HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Հայրենիքի սահմանները պաշտպանած կապիտանին դատում են 39 փամփուշտ պահելու համար

Մեղադրյալի աթոռին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի 57-ամյա բնակիչ Սերյոժա Ղուշչյանն է: Նա մեղադրվում է այն բանում, որ հայ-ադրբեջանական բախումների ժամանակ ձեռք է բերել, Բերդավանում գտնվող իր տուն է փոխադրել եւ առանց համապատասխան թույլտվության պահել է 14 հատ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի եւ 25 հատ «ՏՕԶ» տեսակի հրացանի 5.6 մմ տրամաչափի փամփուշտ:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները դրանք հայտնաբերել են այս տարվա մարտի 25-ին` Սերյոժա Ղուշչյանի տան խուզարկության ժամանակ: Սերյոժա Ղուշչյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ կիրառվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը:

Մայիսի 23-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյանի նստավայրում դատավոր Արման Կուրեխյանի նախագահությամբ սկսվեց սույն գործով դատավարությունը: Նախաքննության փուլում Ս. Ղուշչյանի շահերը պաշտպանել է հանրային պաշտպան Դավիթ Փարսադանյանը: Նա թեեւ ներկայացել էր դատական նիստին, սակայն լիազորված չէր Սերյոժա Ղուշչյանի շահերը դատարանում պաշտպանելու:

Դատավոր Ա. Կուրեխյանը դատը հետաձգեց` համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար, որպեսզի Դ. Փարսադանյանը` որպես հանրային պաշտպան, դատարանում կարողանա պաշտպանել Ս. Ղուշչյանին: Դատական առաջին նիստին 2 ոստիկան վկաներից եւ Ս.Ղուշչյանի հարեւան ընթերակա 2 կանանցից միայն մի ոստիկան էր ներկայացել: Սակայն հաջորդ նիստերին նրանցից ոչ ոք չներկայացավ դատարան, նաեւ իր բացակայությունը պատճառաբանող գրություն չներկայացրեց:

«Երբ ադրբեջանցիները ռմբակոծում  էին մեր տարածաշրջանը, պատասխան կրակի առաջին փամփուշտը ես եմ կրակել: Իմ «սիրելի» հարեւանուհիները դատարան չեն ներկայացել, քանի որ գիտակցում են իրենց մեղքը»,- դատական նիստից առաջ լրագրողիս ասաց հրետանային մարտկոցի նախկին հրամանատար Սերյոժա Ղուշչյանը: Նա նկատի ուներ, որ հարեւանուհիները, օրենքից պատկերացում չունենալով ստորագրել են իր տան  խուզարկության ակտի տակ:

Մայիսի 26-ի դատական նիստում փաստաբան Դավիթ Փարսադանյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել արագացված դատաքննության կարգ: Դատավոր Կուրեխյանը ամբաստանյալին  տեղեկացրեց, որ այդ դեպքում նա չի կարող բողոքարկել իր նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը: Այնուհետեւ դատարանն անցավ արագացված դատաքննության:

Դատարանը հետազոտեց Ղուշչյանի պատասխանատվությունը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները. Սերյոժա Ղուշչյանը զինվորական թոշակառու է, տառապում է շաքարային դիաբետով, սոցիալապես անապահով, ազատամարտի մասնակից է, 2004 թ. կապիտանի կոչումով զորացրվել է պահեստազոր, Հատուկ գնդի վետերանների միության անդամ է:

Դատարանին ներկայացված Երկրապահ կամավորականների միության Նոյեմբերյանի մասնաճյուղի ղեկավար Ռաֆիկ Ասլանյանի տված տեղեկանքում նշված էր, որ Սերյոժա Ղուշչյանը 1990-1994 թթ. ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան, Ոսկեպար, Բաղանիս եւ Կոթի գյուղերի պաշտպանությանը:

Բերդավանի համայնքապետարանի տված տեղեկանքում նա բնութագրվում էր այսպես. «համեստ, խելացի, պարտաճանաչ, վայելում է շրջապատի հարգանքն ու սերը»: Ներկայացված էր տեղեկանք, որ Ս. Ղուշչյանը հաշվառված է Նոյեմբերյանի պոլիկլինիկայի էնդոկրինոլոգիական բաժանմունքում, ամեն օր ինսուլին է ընդունում:

Նրա պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկային: Դատախազ Սպարտակ Անտոնյանը մեղադրական ճառի ավարտին միջնորդեց Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով Ս. Ղուշչյանին դատապարտել 6 ամսվա ազատազրկման, սակայն կիրառել Քր. դատ. օր.-ի 70 հոդվածը եւ պատիժը սահմանել պայմանական, 1 տարի ժամկետով: Ս. Ղուշչյանի պաշտպան Դավիթ Փարսադանյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել` պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար:

Փաստաբանի այդ քայլը մարտավարական բնույթ ուներ, որովհետեւ սպասվում էր Ազգային ժողովի կողմից համաներման հայտարարումը: Դատը վերսկսվեց մայիսի 31-ին, որի ժամանակ պաշտպանը դատարանին միջորդեց Ս. Ղուշչյանի նկատմամբ կիրառել ԱԺ-ի մայիսի 26-ին հայտարարված համաներումը եւ քրեական գործի վարույթը կարճել: Դատարանում այդ օրը որպես մեղադրող  հանդես էր գալիս դատախազ Արարատ Ազիբեկյանը:

Նա դատարանին միջնորդեց, որպեսզի դատարան ներկայացվի տեղեկանք այն մասին, որ անցած 10 տարում Սերյոժա Ղուշչյանի վրա համաներում չի տարածվել, քանի որ այդ դեպքում նա չի կարող օգտվել համաներումից: Դատարանը նիստը հետաձգեց մինչեւ հունիսի 3-ը, որպեսզի մինչ այդ ՀՀ ոստիկանության տեղեկատվական բազայից համապատասխան տեղեկանք ներկայացվի:

Իսկ արդեն հունիսի 3-ին վերոնշյալ տեղեկանքի հիման վրա դատարանը որոշեց Սերյոժա Ղուշչյանի նկատմամբ կիրառել համաներումը եւ գործի վարույթը կարճել: Գործ, որը կարող էր եւ չլինել:

Մեկնաբանություններ (2)

SUREN_ATENK
Lav en anum HATUK GNDI azatamartikin datum en, vorovhetev hankarc ete noric paterazm lini, Robert Kocharyani txanern u Cerj Cargsyani pesanern en gnalu turki dem kriv. Sranc anamotutyunn sahman chuni.
Gagik
Urax em vor mek mek karoxanum en chisht voroshum ardzakel,,,,Iravapahner@ lav klini hancagorcnerin brnen ajl voch te normal mardkanc

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter