
Քաղաքապետարանը կարող է շինթույլտվություն տալ, իսկ բնակիչներն «ապօրինի կանաչապատել են»
Տերյան 54 ու 56 և Աղայան 19 շենքերի բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց շենքերի միջև ընկած միակ կանաչապատ տարածքում կարող են առևտրի տաղավարներ տեղադրվել: Տարածքում աճում են բնակիչների կողմից վաղուց տնկված խաղողի և այլ ծառեր, թփեր:
Աղայան 19 շենքի բնակիչ Ղուկաս Հարությունյանը «Հետքին» պատմեց, որ հոկտեմբերի 6-ին, երբ բնակիչները շաբաթօրյակ էին անում՝ մաքրելով ու խոտ ցանելով տարածքում, իրենց է մոտեցել երկու տղամարդ, որոնցից մեկը ներկայացել է որպես քաղաքապետարանի աշխատակից, բայց չի ասել իր անունը:
«Ապօրինի կանաչապատում եք անում, չի թույլատրվում, դադարեցրեք»,- բնակիչներին ասել է «քաղաքապետարանի աշխատակիցն» ու հավելել, որ կանաչապատելն իմաստ չունի, քանի որ միևնույն է՝ այդ տարածքում տեղադրվելու է մոտ 3 մետր բարձրությամբ, մետաղյա կոնստրուկցիաներից ու ապակուց 3 հատ տաղավար, արդեն կա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության դրական եզրակացությունը (քաղաքապետը շինարարության հարցը քննարկում է դրական եզրակացության տրվելուց հետո):
Ղուկաս Հարությունյանի խոսքով՝ բնակիչներն այդ օրը, միևնույն է, շարունակել են կանաչապատել ու մաքրել տարածքը:
«Հետքը» հարցում էր ուղարկել քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը տվե՞լ է դրական եզրակացություն կանաչապատ տարածքում կրպակներ տեղադրելու համար: Քաղաքապետարանից ստացված պատասխանում այս հարցը պարզապես շրջանցված է:
Միաժամանակ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը հաստատել է, որ «Տերյան 54-56 շենքերին հարակից հատվածի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը հայտ ստացել է, որը սակայն դեռևս քննարկման փուլում է»: Բայց վարչությունը անպատասխան է թողել ևս մեկ հարց. թե ո՞ր ֆիզիկական կամ իրավաբանական անձն է ներկայացրել հայտը:
«Խնդրո առարկա հատվածում քաղաքապետարանը շինթույլտվություն չի տրամադրել»,- տեղեկացնում է ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը:
«Եթե քննարկում են, ուրեմն շատ հնարավոր է, որ դրական եզրակացություն կա»,- ասաց Ղուկաս Հարությունյանը, ով մասնագիտությամբ շինարար է և նախկինում 20 տարի աշխատել է քաղաքապետարանում: Նրա խոսքով՝ հայտը քաղաքապետարանը ստացել է 2-3 ամիս առաջ, և այդ ընթացքում վաղուց կամ պետք է մերժած, կամ էլ դրական եզրակացություն տված լիներ: «Մաքսիմում մի ամիս է տևում: Իրենք ձգձում են, որ շինթույլտվության որոշում տան, հետո շինթույլտվություն»,- ենթադրում է բնակիչը:
Ղուկաս Հարությունյանի խոսքով՝ եթե քաղաքապետարանը թույլ տա տաղավարներ տեղադրել շենքերի միջև ընկած միակ կանաչապատ տարածքում, ապա բնակիչները կպայքարեն բոլոր միջոցներով՝ «մինչև կռիվ»: «Մենք հիմա փորձում ենք այնպես անել, որ թույլ չտա: Սկզբից ենք սկսել, որպեսզի կանխենք դա»,- ասում է նա:
Շենքերի բնակիչները հոկտեմբերի 10-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղարկել են կանաչապատ տարածքը որևէ մեկին չհանձնելու և տարածքում կրպակների տեղադրում չթույլատրելու պահանջով կոլեկտիվ դիմում: «Դիմումի պատասխանը Դուք կստանաք 30 օրվա ընթացքում»,- նշված է քաղաքապետարանի գրասենյակի ծանուցման մեջ: Արդեն անցել է 39 օր, սակայն Ղուկաս Հարությունյանի տեղեկացմամբ՝ բնակիչները քաղաքապետարանից դեռևս չեն ստացել դիմումի պատասխանը:
Նոյեմբերի 17-ին՝ Երևանում անցկացված աշնանային ծառատունկի ժամանակ, բնակիչները դարձյալ մաքրել ու կանաչապատել են տարածքը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել