HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Սաֆարյանը դիմել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետին

Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ստյոպա Սաֆարյանը նոյեմբերի 19-ին պաշտոնական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանին:

Դիմելու պատճառը ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պաշտոնական կայքում ընտրացուցակների բացակայություն է: Քարտուղարությունում մուտքագրվել է առձեռն հանձնված նամակը, որի ամբողջական բովանդակությունը բերված է ստորեւ: 

«Հարգելի պարոն գնդապետ,

Առաջնորդվելով ՀՀ Ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավորի թեկնածուին վերապահված իրավունքներով, ինչպես նաեւ` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, խնդրում եմ ինձ տրամադրել.

1. թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներով, 
2. Հայաստանի Հանրապետության ընտրողների ամբողջական ցուցակը էլեկտրոնային տարբերակով: 

2-րդ կետի կապակցությամբ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ամբողջական ցուցակի (ռեգիստրի) պահանջը պայմանավորված է հանրապետության տարբեր ընտրատեղամասերի ու թիվ 1 ընտրատարածքի տեղամասերի ընտրողների ցուցակներում հնարավոր կրկնությունները եւ անճշտությունները ստուգելու անհրաժեշտությամբ, քանի որ արդեն իսկ առկա են մեզ տրամադրված կոնկրետ ահազանգեր: 
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` ընտրողների ցուցակները հրապարակման ենթակա ու բաց փաստաթղթեր են, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է փնտրած տեղեկությանը ծանոթանալու եւ (կամ) դա ստանալու նպատակով տեղեկատվություն տնօրինողին դիմելու ու այն ստանալու յուրաքանչյուր անձի իրավունքը: 
Համագործակցության պատրաստակամությամբ`

Ստյոպա Սերյոժայի Սաֆարյան
Թիվ 1 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում պատգամավորի թեկնածու»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter