HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Մարդիկ, մի գոռացեք, գնացեք փոխվեք. Կարեն Վարդանյան

Նոյեմբերի 15-ից Ստեփանակերտի «ԱՎԻՍ» բիզնես կենտրոնում մեկնարկել է մեկշաբաթյա դասընթաց, որն անցկացնում է ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը: Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր էր ներկայացնել բիզնես գաղափար: Թեկնածուների ընտրության չափանիշներն էին` հետաքրքիր գործարար գաղափարը, գործարարությամբ զբաղվելու ձգտումը և մոտիվացիան, նախնական գիտելիքները տեխնոլոգիաների բնագավառում: Դասընթացների երկրորդ օրը հանդիպեցինք Կարեն Վարդանյանի հետ:

Պարոն Վարդանյան, այս դասախոսությունների նպատակն ո՞րն է:

Ընդհանուր առումով` նպատակը Ղարաբաղում տեխնոլոգիական զարգացումն է: Այս ծրագիրը մենք սկսեցինք նախանցած տարի` Ղարաբաղում մեր առաջին կոնֆերանսն անելով: Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը երկրորդ կոնֆերանսն ենք անելու:

Նաև մեր հիմնական խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը միայն կենտրոնացած չլինի Երևանում, ինչի համար համապատասխան ծրագրեր ենք նախաձեռնել, օրինակ` Գյումրու տեխնոպարկը, շուտով Վանաձորի տեխնոպարկի ծրագիրը կաշխատի, Գորիսում արդեն տեխնոլոգիական ընկերություն է աշխատում: Այդ ծրագրի շրջանակի մեջ է մտնում նաև Ղարաբաղը: Եվ մեզ հաջողվել է այս երկու տարվա ընթացքում 7 ընկերություն հիմնել: Եվ ևս մի քանի ընկերության մասին կհայտարարվի կոնֆերանսի ժամանակ, որոնք կհիմնադրվեն Ղարաբաղում:

Բացի այդ` ձեռներեցների կարիք կա, ովքեր կարող են խնդիրներ տեսնել ու այդ խնդիրները տեխնոլոգիական եղանակներով լուծել: Դրա համար որոշեցինք մարզանք անել` նվիրված տեխնոլոգիական զարգացմանը: Ղարաբաղի մոտ 20 բնակիչներ են մասնակցում, ովքեր իրենց պրոեկտներն են ներկայացրել:

Մեր խնդիրն է` այս վարժանքին զուգահեռ քննարկել իրենց պրոեկտները: Հետո այդ պրոեկտներից լավագույննները կընտրեն, որից հետո լավագույն պրոեկտների շուրջ կմիավորվեն ու կշարունակեն դրանց վրա աշխատել: Վերջում այդ պրոեկտները Երևանից եկած ընկերությունների ղեկավարներին ներկայացնելու ենք և շատ հնարավոր է, որ նրանք մասնակցեն այդ պրոեկտներին կամ ֆինանսավորեն դրանք:

Նաև վարժանքի արդյունքում երիտասարդները կստանան գիտելիքներ` իրենց անձնական զարգացման, առաջնորդության ու թիմային աշխատանքի, մարքեթինգի  հետ կապված:

Ըստ Ձեզ` Արցախում հնարավո՞ր է ազատ բիզնեսով զբաղվել, երբ համարվում է, որ Արցախը տնտեսապես այդքան էլ ազատ չէ:

Բայց ո՞վ է ասել, որ անազատ երկիր է:

Օրինակ` սեղմված գազ ընդամենը մի քանի հոգի են ներկրում Արցախ:

Անգլիան, օիրնակ, նավթ ներկրելու առումով ազա՞տ երկիր է: Դու կարո՞ղ ես այնտեղ հանգիստ նավթ ներկրել: Կկանչեն ու կասեն, որ այստեղ «British Petroleum»-ն է նավթ ներկրում: Նույնը չես կարող անել ԱՄՆ-ում, որովհետև այնտեղ ամերիկական «Exxon Mobil» ընկերության կա: Այդ ընկերությունները կապված են կառավարության հետ:

Անպայման բոլորը պիտի գա՞զ ներկրեն:

Բայց սեղմված գազը Արցախում երկու անգամ թանկ է, քան Հայաստնում:

Թանկ է, քաղաքացիական հասարակություն զարգացրեք, թող քաղաքացիական և բիզնես հասարակությունը պայքարի` գինը երկու անգամ էժանացնելու համար: Դա ոչ թե սեղմված գազ ներկրողի մեղքն է, այլ պասիվ քաղաքացիական հասարակության:

Արդեն մի քանի տարի է՝ խոսվում է Արցախում կորպորատիվ կառավարման մշակույթ ստեղծելու մասին: Ի՞նչ կասեք սրա մասին:

Ես դրան չեմ հավատում: Մոտակա 5 տարվա ընթացքում ոչ Հայաստանում, ոչ էլ Արցախում նման բան չի լինելու: Ինքը սիրուն գաղափար է, բայց կորպորատիվ կառավարումը լայն բիզնես հասարակություն է ենթադրում: Միջին ու փոքր բիզնեսը շատ զարգացած պիտի լինեն, որ կորպորատիվ կառավարման խնդիր առաջանա: Դրա համար պետք է հիմք ունենալ: Դա նույնն է, որ շենքը տանիքից սկսես կառուցել:

Ըստ էության, Հայաստանում փայատիրական ձեռնարկություններ չկան կամ էլ շատ քիչ են: Կամ դրանք մեկ հոգու են պատկանում, կամ էլ փայատիրությունը ձևական բնույթ է կրում: Այս էտապում կորպորատիվ կառավարման մասին խոելն ավելորդ է:

Իսկ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն այս առումով հաջողված օրինակ է համարվում:

Դե մեկ օրինակ կարող է լինել, ինչը կոչվում է «պոտյոմկինյան գյուղ» (потемкинская деревня): Եվ դա չի նշանակում, որ պայմաններն այնպես են, որ կորպորատիվ կառավարումն այսուհետև զարգանալու է: Մի քանի կորպորատիվ կառավարմամբ ընկերություն ունենալը դեռ ոչինչ չի նշանակում:

Պարոն Վարդանյան, Ձեր դասընթացներում մեծ տեղ է հատկացված առաջնորդությանը և հոգեբանական բարդույթների հաղթահարմանը, իսկ դա բիզնեսում շա՞տ կարևոր է:

Իհարկե, կարևոր է: Մեզ մոտ սխալ պատկերացում կա, որ բիզնեսը փողն է: Իրականում բիզնեսը մարդկային հարաբերություններ են, իսկ մարդկային հարաբերությունները երկու հիմնաքար ունեն, որոնցից մեկը վստահությունն է:

Ինչո՞ւ են բիզնեսմենները հաջողակ: Որովհետև նրանք կարողանում են վստահելի ընկերություններ կառուցել: Իսկ վստահությունը ստեղծվում է անկեղծ հարաբերությունների միջոցով: Եթե ես անկեղծ եմ լինում, դուք էլ ինձ հետ եք անկեղծ լինում, ինչից էլ անկեղծության մթնոլորտ է ստեղծվում: Իսկ անկեղծ լինելու համար անհրաժեշտ է սեփական ներքինը լավ ճանաչել:

Ամեն ինչ սկսվում է սեփական առաքելության և սեփական ռազմավարության գիտակցումից: Պետք է գիտակցել սեփական առաքելությունն ու դրա վրա կառուցել սեփական ռազմավարությունը:

Մեր մյուս մեսիջներից մեկն էլ այն է, որ Արցախի երիտասարդները հասկանան, որ որպես այդպիսին` պրոբլեմ չկա` ի հակառակ մեր հասարակությունում տիրող լացուկոծի: Պրոբլեմը հնարավորություն է. որտեղ կա պրոբլեմ, այդտեղ էլ կա հնարավորություն: Բիզնեսմենը պետք է նկատի ուրիշի համար առկա պրոբլեմը` «վերքը», ու դա վերացնի, ինչն էլ իրեն, անշուշտ, օգուտ կբերի: Այսինքն՝ պրոբլեմին պետք է նայել որպես հնարավորության: Պետք է աշխարհին նայել այդ տեսակետով, ոչ թե լացուկոծի:

Եթե ոտքիդ ամեն անգամ քար է ընկնում, պետք է մտածել այնպես անել, որ չկրկնվի:

Այսինքն՝ երիտասարդության շրջանում տարածված կարծիքը, որ այստեղ ապագա չկա, անհի՞մն է:

Իմ խորին համոզմամբ` դա պարզապես արդարացում է` գործ չանելու համար: Մարդը պետք է գործ անի, իսկ գործ անելու համար առաջին հերթին պետք է աշխատի իր վրա, ինչն ամենադժվարն է: Ու քանի որ մարդը չի ուզում աշխատել, նա սկսում է գոռալ:

Մեր խնդիրներից մեկը հենց սա է՝ մարդիկ մի գոռացեք, գնացեք փոխվեք: Երբ մարդ ներքուստ փոխվում է, կարողանում է համագործակիցներ գտնել: Իսկ լացկան մարդու հետ ոչ ոք չի ուզում աշխատել:

Մեր լրատվամիջոցներն էլ իրենց հերթին երիտասարդին որպես զոհի են ներկայացնում… Երիտասարդը չի հավաքում իր նման երիտասարդներին ու համագործակցում, որովհետև դա դժվար է, իսկ գոռալը` հեշտ:  

Լուսանկարում՝ Կարեն Վարդանյանը (ձախից) եւ «ԱՎԻՍ» բիզնես կենտրոնի տնօրեն Վարդան Ավետիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter