HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ցմահ դատապարտյալներից և նրանց հարազատներից

Հարգելի ՀՀ քաղաքացիներ, պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, նոյեմբերի 20-ի խորհրդարանական լսումների մասնակիցներ, «Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներ 

Ուրախությամբ տեղեկացանք, որ ԱԺ-ում կազմակերպվելու են Քրեակատարողական հիմնարկներում և ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներ, իսկ մեկ օր անց՝ նոյեմբերի 21-ին իր աշխատանքներն է սկսելու «Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» թեմայով միջազգային համաժողովը: 

Մեր խնդիրների մասին միշտ ենք բարձրաձայնել, նորանկախ Հայաստանի գոյության 21 տարիների ընթացքում: Այդ խնդիրները, հավատացեք, շատ են. երկրորդ նախագահի 2003 թ-ի օգոստոսի 1-ի «ներման» հրամանագրի իրավական հետևանքներ, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ու պատժաչափերի վերանայման մեխանիզմների բացակայություն, ներման ինստիտուտի անգործություն, ինչպես նաև հասարակություն վերադառնալու մեխանիզմների անկատարություն: 

Չենք ցանկանում կրկնել ու դարձյալ մատնանշել այդ բոլոր խնդիրների հետևանքները առանձին-առանձին՝ քաջ գիտակցելով, որ այդ բոլոր հարցերը քննարկման նյութ կդառնան թե՛ խորհրդարանական լսումների, թե՛ միջազգային համաժողովի ժամանակ:  

Պարզապես չենք կարող չշեշտել, որ մեր խնդիրները, որոնք պարբերաբար բարձրացվում են նաև ԵԽ Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի կանխարգելման կոմիտեի կողմից՝ ՀՀ-ում ցմահ դատապարտյալների պայմանները որակվելով անմարդկայինին համարժեք, մնում են առանց լուծման: 

Առանց լուծման, ավելին՝ առանց պատասխանի են մնացել մեր կողմից՝ 12.500 ստորագրություններով ՀՀ նախագահին ու Հանրային խորհրդին` դեռևս 2009 թ-ին ուղղված դիմում-խնդրանքները: Այո՛, անցել է մոտ չորս տարի, բայց մենք այդպես էլ չենք ստացել որևէ պատասխան: Չբավարարված են մնում նաև մեր խնդրանքները ուղղված արդարադատության նախարարությանը՝ տեսակցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ խոսելով նրանց հետ մեր խնդիրների իրական պատկերի մասին: 

Թույլ տվեք մեր աջարկություններն ուղղել օրենսդրին. 

  1. 2011 թ. մայիսի 25-ին ուժի մեջ մտավ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Հիշյալ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի մեջ կատարվեց փոփոխություն՝ ըստ որի որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի' նախկինում 15 տարվա փոխարեն: Տարիներ ի վեր իրենց պատիժը կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, եթե դատապարտվեին Քրեական օրենսգրքի վերոնշյալ փոփոխություններից հետո, ապա նրանցից որոշների համար կարող էր ցմահ ազատազրկումը չսահմանվել որպես պատիժ: Այսինքն՝ ցմահ ազատազրկվածների դեպքում, օրենքի դրույթի այդ փոփոխությունը մեղմացնող է և այն պետք է ունենա հետադարձ ուժ: Մինչդեռ 97 ցմահ դատապարտյալներ այս փոփոխությունների հիմքով 2011 թ-ին դիմեցին դատարան, սակայն հոդվածների համապատասխանեցումից հետո պատժաչափերը մնացին անփոփոխ: Ուստի խնդրում ենք օրենսդրին այս օրենքում դարձյալ փոփոխությամբ ամրագրել, որ այն մեղմացում է նախկինում ցմահ ազատազրկման դատապարտվածների տեսանկյունից, որ պետք է անդրադարձ կատարվի մեր պատժաչափերի վերանայմանը:
  2. Պատժի առավելագույն չափը բարձրացնել մինչև 21 տարեկան կամ տարիքային առանձնահատկությունները հաշվի առնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ու ռեժիմների փոփոխման համատեքստում, ինչպես արվում է արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում: 104 ցմահականներից 15-ը 18-21 տարեկան երիտասարդներ, զինվորական ծառայության ընթացքում կատարած արարքների մեջ մեղադրվելով են դատապարտվել ցմահ ազատազրկման: Արդյոք պետությունն այս պարագայում չունի պատասխանատվության իր առյուծի բաժինը: Ուստի, առաջարկում ենք իջեցնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման շեմը, փոխոխել ռեժիմները՝ ելնելով տարիքային առանձնահատություններից, դատվածությունների քանակից, արարքի ծանրության աստիճանից: 

Ողջունում ենք խորհրդարանական լսումների և միջազգային համաժողովի բոլոր մասնակիցներին, օտարերկրյա հյուրերին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Եթե մեր հիշողությունը մեզ չի դավաճանում, սա առաջին անգամ է, որ ցմահ դատապարտման հետ կապված խնդիրները մեկտեղում են տարբեր երկրների փորձագետների: Հուսով ենք՝ միասին կգտնենք արդարացի լուծումներ, որոնք կբերեն վերականգնման ու վերադարձի ռեալ հնարավորություններ: 

Մաղթում ենք արգասաբեր աշխատանք

ՀՀ ցմահ դատապարտյալներ ու նրանց հարազատներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter