HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երեւանի Փոքր Կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի hայեցակարգի նախագծի վերլուծություն

1. Նախառաջ  անհրաժեշտ է Հայեցակարգի նախաբանում մանրամասն ներկայացնել հիմնավորումը,  այսինքն` այն կոնկրետ դրդապատճառները, որոնք պատճառ են հանդիսացել սույն  հայեցակարգը  մշակելու անհրաժեշտության:

Ենթադրվում է, որ այդ  դրդապատճառները շատ են, և հիմնականում առնչվում են այն անօրինական, անկազմակերպ և անընդունելի շինարարական աշխատանքների հետ, որոնք կատարվել և կատարվում են Երևանում, որոնք ցայտուն են հատկապես և առավելապես Երևանի կենտրոնում:

Եթե այս կերպ ու այս տեմպերով շարունակվի Կենտրոնի կառուցապատումը, ապա  մենք շատ շուտով կանգ կառնենք Երևանի Կենտրոնի ամեն մի շենքի, ամեն մի կառույցի  պաշտպանության նպատակով, յուրաքանչյուրի համար` հատ առ հատ, նմանատիպ հայեցակարգ մշակելու անհրաժեշտության առջեւ:

Ելնելով օրինական և անօրինական շինարարության/կառուցապատման առկա տեմպերից  և միտումներից և ուղղորդվելով միմիայն Երևանի, մասնավորապես Կենտրոնի անվտանգության շահով, կարծում եմ` սույն Հայեցակարգը իր նպատակին կծառայի, եթե այն ունենա հստակ  կողմնորոշում՝ հետևյալ ուղղություններով.

նախ`  Հայեցակարգի 3-րդ  ծանոթագրությունում բերված ֆրանսիական օրինակով` Երևանի ամբողջ կենտրոնը անհապաղ հայտարարել «ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՍԵԿՏՈՐ», կամ` «ԱԶԳԱՅԻՆ  ԿԱՐԵՎՈՐՈւԹՅՈւՆ  ունեցող   քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ»/կետ21/», կամ` ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ կարևորության ԳՈՏԻ (չբաժանելով այն`«վերապահումով թույլատրելի ենթագոտիների» կետ28;29 ) և.

ա) Կենտրոնում կառուցապատման  իսպառ կոնսերվացում /չհաշված՝ վթարային իրավիճակները  և ընթացիկ վերանորոգումները/, գոնե ՝ առաջիկա որոշակի մի ժամանակահատված /3-ից 5 կամ 7 տարի/: Ինչից ելնելով` Հայեցակարգից պետք է հանել 28 կետը, իսկ 29 կետի 1-ին 5 տողը վերաձևակերպել հետևյալ կերպ.

- «Երևանի Փոքր Կենտրոնը  գնահատել որպես  «վերապահումով թույլատրելի» կառուցապատման գոտի», որում  քաղաքաշինական գործունեությունը կարող է իրականացվել  միայն բացառիկ դեպքերում», այնուհետև` ինչպես տեքստում:

բ) առկա ապօրինի կառույցների, կառուցապատման դեպքերի մեկ առ մեկ ցուցակագրում, բացահայտում /մասնավորեցնելով խախտման բնույթը, թույլտվության առկայության դեպքում՝ թույլտվություն տված գերատեսչության, պաշտոնատար անձի/անձանց բացահայտում, և այլն /;

գ) ապօրինությունները թույլ տված անձանց անխտիր պատասխանատվության կանչելու գործընթացի/մեխանիզմի հստակեցում:

Այլապես  (ստիպված եմ կրկնել). - «Կանգ կառնենք… Կենտրոնի ամեն մի շենքի, ամեն մի կառույցի  պաշտպանության նպատակով,  յուրաքանչյուրի համար  հատ առ հատ, ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՄՇԱԿԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ ԱՌՋԵՎ»:

2. «Երևանի Փոքր Կենտրոնի կառուցապատման Հայեցակարգի» նախագծի մշակման փաստն արդեն իսկ վկայում է, որ Երևանի կենտրոնի կառուցապատման աշխատանքներն իրենց մեջ վտանգ են պարունակում Երևանի ու երևանցու համար (դպրոցներին, մանկապարտեզներին կիպ կպած բարձրահարկերի կառուցում, անցյալ դարի  50-ականներին կառուցված  շենքերի տանիքներին նոր հարկերի ավելացում, պատմական շենքերի այլանդակում կամ իսպառ ոչնչացում, հորատման ու այլ շինարարական աշխատանքների պատճառով`սողանքների ու սեյսմիկ վտանգի ավելացում, և այլն): 

Ուստի Հայեցակարգի համար ելման կետ պետք է հանդիսանա հենց Երևանի առկա վիճակը, այսինքն՝  բոլոր առումներով  ուսումնասիրության  և  վերլուծության օբյեկտ պետք է հանդիսանա միմիայն Երևանը, քանզի հենց Երևանն է կանգնել այն աղետալի փաստի առաջ, որ այլևս հրատապ է նրա նկատմամբ կիրառել  «քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման մեխանիզմ» (Հայեցակարգի 13-րդ կետ):

 Չի կարելի Հայաստանում իրականացվող բարեփոխումներն ընդհանրացնել ու  տարածել Երևանի, առավել ևս` Երևանի  Փոքր Կենտրոնի վրա:

Եթե Երևանի Փոքր Կենտրոնում կառուցապատման ոլորտում բարեփոխումներ լինեին, ապա  սույն  Հայեցակարգի  անհրաժեշտությունը  չէր զգացվի:

Այս իսկ պատճառով, առաջարկում եմ  Հայեցակարգի նախագծի (այսուհետ՝ Հայեցակարգ) Ներածություն բաժնի 1 և 2 կետերը հանել:  Դրանք վերաբերում են Հայաստանին.

Դրանք կոնկրետ Երևանին չեն առնչվում, չեն վերաբերում և չեն կարող վերաբերել: Ինչպես ասենք ` Վայքի մաքուր օդն ու էկոլոգիան` Երևանին:

Դրա փոխարեն, որպես Ներածության 1 և 2 կետ պետք է դարձնել նույն Ներածության  5 և 6 կետերը՝ համապատասխանաբար:

 5-րդ կետի 2-րդ նախադասությունը ձևակերպելով հետևյալ կերպ. «Մինչդեռ անցած տարիների փորձը վկայում է, որ տարիներ շարունակ կենտրոնում իրականացվել են կառուցապատման աշխատանքներ, որոնք ոչ մի  ծրագրային, հեռանկարային, օրինական  փաստաթղթում  ներառված չեն եղել (այսինքն` եղել են ապօրինի), սակայն պարբերաբար, մտացածին եղանակներով, ասենք` «Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտում»  անվան տակ «օրինականացվել» են:

3. Նույն պատճառով  առաջարկում եմ  Հայեցակարգի  III  բաժինը հանել (այն վերաբերում  է Հայաստանին`ընդհանուր),  և  դրա փոխարեն՝ ուսումնասիրել, վերլուծել  և  նկարագրել Երևանում կատարվող, նախատեսվող  շինարարական, քաղաքաշինական  աշխատանքները կարգավորող իրավական դաշտը: 

Հայեցակարգում բացակայում է  հենց Երևանում կատարվող շինարարական, քաղաքաշինական  աշխատանքները կարգավորող օրենսդրության` իրավական ակտերի (ներառյալ քաղաքապետի որոշումները, թույլտվությունների տրման, տրամադրման կարգերն ու ընթացակարգերը, վերահսկման գործընթացը կարգավորող ակտերը, ՇՄԱՓ օրենքի համաձայն իրականացված հասարակական լսումների արդյունքները,  և այլն) վերլուծությունը և ըստ այդմ` համապատասխան հետևություններն ու եզրահանգումը (օրինակ` անօրինական կառուցապատումները հիմնավորող/արդարացնող  թույլտվությունների և դրանց հետագա օրինականացման վերաբերյալ):

Նշված բաժնից Երևան քաղաքին առնչվում են միայն 13, 16 և 19 կետերը:

Միաժամանակ, անընդունելի է` Երևանի փոքր կենտրոնին վերաբերող օրենքի դրույթները տարածել  Հայաստանի այլ տարածքների, բնակավայրերի վրա (կետ 25):

4. Հայեցակարգի  II  բաժնի  1-ին նախադասությունը մեկնաբանման խիստ կարիք ունի: Քանի որ այն` ամրագրելով իրականությունը, չի պարզաբանում` արդյոք, այսուհետ ինչ է լինելու կենտրոնի հետ: Այն մնալու է որպես բոլոր գործառույթներով «առավելագույնս» կենտրոնացված գոտի, թե` միգուցե, վարչական, ադմինիստրատիվ, կառավարման գործառույթներից ոմանք (օրինակ` արդարադատության կամ արտաքին գործերի  նախարարությունների  հեռացումը հրապարակից), կամ` բոլորը,  հեռացվելո՞ւ են նրա վրայից:

Եթե  նախատեսվում է, որ կառավարական բոլոր շռնքերը  պետք է որոշ ժամանակ անց  (ասենք` առաջիկա 5 տարվա ընթացքում) այլ նպատակի ծառայեն, և Երևանի Հանրապետության Հրապարակը դադարի ՊԵՏՈւԹՅԱՆ,  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ վարչական  ԿԵՆՏՐՈՆ  լինել  (ինչի շուրջ խոսակցություններն արդեն իսկ առկա են),  ապա.

Հայեցակարգը պետք է ՊԱՐՏԱԴԻՐ ներկայացվի համահանրապետական  հասարական լսումների, քանզի հենց միայն «Հրապարակի վերակառուցման»   առումով  ազդակիր համայնքի շրջանակն անհամեմատ ընդլայնվում է:  Գործող օրենսդրության համաձայն` առանց ազդակիր համայնքի դրական կարծիքի  Հայեցակարգը չի կարող ընդունվել: Առավելևս, որ Հայեցակարգի  ընդունումը պետք է ելնի «ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԻ հարատև   ԶԱՐԳԱՑՈՒՄ»-ը ապահովելու ազնիվ մղումից (ըստ  Հայեցակարգի 5-րդ կետի վերջին տողի):

Չմոռանանք` «ՓՈՔՐ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՐԱՏԵՎ  ԶԱՐԳԱՑՈՒՄ»-ը:

Ինչքա՞ն և մինչև  ե՞րբ կարող է զարգանալ Երևանի Փոքր Կենտրոնը,  միգուցե` մինչև անսահմանություն…

4.1. Հայեցակարգի  մշակման  ակնհայտ դրդիչներից մեկն էլ հենց Փոքր Կենտրոնի արդեն իսկ առկա գերուրբանիզացված վիճակն է:

Այդ իսկ պատճառով, կարծում եմ, ճիշտ կլիներ «գերուրբանիզացիայի միտումների  կանխարգելում»-ը  Հայեցակարգում դիտարկվեր և′  որպես նպատակ, և′ որպես խնդիր: Եվ որպես այդպիսիք, տեղադրվեր Հայեցակարգի II բաժնում, ունենար իր վերլուծությունն ու եզրահանգումը, և  դրա հենքի վրա նկարագրվեր հետագա  անելիքը:

Ոչ մի նպատակ ու խնդիր չի տեղադրվում օրենքի, հայեցակարգի կամ որևէ այլ իրավական ակտի վերջնամասում: Քննարկվող Հայեցակարգում, հուսամ` ոչ միտումնավոր կերպով, դրան  հպանցիկ անդրադարձել են գրեթե վերջում (IX բաժնում):

5. Մինչև Հայեցակարգի մանրամասներին անցնելը անհրաժեշտ է տալ Հայեցակարգում կիրառվող որոշ ելակետային տերմինների և հասկացությունների սահմանումը (ելնելով հենց Հայեցակարգի ենթատեքստից և իմաստից):  Օրինակ.

- մասնավոր շահ (կետ 16),

-«հավաքական մասնավոր շահ և հավաքական մասնավոր շահերի պաշտպանություն» (կետ 26.2-ի ծանոթագրություն)

- տարածական զարգացում,  տարածական պլանավորում կամ  տարածական ծրագիր (Փոքր կենտրոնի առումով) (կետ 19.3 և 19.7),

- նախագծերի մշակման իրավունքի ձեռք բերման մրցակցության գաղափարախոսության «կանոնակարգում» (կետ 19.4),

- քաղաքաշինական կանոնադրություն (կետ19.5),

- կառուցապատման ընթացք (կետ 20),

- քաղաքաշինական օբյեկտների կայունության ապահովում (կետ 26.9), մանավանդ` Երևանի Փոքր Կենտրոնում,

-հարևան սեփականատիրոջ անվերահսկելի գործունեություն (կետ 26.2-ի ծանոթագրություն)

-քաղաքաշինական հանրաքվե,

- շարքային կառուցապատում (Կենտրոնում! (կետ30),

- գերուրբանիզացման միտում (կետ26.9),

- հատվածային ձևափոխում (կետ 30.1),

- քաղաքաշինական անձնագիր (կետ 88.3)  և այլն:

6.Հայեցակարգի 20-րդ կետում «կառուցապատման ընթացքում» բառերը պետք է փոխարինել «կառուցապատման առընչությամբ» բառերով:

Որովհետև, եթե Հայեցակարգով նախատեսվող ապագա օրենքը միայն  «կառուցապատման ընթացքում» ծագող հարաբերությունները կարգավորելու նպատակ ունենա, ապա կստացվի, որ  կարգավորման կենթարկվեն  միայն, ասենք` Խանջյան փողոցում, Գետառի վրա, «Ջոս» ռեստորանային համալիրի մոտ  կառուցվող շենքում վերջերս ցավալիորեն տեղի ունեցած  փլուզման  առնչությամբ ծագած հարաբերությունների նմանները:

7. Առնվազն տարակուսանք է  առաջացնում Հայեցակարգի 26.4 կետը, ըստ որի` օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել «քաղաքաշինական փաստաթղթերի մշակման մասնագիտական բարձր որակի և լիարժեք հիմնավորվածության ապահովում, ինչպես նաև համակողմանի քննարկման արդյունքում հաստատվելուց հետո` դրանց անվերապահ իրագործում»:

Ի՞նչ է, Աջափնյակում կամ Էրեբունի զանգվածում կառուցապատման նպատակով մշակվող քաղաքաշինական փաստաթղթերը կարող են լինել ոչ մասնագիտական, կամ ոչ բարձր որակի ու չհիմնավորված:

Գործող օրենսդրությունը («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» (ՇՄԱՓ), «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքներ) վաղուց ի վեր պահանջել և պահանջում է քաղաքաշինական փաստաթղթերի համակողմանի քննարկում, համալիր փորձաքննություն, որոնց արդյունքներն էլ, բնականաբար և անվերապահորեն, պետք է հաշվի առնվեին և  ենթակա լինեին կատարման` ցայսօր:

Այն, որ գործնականում, իրականում, փաստացիորեն, առ այսօր այդ գործընթացը չի արվում, չի նշանակում, որ պետք է  Երևանի առանձին հատվածների, հետո նաև` Հայաստանի առանձին մասերի ու տարածքների համար այդ պահանջը կրկնել կամ շեշտադրել:

8. Տարակուսանք է առաջացնում նաև 26.10 կետը.- ըստ իս` Երևանի  Փոքր Կենտրոնում, կարծես թե,  հողամաս, որպես այդպիսին, չկա: Եթե այդպես է, ապա`ինչ խոսք կարող է լինել Փոքր Կենտրոնում «հողամասերի կառուցապատման» մասին:

9.  29, 68, 69,79   և այլ  կետերում «հանրային լսումներ»  հասկացությունը   անհրաժեշտ է համադրել  «հասարակական լսումներ» հասկացության և գործող օրենսդրությամբ (ՇՄԱՓ օրենք) պահանջվող հասարակական  լսումների  իրականացման գործընթացների հետ: 

10. Մեղմ ասած` «անհաջող» ձևակերպում է արված 30.1 կետում.- որով` նախ արգելվում է, չի թույլատրվում վերնահարկերի և տանիքների հատվածային ձևափոխումներ,  բայց և անմիջապես հենց այդ տողից հետո գրված է.-«նշված ձևափոխումներն իրականացնել…» և այլն:

11. Առանձնահատուկ սրտի ցավ եմ զգում Հայեցակարգի 33, 111  և հատկապես 33.1 կետը կարդալիս: Ըստ դրանց` հատուկ ուշադրություն պետք է դարձվի կանաչ տարածքների և լանդշաֆտի պահպանությանը` Կենտրոնում և դրան հարող բուֆերային գոտիներում: 

Նկատենք, որ աշխարհագրական ռելիեֆի ու  դրա, թեկուզ մասնակի, փոփոխությունների հետ կապված խնդիրների մասին,  Հայեցակարգում ընդհանրապես ոչ մի բառ չկա:

 Հաշվի առնելով այս վերջին հանգամանքը, ինչպես նաև լանդշաֆտի պահպանության, ավելի ճիշտ` Չը-պահպանության դառը իրականությունը,  չեմ կարող այստեղ ցավս չհայտնել ու չասել` խեեղճ իմ Դալմայի այգիներ: Դուք ոչ ռելիեֆ ունեիք, ոչ լանդշաֆտ, ոչ էլ հարում էիք Փոքր Կենտրոնին:

12. Կանաչ տարածքները, որպես հանրային օգտագործման տարածքներ մնալ-չմնալու, թողնել-չթողնելու  առումով հայեցակարգն ունի շաաատ վտանգավոր մի դրույթ:

*Սա այն դեպքն է, երբ քաղաքակիրթ երկրներում համապատասխան տեղում  գրում են “WARNING”:  Իսկ «հայկական» տարբերակով, այն գրվում է ծանոթագրության մեջ ու  ամենափոքր տառաչափով, որ ուշադրություն չգրավի, որ մարդիկ դրա վրայով անտարբեր անցնեն` դիտարկելով այն ոչ այնքան կարևոր, որ հետո այդ  դրույթի ուժով հանրությանը զրկեն  հերթական հանրային տարածքն իրենցը համարելու հնարավորությունից:

Խոսքս վերաբերում է  33.3. կետի ծանոթագրությանը, որը փորձում է ամրագրել այն գաղափարը, թե`«70 տոկոսից պակաս  կանաչ  ծածկույթ ունեցող հողամասերը  չեն  կարող ներառվել հանրային օգտագործման կանաչ տարածքների հաշվեկշռում»:

Որպես մտածելու օրինակ կբերեմ վերջերս հանրային քննարկման դրված Մանկական այգու վերակառուցման նախագծային փաստաթղթերում կանաչ  ծածկույթ ունեցող տարածքի չափը - 66.5 տոկոս:

13. Հաշվի առնելով այն, որ Հայեցակարգի  13-րդ ծանոթագրությամբ  պարզաբանվում է , որ «Հատուկ կարգավորման օբյեկտի (Փոքր Կենտրոնի) տարածքը Երևան համայնքի վարչական շրջան չի համարվելու, իսկ սահմանները չեն համընկնելու Երևանի վարչական շրջանների սահմանների հետ», այսինքն` քանի որ Փոքր Կենտրոնը դա մեկ վարչական շրջան չէ,  կարծում եմ, ճիշտ կլինի 87 կետում «Երևանի այլ վարչական շրջաններ» բառերը փոխարինել «Երևանի այլ տարածքներ» բառերով:

Միաժամանակ, առաջարկում եմ 13-րդ Ծանոթագրության դրույթը, որպես ելակետային դրույթ,  ներառել բուն Հայեցակարգում:

14. Հայեցակարգի 14-րդ ծանոթագրությունը պարունակում է դրույթ, որը հակասում է գործող օրենսդրությանը:

Ըստ  սույն ծանոթագրության՝ «առնչվող օրենքներում  լրացումներն ու փոփոխություննեըը օրենսդրական նախաձեռնության փաթեթում կներկայացվեն»  անհրաժեշտության դեպքում: Այնինչ գործող օրենսդրությունը միանշանակ պահանջում է, որ առնչվող օրենքներում և այլ իրավական ակտերում լրացումների ու փոփոխությունների նախագծերը ներկայացվեն օրենսդրական նախաձեռնության փաթեթում, միաժամանակ, առանց որևէ պայմանի:

15. Հայեցակարգն ունի նաև խմբագրման կարիք: Չեմ ուզում շատ ծավալվել այդ մասով, ուղղակի կբերեմ մեկ օրինակ. 111.5 կետի վերջին մասում գրվածը ` «վերոգրյալ խնդիրների կառուցվածքային չափորոշիչներին և ձևավորմանը ներկայացվող պահանջները…». հայերեն չի, խնդիրը չափորոշիչ և ձևավորում չի կարող ունենալ:

15.1. 111կետին անդրադառնալիս կուզենայի, որ այդ կետի 5 և 8 ենթակետերում` կատարվելիք աշխատանքներին, նյութերին ներկայացվող պահանջներին ավելացվի նաև «որակը»:

Այնուհանդերձ, փորձեմ ամփոփել ասելիքս:

Սույն Հայեցակարգի նախագծի ուսումնասիրման օրերին, ինձ հետաքրքրում էր նաև իմ այն ծանոթների կարծիքը, ովքեր քիչ թե շատ հետաքրքրված են Երևանի ճակատագրով:

1-ին խոսքը, որ ասել է  նրանց  մեծ մասը`ի պատասխան իմ` «Դուք ծանո՞թ եք «Երևանի Փոքր Կենտրոնի Կառուցապատման Հայեցակարգ»-ին» հարցին, եղել է նույնը,  գրեթե նույն բառերով. «Ինչ է, Կետրոնում դեռ կառուցապատման տե՞ղ կա»:

Ահա հենց այս հարցն էլ ես եմ ուզում տալ Հայեցակարգը մշակողներին, ովքեր հայեցակարգի 95-րդ կետով նախատեսել են հնարավորություն` «ներդրումային հայեցակարգերի մշակման մրցույթներ անցկացնել` Երևանի Փոքր Կենտրոնում   «նոր  կառուցվող… հրապարակների, թաղամասերի» համար: 

Խնդրում եմ պատասխանեք՝ Երևանի Կենտրոնում «նոր կառուցվող… հրապարակների, թաղամասերի»  համար տե՞ղ կա:   

Ռուզաննա Ղազարյան
«Դալմա-Սոնա»  հիմնադրամի  ՀԽ նախագահ,
Էկոլոգիական դաշինքի անդամ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter