Փոխվարչապետի մոտ քննարկվեցին «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքի կիրարկման հարցեր
ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքի կիրարկման հետ կապված հարցեր:
Փոխվարչապետին զեկուցվեցին օրենքի կիրարկման արդյունքները նոյեմբերի 1-ի դրությամբ: Օրենքով սահմանված արտոնություններով` քաղաքացիները, մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը վճարելով հողի հարկի եւ գույքահարկի մասով 2008թ. հունվարից մինչեւ 2011թ. հունվարն ունեցած պարտքի մայր գումարը, ազատվում են նշված ժամանակահատվածի համար հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարումից: Նշվեց, որ նոյեմբերի 1-ի դրությամբ հողի հարկի մասով արտոնություններից օգտվել է 48 759, գույքահարկի մասով արտոնություններից` 42 243 քաղաքացի, ընդհանուր առմամբ համայնքային բյուջեներ է մուտքագրվել շուրջ 579 մլն դրամ:
Փոխվարչապետը մարզպետների, համայնքապետերի, քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց օրենքի նշված դրույթի վրա` հորդորելով օգտվել ընձեռված հնարավորությունից` մեկ անգամ եւս հիշեցնելով, որ արտոնությունների ժամկետը գործում է մինչեւ դեկտեմբերի 31-ը:
Նա միաժամանակ անբավարար համարեց օրենքի կիրարկման գործընթացը հողի հարկի մասով Շիրակի, Տավուշի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, գույքահարկի մասով` Լոռիի, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում:
Փոխվարչապետն ընդգծեց, որ այս քայլով հնարավորություն է տրվում մի կողմից գումարներ մուտքագրել համայնքային բյուջեներ, մյուս կողմից` քաղաքացիներին ազատել հետագա պարտքերի կուտակումից:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել