HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակւում են Մարաղայի Ս. Յովհաննէս եկեղեցու վերանարոգման աշխատանքները

Թաւրիզ, Ազգային Առաջնորդարան: Նախկին հայաշատ Մարաղա քաղաքի կենտրոնական թաղամասում գտնւող Հայոց Ս. Յովհաննէս եկեղեցին ամբողջական վերանորոգութեան է ենթարկւում, Իրանի Իսլամական Հանրապետութեան պատմական յուշարձանների պահպանման հիմնարկութեան կողմից, գործակցաբար Ազգային Առաջնորդարանի:

Ուրբաթ 16 Նոյեմբեր 2012-ի առաւօտուն, հետեւելու համար վերոյիշեալ վերանորոգութեան աշխատանքներին, Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ` Գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեան, ընկերակցութեամբ Վանքերի Յանձնախմբի անդամների, այցելութիւն տւեց Մարաղա: Եկեղեցու մուտքին, Թեմակալ Առաջնորդը ընդունւեց պատմական յուշարձանների պահպանման պետական հիմնարկութեան տնօրէնի` Պրն. Փաշայիի կողմից: Ապա Հայր Սուրբը պաշտօնական հանդիպում ունեցաւ նրա, ու հիմնարկի այլ բարձրաստիճան պաշտօնեաների հետ, Եկեղեցու կից, ամբողջովին վերանորոգւած նախկին Հայոց Դպրոցի շէնքում, որը ներկայումս ծառայում է շրջանի վերոյիշեալ հիմնարկութեան իբրեւ կենտրոնատեղի:

Հանդիպման ընթացքում քննարկւեցին  կառուցման աւարտի թւականը, ցեխակերտ հին պատերի ամրացման մեթոտները, ներքին ծեփի վերականգնման կերպերը, երեք խորանների ու  դրանցից իւրաքանչիւրի կողքերուն գտնւող  խորհրդանոցների նախկին ձեւի պահպանման բծախնդրութիւնը,  ինչպէս նաեւ շրջափակում գտնւող Մարաղայում ծառայած բազմավաստակ հոգեւորականների  հանգստարանների վերադասաւորման կարելիութիւնները:

Ս. Յովհաննէս եկեղեցին 17-րդ դարի կառոյց է, բարձր գերանածածկ եւ գերանայեն  ձեղունով,  եւ  աղիւսախառն ցեխածեփ պատերով, ներքնամասը սպիտակ ծեփւած, բարձրադիր խորանաձեւ փորւածքներով, որտեղ հաւանաբար սրբանկարներ են տեղադրւել  անցեալում: Զանգակատունը յաւելւած է եւ շատ նոր կառոյց, բարերարութեամբ ժենիկ Թովմասեանի, ի յիշատակ իր ծնողաց, 1911թւին: Թաւրիզից 140 քլմ. հարաւ գտնւող Մարաղա քաղաքը շատ աւելի հին է քան Թաւրիզ, եւ Մոնղոլական տիրապետութեան ժամանակաշրջանում հռչակւել է Պարսկաստանի մայրաքաղաք:  Մարաղայում նաեւ բնակութիւն են հաստատել ասորիներ, որոնց մի մասը ժամանակի ընթացքում ձուլւել է հայոց մէջ, իսկ միւս մասը տեղափոխւել Ուրմիոյ շրջանը: Քաղաքը մեծապէս դէմ է դրել կաթոլիկ միսիոնարութիւններին, պահպանելով հայոց առաքելական ուղղափառ հաւատքը: 1960-ական թւերին Մարաղայում ապրում էին շուրջ 60 հայ ընտանիքներ, երբ գործում էր Ազգային Դպրոցը: Հայոց Եկեղեցու եւ նախկին հայաբնակ փողոցները մինչեւ այսօր կոչւում են «Արմանիստան»: Այսօր ո’չ մի հայ չի’ ապրում Մարաղայում: Դրանց մեծ մասը հաստատւել է Թաւրիզ, իր հետ բերելով տեղի բարբառը, ինչպէս նաեւ տեղական ազգային աւանդութիւնները: Յայտնենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ երջանկայիշատակ

Կաթողիկոսներից Գարեգին Ա. Յովսէփեանցի նախածնողները 1828-ին Մարաղայից գաղթել են Ղարաբաղ, որտեղ ծնւել է Երանաշնորհ Հայրապետը:

Մարաղայի շրջակայքում եղել են հայկական մի շարք գիւղեր: Դէպի Արեւմուտք` Փեհրեւա, ունեցել է եկեղեցի, եւ Օլիա անունով մի ուխտավայր:  Գարա-Վերան, Դարալըգ, որը  20-րդ դարի սկզբին ունէր  30 տուն հայ բնակչութիւն: Մարաղան բարեխառն իր կլիմայով, ցարդ նշանաւոր է իր ընտիր խաղողով, նուշով, ընկոյզով ու բոլոր տեսակի չոր մրգերով:

Թեմակալ Առաջնորդը Մարաղայում իր միօրեայ կեցութեան ընթացքում այցելեց նաեւ Հայոց Հանգստարանը, աղօթք մրմնջալով հարիւրաւոր տարիներ առաջ այնտեղ թաղուած  ննջեցեալների  հազարաւոր մեծ թէ փոքր տապանաքարերի վրայ, որոնց հարազատները պարագաների բերումով հեռացնել են Մարաղայից, հնարաւորութիւնը չունենալով այցելել իրենց նախնիներին: Հայր Սուրբը պատմական յուշարձանների պահպանութեան հիմնարկի պատասխանատուներից  նաեւ  տեղեկութիւններ ստացաւ թէ’ շրջակայ  գիւղերում, եւ թէ’ Մարաղայում հայկական նախկին կալւածների մասին, որոնցից ոմանք փոխանցւել են Ազգային Առաջնորդարանին: Այս առիթով, նա իր գնահատանքը յայտնեց համապատասխան պետական կառոյցին, որ նախանձախնդրութեամբ հետեւում է հայկական կրօնական ու մշակութային ժառանգութեանց, ո’չ միայն դրանց պահպանումը, այլեւ մեծածախս վերանորոգումը ստանձնելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter