իր «մեղքը»:

Ամբաստանյալի մեղքը չհաստատող ապացույցներ

Դատավճռով հիմք է ընդունվել փորձարարության մասին տեսաժապավենը: Այն տեւողությամբ 18 րոպե է, սակայն ընդհատվում է 6 անգամ` 4 րոպե ժամանակով: «Քննիչը ընդհատում էր, հուշում, հետո նոր շարունակում նկարահանումը», դատարանում պատմում է Սամվելը: Դեպքի փորձարարական նկարագրությունն ու փորձաքննական եզրակացությունները չեն համընկնում: Ըստ նկարահանած տարբերակի, կրակոցները կատարվել են 8-10 մետր հեռավորությունից, իսկ համալիր փորձաքննության տվյալներով` վնասվածքներն առաջացել են ընդհուպ կրակոցներից: Գլխին հասցված վնասվածքների նկարագրությանը չի համապատասխանում կրակոցների ուղղություններին եւ այլն: Ավելին, կատարված փորձաքննություններն էլ են հակասում միմյանց:

«Դատարանը ընտրել է փորձագիտական այն եզրակացությունը, որը հարմար է գտել: Հայաստանում չկա այն փորձագիտական կենտրոնը, որին կարելի է վստահել». ասում է ՊՆ նախկին աշխատակից Ռուբեն Մարտիրոսյանը: Դատարանը սպանությունը հաստատող ապացույց է համարել դեպքի վայրում հայտնաբերված 3 գնդակը, որոնցից մեկն, ըստ փորձագետի, ենթակա չէ հետազոտման, 2-ը կրակված չեն այն զենքից, որով կատարվել է Քերոբ Մուրադյանի սպանությունը: «Դեպքի վայրում հայտնաբերված 16 պարկուճները փաթեթավորվել են միասին: Պարզ չէ, թե որ պարկուճը որտեղից է վերցված: 5 պարկուճները կրակված են տուժողի զենքից: Պարզ չէ, թե ինչ զենքից են կրակված մնացածները: Վերջին փորձաքննությամբ դրանք կրակված են 8 տարբեր զենքերից, ընդ որում, ոչ զորամասի: Այդպիսի ծանրակշիռ փաստերը ուշագրավ չեն դիտվել դատարանի կողմից». ասում է փաստաբան Զ.Դանիելյանը: «Հայտնաբերված չէ այն զենքը, որով կատարվել է հանցագործությունը». հայտարարում է Ռ. Մարտիրոսյանը: Իսկ «Իրեղեն ապացույց» ճանաչված զենքի վրա չեն հայտնաբերվել Սամվելի մատնահետքերը: Քննիչ Մ. Թորոսյանը քրեական գործը կարճելու մասին որոշման մեջ հիմնավոր կասկածներ է հայտնում դեպքի վայրում հայտնաբերված մկրատի առնչությամբ: Նա ասում է, որ քրեական գործն ընդունել է առանց մկրատի: Այն վերագրվում է Սամվելին: Ավելի ուշ քննիչ Բաղդասարյանը խոստովանել է, որ մկրատը կորել է: Նախաքննության վերջին փուլում, սակայն, մկրատը կրկին հայտնվում է եւ ճանաչվում որպես իրեղեն ապացույց: «Մկրատը չի փաթեթավորվել, չի կնքվել եւ համապատասխան արձանագրություն չի կազմվել չափի, ձեւի կամ խազերի վերաբերյալ: Ինչպես համոզվել, որ այն դեպքի վայրում է հայտնաբերվել». ասում է փաստաբան Զ. Դանիելյանը:

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաղդասարյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացրել` չունենալով նրա մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ:

Ո՞վ է իրական հանցագործը

Սպանված զինվորի հայրը` Կորյուն Մուրադյանը համոզված չէ, որ իր որդուն սպանել է Սամվելը: «Ես ասել եմ եւ կասեմ. ինչո՞ւ ոչ մեկը չկա հրամանատարական կազմից: Ո՞ւր են նրանք». առաջին ատյանի դատարանում հարցնում է նա: Իսկ ՊՆ նախկին աշխատակից Ռ.Մարտիրոսյանին Կորյուն Մուրադյանը համոզմունք է հայտնել, որ իր որդուն սպանողը սպա է եղել եւ գիտի անգամ թե` ով:

Փաստաբան Զարուհի Դանիելյանը բողոքարկեց վերաքննիչ դատարան: Ամիսներ ձգվող դատավարությունը նոր բան չպարզեց: Միակ փոփոխությունը վերաբերում էր հայցապահանջի չափին: Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաղդասարյանից հօգուտ տուժողի բռնագանձել էր 5000 դոլարին համարժեք դրամ` հուղարկավորության, գերեզմանի կառուցապատման ծախսերը հոգալու համար, իսկ վերաքննիչը գտավ, որ 3000-ն էլ բավարար է: Մնացած ամեն ինչ անփոփոխ մնաց: Հայաստանյան դատարաններում հազվադեպ է դատախազության մեղադրանքը փոփոխության ենթարկվում:

«Վերաքննիչ դատարանի դատավճիռը շատ քիչ է տարբերվում առաջին ատյանի դատավճռից: Այդպես էլ չպարզվեց դատարանի դիրքորոշումը երկրից բացակայող 2 վկաների հարցում եւ գործում տեղ գտած բազմաթիվ հակասություններին: Դատավճռով այդպես էլ պարզ չդարձավ, թե 3 իրարամերժ փորձաքննական եզրակացություններից դատարանը ո՞րն է հիմք ընդունել». ասում է փաստաբանը: Վճռաբեկ դատարան բողոքով դիմել է ոչ միայն փաստաբանը, այլեւ` ամբաստանյալ Սամվել Բաղդասարյանը: 2002թ. մարտի 7-ին Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի որոշմամբ վավերացվեց 2 ատյաններով անցած դատավճիռը: Դատարանը «...ներքին համոզման հիման վրա հանգել է համապատասխան հետեւության...». շարադրված է որոշման մեջ:

Վճռաբեկ դատարանը նաեւ զինդատախազությանն ուղղված միջնորդությամբ է հանդես եկել, որով պահանջել է քրեական օրենսգրքի 4 հոդվածներով (265-ի «ա», 251, 252 եւ 268-ի «ա») քրեական գործ հարուցել «Սեւոյի»` Սիրեկան Ամիրխանյանի նկատմամբ: Հիմնավորումն այսպիսին է. «Լինելով «հեղինակություն» նա իր սեփական կանոններն է մտցրել գումարտակում, որն արտահայտվել է նրանով, որ ինքն է տնօրինել զինծառայողների ստացվող ծանրոցներն ու սննդամթերքը, ինքն է որոշել, թե ում որքան պիտի տրվի իր ստացած սննդից: Ստիպել է, որ արձակուրդից վերադարձած զինծառայողներն իրեն գումար տան: Այդ ամենը չկատարելու համար վիրավորել, ստորացրել եւ ծեծել է նրանց»:

«Դատախազությունը պարտավոր է հետախուզում հայտարարել եւ հայտնաբերել Սիրեկան Ամիրխանյանին,- ասում է Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահ Մհեր Խաչատրյանը,- նրա ցուցմունքներից շատ բան կպարզվի: Չի բացառվում սպանության հետ կապված նոր էական հանգամանքներ ի հայտ գան»: Իսկ Սամվել Բաղդասարյանը պետք է ուժեղացված ռեժիմի գաղութում անցկացնի այնքան ժամանակ մինչեւ հայտնաբերվի Սիրեկան Ամիրխանյանը եւ սպանության հետ կապված նոր հանգամանքներ հայտնի դառնան:

Առաջին անգամն է, որ դատական բարձրագույն ատյանն այսպիսի որոշում է ընդունում եւ արձանագրում, որ բանակում գոյություն ունեն «ավտարիտետ» հասկացություն եւ դրանից հետեւող ոչ կանոնադրային փոխհարաբերություններ: Սա մասնավոր դեպք կարող է թվալ, սակայն, որ այս երեւույթը բանակում համատարած բնույթ է կրում` դա արդեն փաստ է: Ցավոք բանակում գերակայողը չգրված օրենքներն են եւ ոչ թե հայտարարագրված կանոնադրությունները, որոնք ի ցույց են դրվում դատարաններում: Վիճակագրական տվյալները հաստատում են, որ բանակում խաղաղ պայմաններում հանցագործությունների մեծ մասը կատարվում են հենակետերում: Այստեղ սպայակազմի հովանավորությունը վայելող «ավտարիտետներն» են տեր ու տիրական: Նրանց թելադրած օրենքներն են գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter